
Ադրբեջանական հերթական ագրեսիայի մասին լուրից մի քանի ժամ հետո արդեն Տավուշում ենք։ Անընդհատ բնակավայրից բնակավայր ենք շարժվում, խոսում մարդկանց հետ, փորձում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Երկրորդ օրվա ավարտին հոգնած հասնում ենք Տավուշ՝ նախկին Թովուզ, գյուղ։ Այստեղ ենք գիշերելու։
Առավոտ շուտ արթնանում եմ թռչունների ձայնից։ Շտապում ենք նախաճաշել ու դուրս գալ։ Ու նախաճաշի ժամանակ էլ զրուցում եմ մեզ հյուրընկալած Ռուբեն Սմբատյանի հետ։ Թեման վերջին օրերի իրադարձությունները են։ Կենսաթոշակի անցած զինվորականը հայտնում է՝ կարեւոր դիրք ենք գրավել, հետո ավելացնում՝ մի ձայնագրի։ Անջատում եմ ձայնագրիչս։ Ու նախկին զինվորականը սկսում է բացատրել այդ դիրքի նշանակության մասին։
Զրուցի ընթացքում պարբերաբար լսվում են կրակոց ձայները։ «Աղջիկ ջան, դու քո հարցերը տուր, ես պատասխանեմ»,- հանգիստ ասում է ու խորհուրդ տալիս՝ պետք չի անհանգստանալ ու խուճապի մատնվել։

Բայց կրակոցները գնալով ուժեղանում են ու մենք մի պահ դադարեցնում ենք զրույցը։
«Աղջիկ ջան դու քո հարցերը տուր ես պատասխանեմ»,–ասում է։
Բայց կրակոցները գնալով ուժեղանում են ու մենք մի պահ դադարեցնում ենք մեր զրույցը։
Երբ ձայները մի պահ լռում են, կրկին վերադառնում ենք մեր զրույցին։ Բայց այս անգամ էլ որդու զանգն է ընդհատում այն։ Ռուբեն Սմբատյանի որդին պայմանագրային զինծառայող է ու այդ պահին դիրքերում է։

«Ա՛յ տղա կարճ կապի, դու մենակ շուտ-շուտ զանգի ասա կենդանի ես, մնացածը հեչ։ Հա գյուղին տվեցին, վայ դե կարճ կապի, конец связи․․․»։
Վերադառնում ենք կրկին մեր զրույցին։ Հետաքրքրվում եմ, ինչո՞ւ էր գյուղը Թովուզ կոչվում, խոսում ադրբեջանցիների հոգեբանության մասին։
«Ձորով, որ բարձրանում ես, այնտեղի բարձունքը 32 հողի տակից դուրս եկող աղբյուր են հայտնաբերել ու ասել է, այստեղ լավ գյուղ հիմնադրելու տեղ է։ Որտեղ ջուր՝ ընտեղ կյանք։ Էն, որ ասում են շունն իրա հայաթնա լավ հաչում, էտ թուրքերի մասին ա, իսկ իրանք շակալի նման են, դեմդ մեռնում են քո համար, հենց ֆռացիր՝ կխփեն, բայց նրանք վախկոտ են ու կռվող չեն»։

Կրակոցները շարունակվում են, ու հենց այդ ձայների տակ խմում ենք խաղաղության կենացը։
Քիչ անց տեղեկանում ենք, որ հակառակորդի կրակից Տավուշ գյուղում շիրմաքարեր են վնասվել։ Ու հերթական զանգը․
«Է, հենա մեր գյուղին տվել են, բայց դե ասկոլկեքից սուտի-մուտի մի 300 մետր, Բերդ էլ խփալ են, է՜հայի ճակատագիր ․․․Տղես էլ նոր զանգեց, պոստերում ա, ամեն ինչ լավ ա»։

Տավուշից շարժվում ենք դեպի Այգեպար։ Գիշերն այնտեղ անհանգիստ է եղել, վնասվել է 7 տուն։ Մոտենում եմ գյուղապետարանին, որի բակում հավաքված գյուղացիները քննարկում են օրվա գլխավոր թեման։ Քննարկումն անցնում է հեղախոսների չդադարող զանգերի ձայնի ուղեկցությամբ անհանգստացած հարազատներն են հետաքրքրվում։ Սկսում եմ զրույցը նրանց հետ։ Մեկն անմիջապես նկատում է՝ խոսել իմանար՝ գյուղապետ կլիներ։ Ու այս հումորից էլ սկսվում է զրույցը։

«Դե երկու օրա անընդհատ կրակում են, ամեն տեսակ տրամաչափի զենքերով։ Բայց մենք այստեղ ենք, դիմակայում ենք, ինչ պիտի անենք։ Դիմացի զինվորին դուխ տվողը հետևի բնակչությունն ա, բնակչությունը որ մնում է, զինվորը գիտի, ինչի համար է կռվում։ Բայց որ բնակչությունը դուրս է գալիս, արդեն զինվորի դուխն էլ է կոտրվում։ Պտի մենք ստեղ մնանք, որ նրանց դուխ տանք, պետք եկած ժամանակ ինչ որ պետք ա ուղարկենք»։

Իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ։ Համացանցից տեղեկանում եմ, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այգեպարից շարժվում ենք դեպի Բերդ։ Այստեղ էլ քաղաքապետարանում է աշխատանքային խորհրդակցություն է։ Քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հետ խոսում ենք վերջին դեպքերի մասին։

«Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, Բերդ համայնքի տարածաշրջանում ժողովուրդը պատարստ է։ Փառք Աստծո այսօր ունենք հզոր բանակ, որն առայժմ բնակչության կարիքը չունի»։
Մի սեղանի շուրջ Տավուշի մարզպետն է, քաղաքապետը, մարզից ընտրված ԱԺ պատգամավորը, հայոց եկեղեցու սպասավորները։

Անցած երկու օրերին պարբերաբար հանդիպում էի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, Մովսես գյուղի քահանա տեր Աբելին, Բերդի հոգևոր սպասավոր տեր Արամին։ Նրանք գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր պտտվում էին, զրուցում գյուղացիների հետ, զորակցություն հայտնում նրանց, զորակցություն ստանում նրանցից։
Տեր Արամ քահանա Միրզոյան․ «Մենք շրջում ենք գյուղերով, զրուցում մարդկանց հետ ու այս պահին շատ մեծ վստահություն կա բանակի,ԶՈՒ նկատմամբ,որոնք փայլուն են կատարում իրենց խնդիրը։ Դրա համար շատ հանգիստ ենք,սպասենք տեսնենք մինչև մեր տղաները իրենց սկսածը ավարտին հասցնեն»։
Վերադառնում եմ Երևան ու ճանապարհին անընդհատ այգեպարցի բնակչի խոսքերն եմ հիշում «Մեր բանակը կազատի մեր գյուղերը էդ թիրախից»։




