ԿարևորՀասարակություն

Ծառուկյանը կլսի ոչ թե եկեղեցուն, այլ պետությանը

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման շուրջ քննարկումները նոր շրջափուլ են մտել։ Նախ քննարկվում էր՝ որ քանդակագործի, որ արձանը կտեղադրվի Հայաստանում, հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է տեղադրել, իսկ հիմա՝ արդյո՞ք կարելի է տեղադրել այն վայրում, որում նախատեսվում է։ Քննարկման մասնակից են բոլոր կողմերը՝ կառավարություն, եկեղեցի, զբոսավարներ ու զբոսաշրջիկներ, քանդակագործներ ու մշակութաբաններ։ Մինչ քննարկումները շարունակվում են, «Ծառուկյան» հիմնադրամը խոստանում է սպասել, իսկ կառավարությունը՝ արագ որոշում կայացնել։ Ստորև արձանի «լինել, թե չլինել» քրոնիկոնն է։

ԿԳՄՍ-ն դեմ է

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար կսպասի պատկան մարմինների մասնագիտական եզրակացություններին ու թույլտվությանը։ Հսկայական արձանի գաղափարն իր չափերին համապատասխան աղմուկ բարձրացրեց, հնչած փաստարկներին ու հակափաստարկներին ի պատասխան հիմնադրամը տարածեց հայտարարություն խոստանալով՝ կսպասենք․

«Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել ասելով՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարն ընդունելի է, տարածքի ընտրությունը՝ ոչ։ Պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը։

https://www.facebook.com/minESCSarm/posts/345853911070163

Գագիկ Ծառուկյանն իր գաղափարի իրականացումը Հատիս լեռան գագաթին է պատկերացնում․

«Ամբողջ Հայաստանը երևում է այստեղից, դիրքը, տեղը, և Երևանը, և ասենք թե Մասիվ, Զեյթուն, Քանաքեռ, Մասիսը, Արագածը, ամեն ինչ երևում ա, դրա համար, ասենք թե, ամենաճիշտը, որ բոլոր տեղերից պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»։

Հատիս լեռան տարբեր հատվածներում առկա են մոտ 20 պատմահնագիտական վայրեր և կոթողներ։ Լեռան գագաթին նախնական տվյալներով կա բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց։ ՀՀ մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր արգելում են նման տարածքներում այնպիսի գործունեությունը, որը կարող է խաթարել մշակութային ժառանգության պահպանությունը։

Հուլիսի 7-ին ԿԳՄՍ-ն դեմ չէր

ԿԳՄՍ նախարարը նախընտրել է այս հարցին անդրադառնալ ոչ թե հուլիսի 7-ին՝ կառավարության նիստի ընթացքում, այլ 3 օր անց՝ հայտարարությամբ։ Այս հայտարարությանը նախորդել էր կառավարության հավանությունը՝ խոսքով ու գործով։ Առաջինը՝ խոսքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց․

«Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ ինքը էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար ու նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն, մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա, էդ որոշումները կկայացնենք ու պրոցեսը առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»։

Իսկ գործը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանինն էր։ Նա ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմնարկեքի արարողությունը և շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին այնպիսի ներդրման համար, որը զբոսաշրջային մեծ հոսք կապահովի։

«Իրոք շռնդալից ու մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում և, բնականաբար, մենք ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ ու առանց խոչընդոտների իրականություն դառնա»

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այս իրադարձություններից օրեր անց հայտարարություն տարածելուց հետո լրագրողներին ասում է՝ դեռ կառավարության նիստում, իհարկե, գիտեր, որ արձանը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան վրա․

«Ես անձամբ ներկա եմ եղել, բոլորդ էլ լսել եք, արձանագրված է, կա, ոչինչ փոխված չի, կենդանի հաղորդումը կա առանց մոնտաժի և էնտեղ վարչապետն ասել է և կառավարության նիստում հնչում է Հատիս անունը»։

Եկեղեցին ի սկզբանե էր դեմ

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սպասում է պատկան մարմինների թույլտվությանը։ Եկեղեցու կարծիքը, սակայն, կարծես անտեսվեց։ Դեռ մարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ գերագույն հոգևոր խորհուրդը հայտնել էր՝ արձանը հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

«Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմայի մասին իր կարծիքն է հայտնել նաև Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանը․

«Որպես հայ մարդ, հոգևորական ու եպիսկոպոս, աղաչում, խնդրում, պահանջում եմ, ի սեր Աստծո, դադարացրե՜ք այս ծրագրի իրագործումը։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ կավելացնի մեր հավատքը, ո՜չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՜չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը․․․․ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ»։

Աշխարհիկ աշխարհը ևս դեմ է

Ծավալուն հայտարարություն է տարածել Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան, որը, ըստ հայտարարության, պահանջում է դադարեցնել «ապազգային, հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը»։

https://www.facebook.com/ArmenianAssociationOfProfessionalTouristGuides/posts/5366281300077683

Դեռ մարտի 18-ին Հիսուսի արձանի ընտրության համար ստեղծած հանձնախմբի մամլո ասուլիսի ժամանակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը անդրադարձել էր նաև մեկ այլ՝ մասնագիտական խնդրի։ Մոնումենտալ քանդակագործությունը լուրջ հաշվարկների, մեծ պրոֆեսիոնալիզմի կարիք ունի։ Քանդակագործը պետք է զգա տարածությունը, ուրվագիծը, արևի դիրքը, լույսի ու ստվերի նրբությունները։ Իսկ դա հնարավոր չէ անել, եթե հայտնի չէ, թե կոնկրետ որ տարածքում է տեղադրվելու այն։

«Այստեղ քանդակի մրցույթ է ներկայացված, տեղը չի ընտրված։ Սա արդեն համար առաջին սխալն է։ Ես, որ ուզում եմ մասնակցել մրցույթների, առաջին հերթին պահանջում եմ, թե որտեղ է դրվելու։ Եթե ես չեմ իմանում որտեղ է դրվելու, ուրեմն ես ի՞նչ պիտի անեմ»։ 

Այս դեպքում եղավ ամեն ինչ՝ «ժողովրդավար» քվեարկություն՝ 100 դրամանոց SMS հաղորդագրություններով, հաղթող արձանի, քանդակագործի ընտրություն, և հետո միայն հայտնի դարձավ արձանի տեղադրման վայրը։

Իսկ Ծառուկյանը կողմ է 3 փաստարկով

Եվ չնայած բոլոր քննադատություններին՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է 3 փաստարկ, որոնք արդարացնում են Հիսուս Քրիստոսի արձանի գոյությունը։

Փաստարկ առաջին— Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն մենք կարող ենք գաղափարը հաջողված համարել։

Փաստարկ երկրորդ- Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Արդյո՞ք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական վիճակն այնքան լավ վիճակում է, որ մենք հեշտությամբ պատրաստ ենք հրաժարվել տուրիզմ խթանող նախագծերից։ Քրիստոսի արձանը դառնալու է թե՛ բազմամիլիոնանոց հայկական աշխարհի, թե՛ տարբեր ազգերի տասնյակ միլիոնավոր տուրիստների համար ազդակ՝ գալու Հայաստան։ Սրանից պետությունը չի՞ շահելու, փոքր ու միջին բիզնեսը չե՞ն շահելու, Հայաստանում քաղաքացին չի՞ շահելու։ Եթե մի գաղափարից բոլորը շահելու են, ապա ինչու պետք է դեմ լինել դրան։

Փաստարկ երրորդ- Հայաստանի ո՛ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարանաշինություն և այլն։ Հենց սա՛ է նշանակում տնտեսական զարգացում, նոր աշխատատեղեր, մարդկանց զբաղվածության խնդրի լուծում։

 «Ցանկացած հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը, տվյալ դեպքում մեր նախարարությունը, բնականաբար պահանջում է խստորեն պահպանել կարգերը և հետևել օրենսդրության պահանջներին»,- ասում է Վահրամ Դումանյանը։

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ օրենքի խախտում չի լինի, իսկ եթե արձանի կառուցումը չհակասի օրենսդրական կարգավորումներին, ապա թույլտվություն կտրվի։

Կարդացեք նաև

Back to top button