ԿարևորՀասարակություն

Ներառական կրթությունը՝ կրթական բարեփոխումների առանցքում. մեկնարկել է «EduArmenia2022» աշխատաժողովը

Այսօրվանից կրթական ոլորտի շուրջ 700 ներկայացուցիչ առկա ձևաչափով կմասնակցի «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բանախոսություններին ու քննարկումներին, որոնք տեղի կունենան Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Աշխատաժողովն այս տարի կրում է «Ներառական կրթություն» խորագիրը և կտևի մինչև հուլիսի 4-ը:

«Ներառական կրթություն» աշխատաժողովն անցկացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ու «EDUArmenia» հիմնադրամի համագործակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Այն մեկ հարթակում է համախմբել ներառական կրթության բոլոր շահագրգիռ կողմերին՝ դպրոցներից մինչև պետական կառույցներ։

Միջոցառման մեկնարկը ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով միջոցառման դերը կրթական բարեփոխումների առանցքում. «Մենք կարող ենք գիտակցել խնդրի կարևորությունը, բայց մեզ պետք են գործընթացներն առաջ տանողներ: Դրանք առաջ են տանում ձեզնից յուրաքանչյուրը՝ իր դպրոցում, ուսումնական հաստատությունում, իր տեղում:

Հուսով եմ՝ այս օրերին ականատես կլինենք բովանդակային քննարկումների, ավելի իրազեկ ու պատրաստ՝ դիմագրավելու այն բոլոր խնդիրները, որոնք մեր առջև կան և սպասվում են: ԿԳՄՍ նախարարությունը մանրամասն հետևելու է բոլոր քննարկումներին: Փորձելու ենք փոխառել հնչող մտքերն ու գաղափարները, կիրառել դրանք բարեփոխումների գործընթացում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ կարևոր փոփոխությունների ճանապարհին համագործակցելու և միասնական գաղափարն իրականացնելու համար:

Փոխնախարարը համառոտ ներկայացրել է պետական քաղաքականությունը ներառական կրթության՝ որպես ոլորտի առանցքային ուղղություններից մեկի շրջանակում: Ըստ նրա՝ «Հանրակրթության մասին» օրենքում սկզբունքային փոփոխություններ են կատարվել. ներառական կրթության դրույթներն էապես վերանայվել են.

«Խնդիր ենք դրել ընդլայնելու ԿԱՊԿՈւ հասկացությունը և դրա բովանդակության մեջ ներառելու այն բոլոր առանձնահատկությունները, որոնք իրոք պետք է հաշվի առնենք, եթե ուզում ենք ունենալ իրապես որակյալ կրթություն: Նման մոտեցումն ընդլայնում է նաև աշխատանքային դաշտը:

Էապես փոխվելու է ներառական կրթության ֆինանսավորման ձևը: Եվ կրթության բարձրացված չափաքանակից անցում ենք կատարում նպատակային ֆինանսավորման: Բոլոր դպրոցները պետք է լինեն հասանելի, մատչելի և ներառական՝ պատրաստ ցանկացած պահի կազմակերպելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը: Բոլոր կարիքները պետք է ապահովենք, և դրա համար նպատակային ֆինանսավորումը պլանավորել ենք 3 ուղղությամբ՝ միջավայրային հարմարեցում, մասնագիտական ծառայությունների հասանելիություն, խելամիտ պայմանների շրջանակ՝ անհատական մակարդակում յուրաքանչյուր երեխայի ապահովելու համար»:

Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ համակարգային փոփոխությունների շրջանակում հատուկ դպրոցները կվերակազմավորվեն ռեսուրս կենտրոնների, որտեղ կուտակված ներուժն ու մասնագիտական ռեսուրսը կուղղվեն ամբողջ համակարգի զարգացմանն ու մյուս հաստատությունների օժանդակմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Այս տարի առաջին անգամ է աշխատաժողովն անցկացվում նաև առկա ձևաչափով, և մինչև հուլիսի 4-ը ներառյալ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։
«EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ հեռավար դասախոսություններին միացել են աշխարհի տարբեր անկյուններից՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, սփյուռքից, և տարբեր երկրների փորձագետներ ևս փորձել են փոխանցել իրենց իմացությունը, աջակցել աշխատաժողովի իրականացմանը:

Աշխատաժողովի ներառական կրթության բաժնի 60 խոսնակներ հանդես կգան դասախոսություններով, որոնց հիմնական թեմատիկ ուղղություններն են՝
Ներառական կրթության քաղաքականություն, արժեքների ձևավորում,
Դասավանդման ներառող ռազմավարություններ, այդ թվում՝

  • ուսուցման համընդհանուր ձևավորում, Կրթական միջավայրի հարմարեցումների ապահովում, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների կիրառում,
  • Ներառականությունը նախադպրոցական տարիքում,
  • Ներառականությունը հետդպրոցական կրթության մեջ,
  • Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպում:

Դասախոսություններից բացի՝ նախատեսվում են նաև հարցուպատասխան ձևաչափով քննարկումներ:

Back to top button