ԿարևորՔաղաքական

Պատրաստ եմ հրաժարական տալ ցանկացած պահի․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հրաժարական տալ՝ հայտնում է Արցախի Հանրային ռադիոն։ Բայց մինչ այդ, Հարությունյանը պատրաստվում է հրավիրել հասարակական ու քաղաքական կոնսուլտացիաներ` պարզելու, թե արդյոք պետությունը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։

Դրական պատասխանի պարագայում՝ Հարությունյանի խոսքով, ողջամիտ ժամկետներում կազմակերպվելու են արտահերթ հանրապետական ընտրություններ, որին իր թեկնածությունը չի առաջադրելու:

ԱՀ նախագահ Հարությունյանը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմի մանրամասները, վստահեցրել է, որ «վաճառված պատերազմի մասին բոլոր զրույցները սին են ու առանց հիմքի»:

«Քրեական գործեր են հարուցվել, ու քննությամբ պետք է պարզվեն բոլոր մեղավորները թե՛ Հայասատանում, թե՛ Արցախում: Ես անձամբ 8 ժամ հարցաքննվել եմ»,-նշել է ԱՀ նախագահը:

Խոսելով պատերազմի ժամանակ փախուստի դիմած անձանց` տարբեր պաշտոնների նշանակման խոսակցությունների մասին, Հարությունյանը շեշտել է, որ  նախագահի ապարատը բաց է քննարկման համար:

Նա բացառել է Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած քննարկում: Վերջին օրերի հասարակական ընկալումները նախագահը գնահատել է խիստ հուզական:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին արցախցիներին հրավիրել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։ Հայտարարությունը հաջորդել է Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ժամանակ մի խումբ արցախցիներ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Back to top button