ԿարևորՀասարակություն

Մարզադաշտից՝ «Եղնիկներ»․ ֆուտբոլային մրցաշար՝ Դավիթ Ուզունյանի հիշատակին

Մանկուց սպորտին սիրահարված Դավիթ Ուզունյանի նախասիրությունները շատ էին ու տարբեր՝ մարմնամարզություն, կարատե, դաշնամուր և բոլորին զուգահեռ՝ ֆուտբոլ։ Այս մարզաձևով, ինչպես ֆուտբոլասեր հայրն է ասում, Դավիթն ապրում էր։ Երազում էր լավ դարպասապահ դառնալ։

Արցախյան պատերազմը Դավիթի այս ու մյուս երազանքներն անկատար թողեց։ Նրա անունով այսօր արդեն ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվում։ Արցախյան երկրորդ պատերազմում Մռավի լեռներում  կռիվ տված Դավիթ Ուզունյանի սենյակը ծնողների համար տան՝ արդեն  թանգարանի վերածված  անկյուն է։

Հայրը՝ Բագրատ Ուզունյանը, այսօրվա պես  հիշում է Դավիթի ծնվելը, բժիշկների՝ լուրն իրեն հայտնելը․«Շնորհավորում ենք, ծնվել է 21–րդ դարի առաջին երեխան»։

«Դավիթս ծնվել է 01.01 2001 թվականին։ Սա էլ վկայագիրն է՝ ՀՀ 21-րդ դարի առաջին երեխան»։

2019 թվականի հունիսի 6-ին պետք է զորակոչվեր բանակ․ դրանից մի քանի օր առաջ ավտովթարի ենթարկվեց։  Թևի կոտրվածքը, սակայն, ծառայելու մտքից Դավիթին հետ չպահեց․ թևը՝ գիպսի մեջ, թակեց  բոլոր դռներն ու իր դիմումի համաձայն՝ զորակոչվեց բանակ։  Ծառայելու էր Եղնիկներում։ Ծնողները հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձում էին տղայի ծառայությունը թեթևացնելու տարբերակներ գտնել, բայց Դավիթի որոշումն անփոփոխ էր՝ «Եղնիկներ»-ից տեղափոխվելու մասին չէր էլ մտածում։

«Դավիթս 5 տարի ֆուտբոլ է պարապել։ Այնպես ստացվեց, որ իրեն կարող էինք Արցախի ֆուտբոլի հավաքականում տեղավորեինք և այնտեղ շարունակեր ծառայությունը։ Բայց չթողեց։ Ասեց՝ նորից դիմում եմ գրելու, հետ դառնամ Եղնիկներ»։ 

Վերջին անգամ ծնողները սեպտեմբերի 26–ին են տեսել որդուն։ Վերադարձել են Երևան ու հաջորդ առավոտ լսել պատերազմի լուրը։ Մարտական ընկերները պատմում են, որ 19-ամյա Դավիթը դեմ առ դեմ կռիվ է տվել թշնամու հետ, հետ մղել դիվերսիոն հարձակումը։ Պատերազմի 5-րդ օրը զոհվել կասետային ռումբի հարվածից։

 ««Մարտական խաչ», Մարտական ծառայության մեդալ, պատվոգիր են տվել, սակայն դրանք մեզ պետք չեն։  Մեզ ինքն էր պետք։ Այս տարվա հունիսի 31-ին էլ պետք է տուն գար։ Մինչև այդ սպասում էինք, բայց հիմա էլ չեմ կարողանում»։

Դավիթի նախասիրությունները շատ էին ու տարբեր՝ մարմնամարզություն, կարատե, դաշնամուր և բոլորին զուգահեռ՝ ֆուտբոլ։ Այս մարզաձևով, ինչպես ֆուտբոլասեր հայրն է ասում, Դավիթն ապրում էր։ Երազում էր լավ դարպասապահ դառնալ։

«Մի օր ասեց՝ պապ, ուզում եմ ֆուտբոլ պարապեմ։ Ես ինքս էլ եմ շատ սիրել ֆուտբոլ։ Ասեց՝ ֆուտբոլ եմ ուզում խաղամ ու դարպասապահ լինեմ»,-պատմում է հայրը։   

Այս կետից  էլ սկսվել է Դավիթի ֆուտբոլային կարիերան։ Խաղացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, 15 տարեկանում դարձել Հայաստանի չեմպիոն։  Նրա անունով այսօր արդեն  ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվում։

Մրցում են պատանեկան ակումբները։ Մարզիչը՝ Հայկ Ավետիսյանը, հիշում է Դավիթի վերջին խաղը։

«Հրազդանում էր, լավ հիշում եմ՝ 6։1 հաղթեցինք, ու ինքը միակ դեղին քարտը ստացավ, որից շատ վրդովվել էր, ասում էր՝ ինչի համար»։

«Դավիթի ու իր նման հերոսների շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հուշամրցաշար անցկացնել։  Ակնկալում եմ լավ ու արդար պայմաններում անցկացվող խաղ։ Թող հաղթի ուժեղագույնը»,-ասում է պատանի դարպասապահ Ռոման Խաչատրյանը

Հուշամրցաշարին մասնակցող 6 թիմերի բոլոր հաղթանակները նվիրելու են Դավիթի ու Արցախյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակին։

Back to top button