Ծովահայեր

Ջրափրկարարական դասեր Սևանում կամ ջրասուզումը Մակեդոնացուց մինչև մեր օրեր․ «Ծովահայեր»

Ինչպես ապրել ջրում. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը մարդիկ երազել են ուսումնասիրել ստորջրյա աշխարհը։ Ու նաև տարբեր շրջաններում փորձել ստեղծել սուզվելու համար անհրաժեշտ սարքեր` ակվալանգներ։ Ակվալանգ (Aqua-lung), թարգմանաբար՝ ջրային թոքեր, կամ՝ ՍԿՈՒԲԱ (SQUBA Self-contained underwater breathing apparats) ինքնակարգավորիչ ստորջրյա շնչառական ապարատ։

1943թ.-ին ֆրանսիացի Ժակ իվ Կուստոյի ակվալանգի կատարելագործված գյուտը նոր էջ բացեց սուզակության պատմության մեջ։ Նոր շրջանի ակվալանգի գյուտի համահեղինակն էր Էմիլ Գանյանը։

Այսօր ակվալանգի կամ ՍԿՈՒԲԱ-ի կատարելագործված գյուտի շնորհիվ սուզվելը դարձել է ստորջրյա ուսումնասիրություններ, գիտական հետազոտություններ, ստորջրյա աշխատանքներ կատարելու միջոց և նույնիսկ ժամանցի կազմակերպման ամենատպավորիչ ձևերից մեկը։ Այնինչ՝ ջրի տակ սուզվելու հնարքների մասին փորձարկումները, սակայն, հիշատակվում են դեռ անհիշելի ժամանակներից։ 

Բրիտանական թանգարանում (The BRITISH MUSEUM) կարող ենք տեսնել ասորական բարձրաքանդակ, որտեղ պատկերված է, թե ինչպես են գետն անցնում։ Բարձրաքանդակին ալիքների մեջ պատկերված են թիանավեր և լողացող մարդիկ, որոնք իրենց հետ լողալով տանում են գինու կաշվե տիկ հիշեցնող պարկ՝ բերանով շնչելով պարունակությունը։ Ենթադրվում է, որ հնագույն շրջանից ի վեր փորձել են գետերը հատելու և ջրում շնչելու ելքեր գտնել, օդով լցված կաշվից պարկը տվել է և՛ այդ պարկից շնչելու, և՛ ջրի վրա մնալու ու չսուզվելու հնարավորություն։

Արիստոտելը գրում է, թե ինչպես են հնում սուզվել օդով լցված տարաներով։ Հին ձեռագրերում ասվում է, թե ինչպես է Ալեքսանդր Մակեդոնացին Ք.Ա. 330 թ.- ին սպիտակ զանգով սուզվել ծովի խորքը և օրեր շարունակ մնացել այնտեղ (օրեր շարունակ ծովի հատակին մնալու փաստը մի քիչ չափազանցություն է թվում):   

15-րդ դարում ջրասուզական հնարքների փնտրտուքը հանգիստ չի տվել Լեոնարդո դա Վինչիին։ Դա Վինչիի բնագրերը խոշորացույցի և հայելու օգնությամբ վերծանել է Ռուբեն Օրբելին, որը հանդիսանում է խորհրդային հիդրոհնագիտության առաջամարտիկը։

1531թ.-ին Իտալիայում Գուգլիելմո դե Լորենան  հեղինակեց ջրասուզական զանգ, որն օգտագործվում էր հին հռոմեական խորտակված նավերը վերստեղծելու համար։

Միջնադարյան Եվրոպայում ջրասուզական զանգեր պատրաստում էին հիմնականում խորտակված նավերից գանձեր դուրս բերելու համար։

Հալլի ստեղծած ջրասուզական զանգը

Ջրասուզական առավել կատարելագործված զանգ է ստեղծել անգլիացի Էդմունդ Հալլին 1680 թ.-ին։ Դրանից 108 տարի հետո շոտլանդացի ինժեներ Ջոն Սմիթոնի ստեղծած ջրասուզական զանգն ավելի կատարելագործված  էր՝ օդամղիչ ուներ։

1772 թվականին ֆրանսիացի գյուտարար Ֆրեմինեն ակվալանգի նման մի սարք ստեղծեց: Նրա ծրագրածի համաձայն` սարքը պետք է հեռացներ օգտագործված օդը և ջրասուզակին նոր օդ փոխանցեր: Ցավոք, հայտնագործությունը շատ թերի կողմեր ուներ, և գյուտարարը խեղդվեց իր սարքը փորձարկելու ժամանակ։

Քլինգերթի ջրասուզական հանդերձանքը

Քսանհինգ տարի անց՝ 1797 թ.-ին, լեհ Կարլ Հենրի Քլինգերթը Ֆրեմինեի ակվալանգի նմանությամբ ստեղծեց  ջրասուզական հանդերձանքի իր մոդելը`  կաշվից և երկաթից։ Այս դեպքում՝ որևէ մեկի մահվան մասին չի հիշատակվում։ Մինչև ակվալանգի կատարելագործված գյուտի մասսայական կիրառումը սուզորդությունը դասվում էր գիտաֆանտաստիկ մի բան։

Ընթերցասերներից շատերին է տպավորել ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի 1870 թվականին հրատարակած դասական գիտաֆանտաստիկ «Քսան հազար լյո ջրի տակ» վեպը։ Կապիտան Նեմոյի, նրա «Նաուտիլուս» ստորջրյա սուզանավի մասին պատկերավոր նկարագրութունը կարծես տեղափոխում էին չտեսնված ու չլսված  երևակայական աշխարհ։

Սևանի ափերով քայլելիս` հանդիպում եմ սուզորդների, մտածում եմ, մի գուցե այս երիտասարդներից շատերն էլ են տպավորվել Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպով ու կապիտան Նեմոյի կերպարով։ Մոտենում եմ, պարզվում է՝ դասընթաց է։ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը հերթական գործնական դասն է անում, իսկ ջրափրկարար տղաներին ջրում սուզվելու հանդեպ սերը ոչ թե Ժյուլ Վեռնի հերոսներն են ներշնչել, այլ՝ խեղդվողին փրկելու ցանկությունը։ 16 ջրափրկարար նախ՝ տեսական դասերն են վերհիշում։ Արտակ Էլմասակյանը ջրային թոքերի՝ ակվալանգի աշխատանքի մասին է պատմում։

Ջրափրկարարներն ասում են մենք մի սկզբունք ունեն` ոչ մի զոհ ջրին, մասնագիտական պատրաստվածությունը գերազանց է, բայց և հիշեցնում են «Զգուշացեք ջրից»։

Back to top button