ԿարևորՀասարակություն

Անձնական օգնական պետք է, բայց նախագիծը թերի է․ հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց համար նախատեսվածի մասին

Հայաստանում հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 անձանցից 2500-ը հնարավորություն կունենա օգտվել անձնական օգնականի ծառայությունից: Պետությունը պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդնել անձնական օգնականի ինստիտուտը: Ծառայությունը մատուցվելու է պետբյուջեի միջոցներով: Նախնական հաշվարկով`  կպահանջվի 5 մլրդ դրամ։

Հաշվարկն ըստ ժամավճարի է՝ 1 ժամվա համար 1050  դրամ։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կարվեն ընդունված կարգում։ Բայց ծրագրի հետ կապված արդն կան որոշակի դիտարկումներ ու վերապահումներ։

Անձնական օգնականի ծառայության նախագծին հաշմանդամություն ունեցող անձինք երկար են սպասել։ Դեռ հանրային քննարկման փուլում, որին մասնակցում էին․ որոշ թերություններ նկատել էին, բայց ընդհանուր առմամբ ընդունելի տարբերակ էր։ Բայց օրեր առաջ ընդունված վերջնական որոշումը զգալիորեն տարբերվում էր հանրային քննարկման ներկայացված նախագծից։ Կան կետեր, որոնք նույնիսկ չեն էլ քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հաղորդակցության համակարգող Սիփան Ասատրյանը։

«Անձնական օգնականի ծառայությունը և անձնական օգնականն, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձի կողմից ընտրված անձ է, որը պետք է հնարավորինս նպաստի հաշմանդամություն ունեցող անձի անկախ կենցաղավարմանը։ Անձնական օգնականը պետք է լինի վստահելի մարդ հաշմանդամություն ունեցող անձի կողմից, և ոչ թե պատահական ինչ-որ մեկը։ Մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձը չի կարողանալու ընտրել իր ուզած մարդուն իբրև իր օգնական, և անկախ կյանքի կենտրոնների կողմից է նշանակվելու այդ օգնականը, որը վերապատրաստված անձ է լինելու։ Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձը պետք է որոշի՝ ինչպիսի աջակցություն է իրեն պետք։ Օրինակ՝ ես չտեսնող եմ։ Ես պետք է որոշեմ, սովորեցնեմ, վերապատրաստեմ, թե ինչպես ինձ ուղեկցեն կամ ինչպես պետք է ինձ օգնեն սեղանից օգտվելիս»։

Տեսողական խնդիրներ ունեցող Սիփան Ասատրյանն անձամբ այս ծառայությունից չի օգտվելու։ Ըստ կառավարության որոշման՝ դրա շահառու կարող են դառնալ միայն առավել կարիքավոր անձինք։ Նախարարության հաշվարկով` այս պահին նման հնարավոր շահառուների թիվը 2450 է։ Փաստացի՝ շուրջ 200 հազար հաշմանդամություն ունեցող անցանց ընդամենը 1 տոկոսը։

«Կարծում եմ՝ ես չեմ տեղավորվելու սոցիալական անապահովության այդ 10-28 բալի սահմաններում ։ Որովհետև ես աշխատում եմ, ընտանիքիս անդամները ևս աշխատում են։ Բայց շատ հաճախ պետք է լինում անձնական օգնական։ Եվ եթե կարծում են՝ ես կարող եմ վճարել դրա համար, հավատացեք՝ հնարավոր չէ։ Ամսվա մեջ միգուցե մի քանի անգամ ինձ պետք լինի։ Եվ հենց այն պահին, երբ ինձ պետք լինի, բնականաբար, ես չեմ կարողանա միանգամից մարդ գտնել, վճարել։ Հաշմանդամություն ունեցող անձն այնքան լրացուցիչ ծախսեր է ունենում։ Եթե, օրինակ , հաշմանդամություն չունեցող մարդը 1000 դրամով է տեղից տեղ տեղափոխվում, սայլակից օգտվող անձը իր համար մատչելի տաքսի ծառայությունից օգտվելու համար պետք է վճարի 10-15 հազար դրամ։ Կապ չունի՝ Աբովյան փողոցից գնում է Թումանյան փողոց, թե Աբովյանից բարձրանում է Նոր նորք։ Կապ չունի՝ հաշմանդամություն ունեցող անձը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, թե 28 հազար դրամ կենսաթոշակ, բազմաթիվ ավելի ծախսեր է իրականացնում»։

Հաշմանդամ անձանց կողքին կանգնելու փոխարեն այս որոշմամբ իրականում ոտնահարվում են մեր իրավունքները՝ վրդովվում է զրուցակիցս և ընդգծում՝ որոշում կայացնելիս լավ կլինի նախ քննարկել շահառուների հետ։ Իր հերթին Աշխատանի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը շեշտում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները տարբեր են, հետևաբար, նրանց մատուցվող անձնական օգնականի ծառայությունը պետք է լինի կոնկրետ՝ յուրաքանչյուրի կարիքներին համահունչ։

«Ծառայությունները երեք բաղադրիչ են ունենալու՝ խնամք, ուղեկցում, իրավունքի իրացման կարիքներ։ Մեկին, օրինակ, աջակցության կարիք է լինելու տանը, որ ճիշտ ժամանակին ընդունի իր դեղահաբերը, մյուսին պետք է օգնել աշխատավայր ուղեկցելու հարցում, մեկ այլ անձ կարիք կունենա իր համար գնումներ կատարելու և այլն: Մյուսների դեպքում էլ կարիք է լինելու երեխաներին ուղեկցել դպրոց և ապահովել կրթական գործընթացում ներառվելու իրենց իրավունքը»։

Կառավարության որոշմամբ՝ շահառուները ամենակարիքավոր խումբն են. անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, հայտնում է փոխնախարարը․

«Ովքեր ունեն 10 և ավելի ժամ խնամքի կամ անձնական օգնականի կարիք, խնամքը իրականացնելու հնարավորություն կունենան հարազատները, բայց դարձյալ պատշաճ վերապատրաստում անցնելուց հետո։ Վճարման սկզբունքը լինելու է ժամավճարը՝ առայժմ 1050 դրամ, որը հնարավոր է վերանայվի»։

Եթե այդ չափով ժամավճարը պահպանվի, ապա մոտ 5 մլրդ դրամ բյուջեից կնախատեսվի այս կարիքների համար:

Նոր կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչ այդ որոշ համայնքներում այն կփորձարկվի։ Նպատակը  մեխանիզմների գործունակությունը ստուգելն է, գուցե բարելավելու կարիք լինի՝ չեն հերքում գերատեսչությունում։

Back to top button