ԿարևորՎերլուծական

Սպառնալիքներ՝ փաթեթավորված որպես խաղաղասիրություն․ Բաքուն այս անգամ նոր ճանապարհի հարց է խաղարկում

Ադրբեջանն ու Թուրքիան ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են, սադրում, պահանջներ ներկայացնում: Այդպիսի հայտարարություններ հնչեցնում են երկու երկրների բարձրագույն ղեկավարները՝ իրենց զավթողական նկրտումները քողարկելով մարդասիրական հայտարարությունների ներքո:

Ադրբեջանի նախագահը նախօրեին հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, քննարկեցին տարածաշրջանային հարցեր, հավատարմության երդում տվեցին միմյանց: Մինչ այդ Թուրքիայում էր Ադրբեջանի ԱԳՆ-ը: Այցերը տարբեր էին, հայտարարությունները՝ նույնաբովանդակ: Այս անգամ Ջեյհուն Բայրամովը նոր հայտարարություն է արել՝ ուղիղ ուղղված Երևանին և անուղղակի՝ Թեհրանին:

 Բայրամովի նետած նոր խայծը. սլաքները՝ դեպի Երևան և Թեհրան  

Ադրբեջանաթուրքական քողարկված սպառնալիքները՝ ուղղված Հայաստանին, լավ փաթեթավորված են միջազգային չափանիշերով և խաղաղասիրության ձևակերպումներով: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մի ձեռքով նախ դարձյալ անարդարացիորեն մեղադրել է Հայաստանին նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար և կրկին պահանջել Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը, նաև պնդել, թե Հայաստանը ձգձգում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչը բխում է եռակողմ հայտարարությունից: Իսկ պաշտոնական Երևանը միշտ է հայտարարել, որ մերժում է միջանցքային տրամաբանությունը։

Ավելին, Բայրամովն այս անգամ ևս փաթեթավորել է Բաքվի սպառնալիքը՝ հաճոյանալով և միջազգային հանրությանը, և Թեհրանին․ «Բաքուն ունի Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության այլընտրանք՝ Հայաստանը շրջանցելով և Իրանի տարածքով կամրջով կապվելով Նախիջևանի հետ, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից »՝ խաղաղասիրություն է խաղարկել Բաքուն։

Հին ճանապարհը նոր ներկայացնելու Բաքվի նպատակները.

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, վերլուծելով Բայրամովի հայտարարությունը, նախ արձանագրում է, որ Իրանով դեպի Նախիջևան ճանապարհը նախկինում էլ եղել է, ավելին, իրանական կողմը ելումուտի համար ադրբեջանցիներից մաքսատուրք չի գանձել: Իրանագետն ինքն այդ ճանապարհով անցել է, նկարագրում է՝ այն գոյություն ունի դեռ ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտին հայկական կողմի ազատագրումից ի վեր։

Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքից։

Իրանագետ Նվեր Դավթյանը նույնպես ասում է, որ այդ ճանապարհը գործել է, իսկ այս հայտարարությունը դիվանագիտական ճնշում է. «Սպառնալիք կգնահատենք թե՞ ճնշում: Այդ ճանապարհը գործել է 1990 ականներից, սա փորձում են այսպես ներկայացնել, որ եթե մեզ ճանապարհ չեք տրամադրում մենք այսպես կգնանք: Դուք եք զրկվելու: Գայթակղիչ կողմն է տնտեսական հաշվարկների տեսանկյունից, որ ՀՀ-ի համար շահավետ է, մյուս կողմից էլ ռազմաքաղաքական ճնշումներ են կիրառում, որ եթե այսպես չանեք  սա է լինելու»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե արդեն մեկնարկել է Արաքս գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը, հավելել, թե Հայաստանը ուզի-չուզի՝ այդ նախագիծը կյանքի կկոչվի, «պարզապես Հայաստանին շանս է տրվել դուրս չմնալ տարածաշրջանային  գործակցությունից, և եթե Երևանը սխալ որոշում կայացնի, կվնասի ինքն իրեն»։  Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարությունը խաբեություն է որակում, Նվեր Դավթյանն էլ հավելում է՝ Բաքվի նպատակը մեկն է՝ կյանքի կոչել «Զանգեզուրյան միջանցքը»:

«Որտեղով ցանկանում են թող գնան գան:  Մենք նույնպես մեր ճանապարհը առաջարկել ենք, և ի՞նչ կարգավիճակով կարող են ՀՀ-ի ճանապարհից օգտվել: Զանգեզուրը ռազմավարական նշանակություն ունի և Հայաստանի համար, և Իրանի»:

Ադրբեջանական դիվանագիտության թուրքական երեսը

Տարածաշրջանային փորձագետ Հարութ Արթին-Առաքելյանը հարցն այլ տեսանկյունից է վերլուծում, կարծում է, որ այս հայտարարությունը խայծ չէ, ուղղակի Ադրբեջանը փորձում է օգտվել տարածաշրջանում իրեն ընձեռված հնարավորությունից և Իրանին հարաբերությունների կարգավորման ուղերձ է հղում, քանի որ  սպառնալիք է տեսնում իրանական կողմից: Բայց  որ այս հայտարարությամբ Ալիևը հրաժարվի «Զանգեզուրի միջանցք» անվանվող իր մոլի նկրտումներից՝ ոչ:

«Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուր 1-ը»-ը Հայաստանով անցնող ճանապարհն է, իսկ Իրանով անցողը Ալիևն անվանեց «Զանգեզուր 2»։ Նախ փորձում է Իրանի հետ հարաբերութունները կարգավորել, չթշնամացնել, քանի որ երկուստեք հարաբերությունները բարվոք չեն: Չենք կարող ասել՝ խայծ է, մեզ են ցանկանում խաբել, բայց  փորձ են անում ցույց տալ, թե տարածաշրջանում դերակատար են, և դա ցանկանում են ցույց տալ նաև ՌԴ-ին»:

Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան այս կերպ նաև ցանկանում է, որ Իրանը ճանապարհային կախվածության մեջ լինի թուրքական երկրներից: «Թուրքական դաշինքին ձեռնտու է, որ Իրանը կախվածութուն ունենա իրենցից»,-ասում է փորձագետը և նշում՝ Թեհրանի հայտարարությունը, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել իր տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովելու համար, քայլ էր՝ մեղմելու տարածաշրջանային լարվածությանը:

Վերադառնալով Բայրամովի հայտարարությանը՝ նկատենք՝ դիվանագետը թուրքական լրատվամիոջներին ասել էր, թե «Հայաստանը ձգձգում է Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը»։

Ադրբեջանաթուրքական կեղծ թեզերը

Առաջին կեղծ թեզը հետևյալն է՝  ապաշրջափակենք Հարավային Կովկասը՝ տարածաշրջանում տնտեսական աշխուժություն ապահովելով: Սա իրականում Հայաստանով «միջանցք» ստանալու տանդեմի նպատակն է, ինչին ընդդիմանում է հայկական կողմը՝ հստակեցնելով՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի  ողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ կեղծ թեզը խաղաղություն հաստատելու  պնդումն է, որին զուգահեռ Բաքուն սադրում է սահմանին, խախտում հրադադարը, ներխուժում ՀՀ սուվերեն տարածք։ Բայց իր սպառնալիքները՝ փաթեթավորված որպես խաղաղասիրություն, նաև երբեմն հաջողում է միջազգային հանրությանը մատուցել որպես այդպիսին՝ մոլորեցնելով անգամ խնդրի կարգավորմանը միջնորդել փորձող կողմերին։ 

Back to top button