ԿարևորՄշակույթ

Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը (տեսանյութ)

Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Փառատոնի մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված առցանց ասուլիսում մանրամասներ ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

Պարոն Ղազարյանը շեշտեց‚ որ առցանց փառատոնը դրական լիցքեր կփոխանցի ոչ միայն հայ ունկնդիրներին, այլ աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց: Նա կարևորեց փառատոնի անցկացումը‚ քանի որ համավարակի պայմաններում‚ երբ մշակույթը գտնվում է ծանր վիճակում‚ Հայաստանը դառնում է մի երկիր‚ որը կարողանում է‚ պահպանելով անվտանգային բոլոր նորմերը‚ կազմակերպել միջոցառում‚ որտեղ մշակույթը շարունակում է ապրել, այն պարագայում, երբ այլ երկրներում նման միջոցառումներ տեղի չեն ունենում։

ՍերգեյՍմբատյանը նկատեց‚ որ շատ քիչ մարդիկ էին հավատում առցանց փառատոնի գաղափարին: Նա հույս հայտնեց‚ որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: «Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100 000 առցանց դիտումներ»‚- ասաց դիրիժորը:

Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Միջազգային փառատոնին ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը և այլք։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ առցանց համերգները‚ իհարկե‚ չեն կարող փոխարինել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն, տոնակատարություն, հնչեցնել երաժշտություն‚ և մարդիկ կարողանան ունկնդրել գեղեցիկ կատարումներ։ 

COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։ 

Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:

Փառատոնի մասին պատմող հոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

Ցուցադրել ավելի
Back to top button