ԿարևորՀասարակություն

Սահմանազատումը միայն պետք է ամրապնդի հայ-վրացական կապերը․ Թբիլիսի

Պաշտոնական Թբիլիսին վստահ է, որ Հայաստանի հետ սահմանազատման հարցը լուծվելու է ելնելով երկու երկրների շահերից՝ չվնասելով բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերություններին։  Հայաստանի նոր կառավարությունը մինչեւ 2026 թվականը նախատեսում է զբաղվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցով։

Հյուսիսային հարևանի հետ 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցված է 147 կմ:  Մնացել է 78 կմ երկարությամբ հատվածը, որտեղ բնակիչներն անհամբերությամբ են սպասում հարցի լուծմանը:

Հայ-վրացական սահմանի դեռևս վերջնականապես չհամաձայնեցված հատվածներում բնակիչների կյանքը կախված է միաժամանակ երկու երկրներից։ Ամենավառ օրինակը Վրաստանի Մառնեուլի շրջանի հիմնականում հայաբնակ, երեք կողմից Հայաստանին սահմանակցող Խոժոռնի գյուղում է, որտեղ 94-ամյա Մակար Հախվերդյանի տան միջով է անցնում հայ-վրացական (խորհրդային տարիներին գծված, մինչ օրս գործող) սահմանը։ Ավելի քան 50 տարի առաջ հայ-վրացական սահմանին կառուցելով իր տունը, նա չէր էլ պատկերացնում, որ մի օր տնամերձի մի մասը հայկական, մյուսը վրացական հողում կհայտնվի․ «Երբ որ ինձ հարցրին՝ տունդ Վրաստանի, թե Հայաստանի սահմանում ես ուզում լինի, ասացի Վրաստանի, որովհետև Հայաստանի հետ ուղիղ ճանապարհ չկա, անտառներ են, բայց հողամասիս մի մասը, այդ թվում զուգարանը, մնաց Հայաստանի տարածքում»։  

Նա ամեն դեպքում կարծում է, որ վերջնական սահմանազատումը իրեն չի թողնելու առանց հայ-վրացական հողամասի։

Հախվերդյանների նման, սակայն, այստեղ չհստակեցված սահմանագիծը դժվարեցրել է բոլորի կյանքը, գծի երկայնքով սահմանապահներ են կանգնած, անտառ մուտք գործել չի կարելի, սահմանագծին մոտեցած կենդանիներին հետ բերել, Հայաստանի լեռներից մինչեւ վերջերս եկող ջրի ամիսներով խցանված խողովակները բացել նույնպես։  

Խոժոռնիից զատ Վրաց-հայկական սահմանի չհամաձայնեցված հատվածներ են մնում Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերի հատվածները, որտեղ բնակիչների այգիների մի հատվածն է հայկական սահմանում։

Մառնեուլիի մյուս, հայաբնակ Աղքյորփիում էլ Խուճապի վանքի հարցն է խնդրահարույց։ Այն գտնվում է սահմանին՝ Վրաստանի հայաբնակ Աղքյորփի գյուղից 2-3, իսկ հայաստանյան Պրիվոլնոյե գյուղից՝ 20-25 կմ հեռավորության վրա։

Աղքյորփի, Չանախչի և Ուլյանովկայի գյուղապետ Գիգոլ Աթաբեկյանն ասում է․ «Խուճապի վանքը ըստ նախկին (խորհրդային) սահմանի, Հայաստանի տարածքում է, սակայն այդ նախկին սահմանի կոորդինատներն էլ հստակ չեն։ Մեզ մոտ բնակիչներն օգտագործում են իրենց հողատարածքները, այդ առումով որևէ խնդիր չկա։ Ես կարծում եմ, այսօր առաջնային է այս հատվածի հայ-վրացական միջպետական ճանապարհի կառուցումը, որից հետո բոլորը հարցերը, այդ թվում և սահմանազատման կլուծվեն»։

Վրաստանի ԱԳՆ-ից «Ռադիոլուրի»՝ սահմանազատման հետ կապված հարցերին ի պատասխան ավելի վաղ ասել էին, որ այն «պետք է լուծվի հաշվի առնելով երկու երկրների ու ժողովուրդների շահերը, որպեսզի վերջնական սահմանազատումը ոչ թե բաժանի, այլ ամրապնդի ժողովուրդների կապերը, հնարավորություններ ստեղծի անդրսահմանային լավագույն համագործակցության»։ 

Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդական Թենգիզ Շարմանաշվիլին «Ռադիոլուրին» այդ առիթով ասել էր․ «Սահմանազատումն այնպիսի հարցը չէ, որ արագ պետք է լուծել, սակայն արդեն տևական ժամանակ առկա այդ խնդիրը պետք է հանգուցալուծվի՝ բավարարելով երկու կողմին էլ՝ ստվեր չգցելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»։

Ըստ նրա՝ «մեր երկրների միջև չլուծվող հարցեր չկան»:

Վրաստանի համար Հայաստանի հետ սահմանազատման հարցը ևս ամենաքիչ խնդրահարույցն է։ Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկում են 1992 թվականից: 1996-ից երկու երկրների միջև գործում են սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովներ։

Իսկ ահա Ադրբեջանի հետ սահմանի հարցը ժամանակ առ ժամանակ վրաց-ադրբեջանական սկանդալի պատճառ է հանդիսանում․ Ադրբեջանը շարունակում է վրացական Դավիթ Գարեջի համալիրն անվանել ալբանական, «Ադրբեջանի քարե դարե պատմություն»։  

Back to top button