ԿարևորՀասարակություն

Լույս է տեսել «Բյուրականի աստղադիտարան․ ականավոր նվաճումների 75 տարին» գիրքը

Էդիթ Փրինթ» հրատարակչության կողմից լույս տեսավ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) 75-ամյակին նվիրված «Բյուրականի աստղադիտարան․ ականավոր նվաճումների 75 տարին» գիրքը (Երևան-2021, 464 էջ)

Այն նվիրված է Հայաստանի նշանավոր գիտահետազոտական ինստիտուտներից մեկի՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75 տարվա պատմությանը։

Գիրքը բաղկացած է 2 մասից՝ գիտական և տեղեկատվական։ Գիտական մասն ընդգրկում է 1946-2021թթ․ ընթացքում ստացված կարևորագույն գիտական արդյունքները և նվաճումները՝ շուրջ 150 աստղագետների ինտենսիվ 75 տարվա հետազոտությունները, և տասնյակ աստղադիտակների տասնամյակների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև տվյալների շտեմարանների և աստղագիտական պահոցների հետ մանրակրկիտ աշխատանքը։

Բերված են 22 հոդվածներ՝ խմբավորված 4 գլուխներում՝ «Աստղեր և միգամածություններ», «Արտագալակտիկական աստղագիտություն», «Տեսական աստղաֆիզիկա» և «Այլ ուսումնասիրություններ»։ Տեղեկատվական մասում բերված են ԲԱ 75-ամյա պատմությունը, ԲԱ հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը և գործունեությունը, ԲԱ 2․6մ, 1մ Շմիդտի համակարգի և այլ աստղադիտակները, ԲԱ-ում և/կամ ԲԱ կողմից կազմակերպված գիտական և այլ միջոցառումները, գիտնականնրի և հրապարակումների ցուցակները։ Գիրքն ավելի պատկերավոր և հետաքրքիր դարձնելու համար դրանում բերված են բազմաթիվ լուսանկարներ։

Բա 75-ամյակին նվիրված գրքի գլխավոր խմբագիրն է Արեգ Միքայելյանը, իսկ խմբագրական կոլեգիայի մեջ են մտել ԲԱ բոլոր առաջատար գիտնականները։ Գիրքը կարող է օգտակար լինել մասնագետ աստղագետների և աստղաֆիզիկոսների, աստղագիտության ուսանողների, գիտության պատմության մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գիտության և հատկապես աստղագիտության և աստղաֆիզիկայի մեջ։

Գրքի շնորհանդեսը կկազմակերպվի առաջիկա օրերին։

Back to top button