Գերդաստաններ

Միսաք Մանուշյանի չծնված որդին կամ նրա մեծ սիրո պատմությունը․ «Գերդաստաններ»

Երկրորդ աշխարհամարտում գերմանացիների կողմից գրավված Փարիզում Ֆրանսիայի դիմադրության շարժման մեջ ընդգրկված հայերը գնում էին բժիշկ Ալթունյանի մասնավոր բուժարանը։

Մի օր այնտեղ է հայտնվում նաեւ Մելինեն՝ դիմադրության շարժման առաջնորդներից Միսաք Մանուշյանի կինը։
— Հիանալի ես տանում հղիությունդ, հոր նման Ապոլոն ես ծննդաբերելու,- զննելուց հետո ասում է բժիշը Ալթունյանը։
— Եկել եմ, բժիշկ, որ հղիությունն ընդհատեմ։ Ես և Միսաքը որբ ենք մեծացել, չեմ ուզում, որ մեր զավակն էլ որբ մեծանա,- մտախոհ ասում է Մելինեն։

— Ուրեմն հաղթանակին չեք հավատում,- հոգոց է հանում բժիշկը եւ ի վերջո կատարում Մելինեի խնդրանքը։
Իմանալով տեղի ունեցածի մասին՝ Միսաքը զայրնում է։
— Յաթաղանից փրկված միակ Մանուշանն եմ, մեր գերդաստանի տոհմածառը պետք է ես շարունակեմ։

Սակայն գերմանացիներին հաջողվում է բացահայտել Մանուշյանի ղեկավարած խումբը, նա ձերբակալվում է, իսկ գնդակահարությունից առաջ կնոջը նամակ է գրում։
«Հաղթանակից հետո անպայման Երևան գնա, անպայման ամուսնացիր և զավակ ունեցիր»,- գրում է Միսաքը սիրած կնոջը։
«… Տարիներ, տարիներ պիտի անցնեին, որ ես իմանայի, թե Միսաքը որքան շատ էր սիրում երեխա ու ինչպես էր ուզում, որ մենք մերն ունենանք»,- տարիներ հետո Միսաքի եւ իր սիրո պատմությունն այսպես է եզրափակում Մելինեն։

Back to top button