Ստարտափ Հայաստան

Հավասար կրթությունից՝ հավասար քայլեր․ «Ստարտափ Հայաստան»

Հայաստանում մի քանի երիտասարդ միավորվել են և որոշել, որ, եթե ըստ ՀՀ Սահմանադրության, բոլորն ունեն կրթություն ստանալու իրավունք, ուրեմն բոլորը, անկախ կարգավիճակից, պետք է հավասար լինեն։ Այդպես ստեղծել են նախադեպը չունեցող մի ծրագիր, որը թույլ է տալիս երեխաներին սովորել հավասար պայմաններով։

Ամալյա Հարությունյանը շատ լավ գիտի, թե ինչպես են դպրոցում անցնում այն աշակերտների օրերը, որոնք հաշմանդամություն ունեն։ Ինքն էլ այդ աշակերտներից մեկն է եղել։ Հանրակրթական դպրոցում է սովորել, բայց իր խնդիրները քչանալու փոխարեն ավելացել են։

«Հավասար» հավելվածը կա, որ կրթություն ստանալն ավելի հեշտանա, ասում է Անուշ Տիտանյանն ու հավելում, որ այս ծրագիրը ոչ միայն երեխաների համար է, այլև ծնողների։ Մանրամասնում է ու շեշտում, որ սա ամենալավ բանն էր, որ իրենք կարող էին անել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին օգնելու համար․ https://www.facebook.com/havasar.startup/

Միտքը կար վաղուց, ասում են ծրագրի հեղինակները, որովհետեւ թիմի անդամներն այս կամ այն կերպ առնչվել են անհավասար կրթության խնդրին։ Մեծացել են, հավաքվել իրար գլխի ու որոշել՝ «եթե ժամանակին մեր մասին չեն մտածել, մենք կմտածենք բոլոր երեխաների մասին»։

Խնդիրներ բոլոր բնագավառներում կան, ասում է Մհեր Բաղդասարյանը, ու որպեսզի չստացվի, որ մեկ հոգու օրինակով են որոշել, որ ոլորտը բացեր ունի, հեղինակներն սկսել են հարցումներ անել հենց ուսուցիչների շրջանում։

Ծախսերը շատ են ու սա լուրջ նախագիծ է, ասում է Անուշն ու հավելում, որ իրենց ճկունության ու գաղափարները ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում և ճիշտ մարդկանց ներկայացնելու շնորհիվ մինչ օրս կարողացել են իրենց ծախսերը հոգալ։ Դեռ ամբողջական ուսումնական ծրագիրը չկա, բայց շտապում են. հասկացել են, որ սա պետք էր մարդկանց։

Հիմնական թիմում մի քանիսն են, բայց ամբողջ գաղափարի իրագործման համար աշխատել են բազմաթիվ մասնագետներ։ Հեշտ չի եղել ճանապարհը, բայց համարձակ առաջ են գնացել ու իրենց գաղափարը ներկայացրել այն մասնագետներին, որոնց օգնությամբ պետք է մշակվեին ծրագրերը։ Այս հավելվածը երեխաներին կրթելու համար է, ուստի պետք է մանրազնին անել ամեն ինչ։

Հավելվածը փորձելու և առավելություններն ու թերությունները ճշգրիտ իմանալու համար արդեն մի քանի դպրոցի հետ են համագործակցում, ուսուցիչները սիրով են համաձայնվել օգտագործել ծրագիրը։ Սա արդեն մոտալուտ հաղթանակի մասին է վկայում։ Երիտասարդները հիմա պետք է շատ աշխատեն, որ կարողանան ծրագիրը ոչ միայն Հայաստանում օգտագործել, այլև մեր սահմաններից դուրս։

Թիմը համոզված է, որ տարիներ անց իրենց հավելվածն օգտագործելու են աշխարհում և Հայաստանի ու հայ երիտասարդի անունը բարձունքներում է լինելու։

Back to top button