ԿարևորՀասարակություն

Աղքատությունը նվազել է, ծայրահեղ աղքատությունը՝ ավելացել

2021-ին Հայաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ կես տոկոսով նվազել է՝ կազմելով 26․5 տոկոս։ Ծայրահեղ աղքատ է Հայաստանի բնակչության 1.5%-ը։ 2020-ին այդ ցուցանիշը 0.7% է եղել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  աղքատությունն ավելի բարձր է գյուղական բնակավայրերում՝ 33 տոկոս, մինչդեռ 2021-ի դրությամբ աղքատ է քաղաքաբնակների 21․8 տոկոսը։

Հայաստանի ամենաաղքատ երեք մարզերը Գեղարքունիքը, Շիրակն ու Տավուշն են։ Այստեղ աղքատ է յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ աղքատության հաղթահարման միակ ճանապարհն աշխատանքն է։ Փորձագետները կառավարության ղեկավարի կարծիքը կիսում են, բայց հիշեցնում են նաև աշխատող աղքատների մասին։

Աղքատության մակարդակը նվազել է, ծայրահեղ աղքատությանը՝ ավելացել․ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-ի սոցիալական-տնտեսական իրավիճակի ցուցանիշերն ամփոփող զեկույցը։ Վարչապետն արձանագրում է․

«2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին կովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»։

48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։

Եթե 2020-ին աղքատության պարենային կամ  ծայրահեղ գծում գտնվողները  ամսական   23 828 դրամ ծախսողներն էին, ապա 2021-ին ծայրահեղ աղքատ համարվել են այն քաղաքացիները, որոնց ամսական  ծախսերը չեն գերազանցել 26 500 դրամը։ Աղքատության դրամային շեմը  ամսական 48 145 դրամն է։ Վիճակագրության համաձայն՝ աղքատությունն ավելի բարձր է գյուղական բնակավայրերում՝ 33 տոկոս, քաղաքաբնակների շրջանում այս ցուցանիշը 21․8 տոկոս է, Երևանում ավելի ցածր՝ 16 տոկոս։ Գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակի նվազման վրա ազդում է հողի սեփականություն ունենալ-չունենալու հանգամանքը։ 2021թ.-ին   հողակտոր չունեցող ընտանիքների շրջանում աղքատության մակարդակը կազմել է  38.1, իսկ հողակտոր ունեցողների շրջանում ՝ 25 տոկոս։  Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է։ 

«Եթե նկատի ունենանք, որ 2021թվականին Հայաստանում 5․7 տնտեսական աճ է գրանցվել, նաև հաշվարկների հիմքում ընկած սպառողական գների ինդեքսը կազմել է 7․2 տոկոս, ապա այս մակրոտնտեսական ցուցանիշերի պարագայում արձանագրվել է, որ 0․5 տոկոսով աղքատության մակարդակը նվազել է»։

Հայաստանում ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Գեղարքունիքը՝ 49 տոկոս ցուցանիշով։ Երկրորդ տեղում Շիրակն է՝ 46․9 տոկոս։ Հենց այս մարզերում է արձանագրվել նաև ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը՝  Գեղարքունիքում և Շիրակում համապատասխանաբար 5.8 և 5.2 %: Ուշագրավ է, որ Սյունիքում 2021-ին աղքատության մակարդակը կազմել է 2․8 տոկոս։ Սահմանամերձ այս մարզում 2020-ին աղքատությունը 6․1 տոկոս էր։  Սյունիքում  որոշիչ դեր ունի հանքարդյունաբերությունը՝ ասում է տնտեսագետը։ Այստեղ նաև միջին աշխատավարձի ցուցանիշն է ամենաբարձրը՝ ի հաշիվ հանքարդյունաբերությունում աշխատողների։  Մինչդեռ սահմանամերձ Գեղարքունիքում աղքատությունը շուրջ 12 անգամ ավելի մեծ ծավալներ ունի։

«Գեղարքունիքում յուրաքանչյուր երկրորդ բնակիչը աղքատ է։ Իրենք մեկ շնչի հաշվով մոտավորապես սպառում են 26 500 դրամ։ Սա մտահոգիչ թիվ է, աղքատության մակարդակի փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են ծայրահեղ աղքատները։ Նրանք ավելի արագ են արձագանքում։ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին շարունակում է աղքատ  մնալ։

ՀԲ զեկույցի համաձայն՝ աշխարհում ծայրահեղ աղքատների թիվը տարեկան ավելանում է՝ 700-100 մլն-ով։ Հայաստանյան վիճակագրության համաձայն՝ բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է տնային տնտեսություններում, որոնց անդամների համար արժանավայել աշխատատեղերը հասանելի չեն, իսկ տնային տնտեսությունների 35%-ը թերզբաղվածության խնդիր ունի։ Ավելին, Հայաստանում աղքատների գրեթե կեսը ներառված չէ սոցիալական աջակցության  որևէ ծրագրում։ Վիճակագրությունը հուշում է, որ եթե Հայաստանում սոցիալական տրանսֆերտների հոսքը դադարի, աղքատության ցուցանիշերը կարող են կրկնապատկվել։

Հայաստանի վարչապետը կարծում է, որ աղքատության հաղթահարման մեկ ճանապարհ կա։

«Մեր գաղափարախոսությունը, իմ համոզմունքը հետևյալն են՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական քաղաքականության մեր ռազմավարությունը, որովհետև աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք»։

Աշխատանքի ու սոցիալական  հարցերի նախարարը հստակեցնում է ՝ այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում   գործազրկության մակարդակը կազմել է  13 տոկոս, 2021-ին 14․5 տոկոս էր։

«Այս պահին միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքվարվել է 3260 փափուր աշխատատեղ։ Բայց ՎԿ տվյալներով՝ 2022թ երկրորդ եռամսյակի տվյալներով՝ 9200 թափուր աշխատատեղ կա։ 50 400 գրանցված գործազուրկ կա, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»։

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն արձանագրում է՝ Հայաստանում իսկապես աշխատատեղեր կան, բայց նաև հիշեցնում է՝ աշխատող աղքատների մասին։

«Մարդուն պետք է աշխատանքով ապահովել։ Բայց տեսնում ենք նաև, որ աշխատանքն էլ անհասանելի է։ Կարծում եմ, որ հիմնական պատճառը նոր մասնագիտություններին չտիրապետելն է, գիտելիքների պակասը։ Կրթության, առողջապահության ոլորտում շատ արագ տեմպերով ու մեծ ծավալով ներդրումներ կատարելը օրվա հրամայականն է»։

Կառավարությունում կարծում են, որ երկրում աղքատության կառուցվածքը վերլուծելու  և աղքատության հաղթահարման ռազմավարություն մշակելու կարիք կա։  Ակնկալում են նաև, որ նախատեսվող  ծրագրերը նպաստելու են աղքատության մակարդակի նվազմանը և  էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար։ Մինչդեռ   փորձագետները հորդորում են  տնտեսության «դրական շոկից» շատ չոգևորվել ու պատրաստվել տնտեսական աճի դանդաղմանը։ 

Back to top button