ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի սադրանքները տավուշցիների համար նորություն չեն

Երկու օր հայ-ադրբեջանական սահմանն  անհանգիստ էր: Երևանում համակարգչի առջև նստած  ժամ առ ժամ  տարատեսակ լուրեր ես ստանում, ու քեզ թվում է, որ հասնես, օրինակ, Մովսես գյուղ, այլ պատկերի պետք է ականատես լինես:

Երեկ երեկոյան հինգին արդեն Մովսես գյուղում էինք: Մեր այցելության պահին էլ կրակոցների ձայնը գյուղի տարբեր անկյուններից լսելի էր:  Բայց մովսեսցիների համար դա արդեն սովորական երևույթ է:

Գյուղի հենց սկզբում մթերային փոքրիկ խանութ է, վրան  փակված  է հերոսների նկարները՝ Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի: Զրուցակցիս խանութպան  Ղուկասն  է, ով չի թողնում հարցեր ուղղեմ միանգամից սկսում է. «Մեր բանակը կատարում է իր առջև դրած խնդիրը, փառք ու պատիվ  մեր բանակին»:

Գյուղամիջում նրան միանում են մովսեսցի կանայք: Կանանցից մեկը պատմում է, որ նման ինտեսիվ կրակահերթեր վաղուց չէր եղել:  Նրանք բոլորն էլ կրակոցի ձայնից արդեն գիտեն, թե ինչ զենքով են կրակում:

«Տեսում եք, որ ոչ մեկի վերջն էլ չի, իրանց համար հանգիստ ման են գալիս:Մենք մեր տեղում ենք , ու գյուղից մի քայլ չենք հեռանա: Իմ տղան զինվորական է, հենց էս պահին էլ  պոստն է պահում: Բանակից զորացրվեց ու գնաց դարձավ պայմանագրային զինծառայող»:  

Շրջում եմ Մովսեսում:  Գյուղացիները խմբված բանակացային գործընթացն են լուծում, վերլուծում ու քննարկում:  Պատահաբար հանդիպում եմ  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որն առավոտվանից այցելում է  տարբեր համայնքներ, զորակցություն հայտնում ժողովրդին։ Արդեն «Ռադիոլուրի»  հետ զրույցում կոչով դիմում է  ֆեյսբուքյան հանրությանը:

«Հենց այս օրերին է, որ պետք է հասարակությունը համախմբված լինի, սա մեր ցավոտ կետերից մեկն է: Դադարեցրեք ֆեյսբուքյան գրառումները, պիտակավորումները, ցեղ շպրտելը միմյանց վրա։ Դադարեցրեք գոնե հիմա, ապագայում ինչ ուզում եք արեք, բայց հիմա դադարեցրեք»:

Արդեն  Չինարիում ենք: Գյուղի կենտրոնում  խմբված տղամարդկանց աչքը դեպի դիրքերն են: Մոտենում եմ, փորձում զրուցել նրանց հետ:

«Ադրբեջանի սադրանքներ հաճախ են լինում, ու մեզ համար նորություն  չէր:  Գյուղում խուճապ չկա, մենք էլ այստեղից երբեք չենք թողնի, գնա»:

Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում:Գյուղապետ ՍամվելՍաղոյանն ասում է,որ բարեբախտաբար տուժածներ չկան:

Արդեն բավականին ուշ  է,  ու մենք դուրս ենք գալիս Չինարի գյուղից և ուղևորվում Բերդ: Արդեն լուսադեմին կարդում եմ  հաղորդագրությունները: «Գիշերը համեմատաբար հանգիստ է  անցել փառք մեր բանակին»:

Back to top button