ԿարևորՀասարակություն

Տունը «սահմանագծին»․ օգոստոսյան պատերազմի հետևանքները

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 12-րդ տարին: 12 տարի առաջ այս օրը սկսվեց Հարավային Օսիայի շուրջ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է որպես «օգոստոսյան պատերազմ»։ Կարճատև՝ հնգօրյա պատերազմը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց, տասնյակ հազարավորները փախստական դարձրեց։

Ռուս-վրացական կարճատև պատերազմից ավելի քան 10 տարի անց մարդիկ շարունակում են տառապել դրա հետևանքներից։ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքի վրացական գյուղերում մինչ օրս բնակիչները նույնիսկ իրենց սեփական այգի վախենում են մտնել․ կհայտնվեն Ցխինվալիի բանտում։

Այս շրջանում ռուսական կողմը շարունակում է փշալարեր տեղադրել՝ գյուղերն ու բնակիչների հողատարածքները երկու մասի բաժանելով։ Մոսկվան դա համարում է պետական սահման, Թբիլիսին՝ օկուպացիոն գիծ։

Գորիի Խուրվալեթիի գյուղի բնակիչ 88-ամյա Դավիթ Վանիշվիլին մի օր արթնացել և տեսել է, որ իր տունը փշալարերի մյուս կողմում է հայտնվել։

 «Ես 88 տարեկան եմ, ծնվել եմ այստեղ՝ Վրաստանում, հիմա ինձ փորձում են դարձնել  Ռուսաստանի քաղաքացի։ Ինչ կյանք է սա, ինչ տանջալից ծերություն»։

Նա երկու մասի բաժանված Խորվալեթիի միակ բնակիչն է, որ չի հեռացել փշալարերի մյուս կողմում մնացած իր տնից։ Մյուսները, որոնք հանկարծ մի օր տեսել էին, որ ռուսական կողմի վերահսկողության ներքո են հայտնվել, լքել են իրենց տները։

«Ուր գնամ, սա է իմ տունը, ես եմ կառուցել։ Եթե գնամ, տունս հողին կհավասարեցնեն։ Հարազատներիս էլ չեմ կարող գնալ տեսակցել ու հետ գալ, կձերբակալեն՝ իբր սահման եմ հատել»։

88-ամյա ծերունին կարոտել է համագյուղացիների ու ընդհանրապես մարդկանց հետ ազատ, առանց փշալարերի շփմանը։ Ժամանակ առ ժամանակ նրա հյուրերը լրագրողներն են, որոնք հարցազրույց են վերցնում հատուկ թույլտվությամբ, փշալերերի այս կողմից՝ այսինքն Վրաստանի կողմից վերահսկվող տարածքից։

Իսկ ծերունու հարազատները տեղափոխվել են Գորի քաղաք։ 12 տարի առաջ ռուսական ռազմական օդանավերը Թբիլիսիից ընդամենը 70 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի վրա անսպասելիորեն ռումբեր էին սկսել գցել։

Ռուսական զորքը շատ արագ վերահսկողություն էր սահմանել Վրաստանի արևմտյան շրջանների նկատմամբ, ռուսական տանկերը հասցնելով Գորիի կենտրոն՝ ընդհուպ մոտենալով Թբիլիսիին։

12 տարի անց բնակիչները հիշում են այդ սարսափելի իրադարձությունները։ Այսօր էլ շփման գծի հատվածի հիշյալ բնակավայրերում մարդիկ աղմուկ լսելիս երկինք են նայում՝ ապրում պատերազմի վախով։

Back to top button