ԿարևորՀասարակություն

ՌԴ և ԱՄՆ դեսպանների արձակուրդը Հայաստանում է․ դիվանագիտական նուրբ ակնարկների քաղաքականությունը

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների դեսպանների արձակուրդներն այս տարի դիվանագիտական են։ Օրերս Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Տաթևի վանական համալիրում էր, իսկ ավելի վաղ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանագիծ էր այցելել։ Մինչդեռ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային հետաքրքրությունները նախ դիվանագետի ընտանիքին հասցրել էին Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայր, ապա դեսպանն այցելել էր նաև Երասխի սահմանային հատված։ Դիվանագիտությունը նաև նուրբ ակնարկների քաղաքականություն է` ասում է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը և հավելում՝ դեսպանների որևէ քայլ աննպատակ չէ, սակայն պարտադիր չէ, որ այդ քայլերը միայն մեկ ուղերձ ունենան։

«Հաշվի առնելով նաև այն,  որ նման պրակտիկա, ըստ էության, չկար նախորդ տարիներին, և այս տարի ենք նկատում նման այցելություններ , դրանով նրանք հենց այդ ուղերձն են հղում, որ դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, և իրենց երկիրը որպես այդպիսին է ճանաչում։ Կավելացնեի նաև՝ այս օրերին Միացյալ Նահանգների դեսպանը Բաքվում այցելել է Նախիջևան, դա էլ է այդ շրջանակում, այսինքն՝ իրենք Նախիջևանը դիտարկում են, որպես Ադրբեջանի մաս»,- ասում է Պապյանը։

Տարածաշրջանում գործընթացները զուգահեռաբար են ընթանում, և դրանցում յուրաքանչյուր կողմ առաջնորդվում է իր շահերով։ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է  այդ շահերի առանցքում իրացնել սեփական մոտեցումները։

Տարածաշրջանի գլխավոր խաղացողները  փորձում են վերադասավորումների առանցքում հասկանալ իրենց հնարավոր տեղը՝  վերլուծելով դեսպանների այցերի դիվանագիտական կողմը ՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Տեղի է ունենում գործընթաց, որը  կապված է տարածաշրջանում ուժերի վերադասավորումների և տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող ուժերի վերադասավորումների հետ, և այդ գործընթացում բնական է, որ ցանկացած քաղաքակրթական կենտրոն, ցանկացած արտաքին ուժ փորձում է ավելի մեծ տեղ վերցնել տարածաշրջանում։ Փորձում են հասկանալ՝ տարբեր հատվածներում ինչպիսի հնարավորություններ ունեն և գնահատել այդ հնարավորությունները։ Միաժամանակ, նաև համաձայն եմ, որ դրանք հաղորդագրություններ են, թե՛ անմիջականորեն գործող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, և թե այլ ուժերին, որոնք գործում են «պրոքսի» գործողություններով՝ Թուրքիային, Միացյալ Նահանգներին, եթե օրինակ՝ ԱՄՆ-ը դեսպանն է գնում, ապա Ռուսաստանին և Եվրոպային»,- նշում է Ղևոնդյանը։ 

Ամիսներ առաջ՝ Ադրբեջանում հավատարմագրված 46 դեսպան այցելել էր Շուշի։ Նրանց թվում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Շուշի չէր այցելել նաև Ադրբեջանում լուրջ ներդրումների կատարած Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Ադրբեջանական կողմին վրդովեցրել էր համանախագահող երկրների դեսպանների բացակայությունը, և ադրբեջանցի մեկնաբանները այցելությունից նրանց հրաժարվելը  «դեմարշ» էին որակել։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուգարովն, օրինակ,  առաջարկել էր պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Երկու դեպքում էլ գործ ունենք դեսպանների այցերի հետ, սակայն առաջին դեպքում նախաձեռնությունը հենց ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին էր, իսկ Շուշիի դեպքում՝ ադրբեջանական կողմինը։ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի դիտարկմամբ՝ ընդունելով ադրբեջանական կողմի հրավերը՝ դեսպաններ ընդունել են նաև, որ Շուշին Ադրբեջանի իրավասության տակ է։

«Ինչ է տեղի ունենում ադրբեջանական կողմը հրավեր է ուղարկում դեսպաններին՝ ասելով՝ եկեք Ձեզ տանեմ Շուշի։ Ընդունելով ադրբեջանական կողմի հրավերը, ընդունում են, որ դա Ադրբեջանի իրավասության տակ է։  Մյուսները, որոնք չեն ընդունում, թերևս ընդունում են Մինսկի խմբի այն հայտնի ձևակերպումը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Արցախի հարցը պետք է համապարփակ քաղաքական լուծում ունենա ։ Կարծում եմ՝  Ադրբեջանը ուզում էր ցույց տալ, որ իրեն է պատկանում,  և ամենակարևորը՝ ճանաչում են դա, չգնացողներն  էլ այդ ճանաչումը հարցականի տակ են դնում»,- ասում է Պապյանը։  

Թեև երկու դեպքում էլ գործ ունենք  դիվանագետների այցերի հետ, այդուհանդերձ, իրավիճակները տարբեր են։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Երասխ, Սյունիք կամ Գեղարքունիք գնալու և Շուշի այցելելու միջև զուգահեռները տեղին չեն, քանի որ առաջին դեպքում խոսքը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է, մինչդեռ Շուշին այլ կարգավիճակ ունի։

«Շուշին հակամարտության գոտի է, ինչը հաստատում է այն, որ այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվող հիմնական երեք երկրների դեսպանները չէին այցելել։ Անհրաժեշտ է հասկանալ՝ պարտադիր չէ, այցելություն տեղի ունենա, որ հասկանանք՝ ճանաչում են դա որպես Հայաստանի մաս։ Հաղորդագրությունը ոչ թե նրա մասին է, որ նրանք ճանաչում են Հայաստանի մաս կամ դրա հետ կապված խնդիր կա, այլ այցելությունները դիվանագիտական առումով, ըստ իս, կապված են տեղի ունեցող գործընթացների հետ և ապագայում ձևավորվող ուժերի հավասարակշռության հետ, որովհետև այս պահին համեմատականորեն անհավասարակշիռ վիճակ է տարածաշրջանում»,- ասում է Ղևոնդյանը։

Շուշի կատարած այցից հետո արտաքին գործերի նախարարություն էին հրավիրվել  Հայաստանում այդ երկրների ներկայացուցիչները։ Դեսպաններին էր փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ նշվել է, որ Հայաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ։

Back to top button