ԿարևորՀասարակություն

Արցախում հումանիտար ճգնաժամ է

Մարգարիտա Ղուշունց
Արցախի հանրային ռադիո

Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում 40-60 սմ հաստությամբ ձյուն է։ Արցախը սնուցող միակ գազատարը կրկին խափանված է։ ԱՀ ԱԳՆ տեղի ունեցածը մարդասիրական ահաբեկչություն է որակել ։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է՝ ասված է արտաքին քաղաքական գերչատեսչության հայտարարությունում։ ԱՀ ՄԻՊ գնահտամամբ՝ ակնհայտ է, որ այսօրինակ քայլերը քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է մարդու հիմնարար իրավունքները ՝ ասում է Գեղամ Ստեփանյանը։

«Սա որպես գործիք է օգտագործվում Արցախը հայաթափելու, էթնիկ զտման համար։ Մարդու իրավունքների տեսանկյունից սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն ուղղված մարդու հիմնարար իրավունքների դեմ։ Մեր կառույցի կողմից այս պահին ձեռնարկվում են բոլոր միջոցները միջազգային հարթակներում ներկայացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։ 

Այսօր առավոտյան Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր միկրոբլոգում դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին․

«Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին՝ գրել է ՄԻՊ-ը: Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Ստեփանյանը գրել է. «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։

Բայց ի՞նչ արձագանք են ստանում չճանաչված մի երկրի մարդու իրավունքների պաշտպանի օգնության ճիչերը՝ ՄԻ միջազգային ջատագովներից։

«Արցախ» լրատվականի հետ զրույցում Գեղամ Ստեփանյանն ասում է, որ արձագանքներ լինում են հիմնականում միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Բայց… 

«Այն արձագանքը, որ մենք ստանում ենք Արցախի ժողովուրդի  իրավունքների վերաբերյալ  միջազգային հանրության կողմից  իրազեկման տեսանկյունից խիստ անբավարար է։ Կարծես թե տարբերակված մոտեցում և երկակի ստանդարտներ են կիրառվում աշխարհի այլ երկրներում Մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև։ Սա խիստ դատապարտելի է»։

«Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար: Արցախում ստեղծած հումանիտար խնդիրները կբարձրացվեն միջազգային ատյաններում ՝ վկայում է նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  Իրավական փաստարկները կներկայացվեն ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում և ՄԻԵԴ–ում քննվող գործերի շրջանակում։ Դրմեյանը հիշեցնում է, որ երկու դատարաններում էլ միջպետական հայցեր են քննվում ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի։

 «Ձեր նշած դեպքը, որի մասին խոսեցինք, եթե ամբողջական կոնսոլիդացնենք կներկայացվի այս երկու գործընթացների շրջանակներում, թե ինչ դիտարկմամբ ինչպիսի պահանջով, սա արդեն այս պահին մանրամասնելու ենթակա չէ։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում որոշ կոնֆիդենցիալություն, նաև ելնելով մարտավարական նպատակահարմարությունից՝ այս պահին ավելի դետալային չէի ցանկանա նշել, թե կոնկրետ որտեղ, ինչպիսի քայլեր կարող են նախաձեռնվել կամ արվել՝ հետագա գործընթացներին չվնասելու համար»։

 Այսօրինակ քայլերով Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, ինչը միտված է Արցախում խուճապային տրամադրություններ ստեղծելու, ասում է ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Այս պահին իշխանություններն աշխատանքներ են տանում բանակցությունների միջոցով գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող  քաղաքականությունն է Արցախում խուճապային տրամադրություններ ստեղծելը։ Արցախցուն իր հայրենիքում տարբեր ձևերով ահաբեկելը։ Ինչ վերաբերում է   վերականգման աշխատանքներին,ապա այս պահին բանակցություններ են տարվում,սպասենք արդյունքներին»։  

Ավելի ուշ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ խաղաղապահների միջնորդությամբ աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար։

Back to top button