Ստարտափ Հայաստան

Սևան քաղաքում ապրող Անին հելունագործության միջոցով խաղալիքներին մարմին ու հոգի է նվիրում․ «Ստարտափ Հայաստան»

Անի Գևորգանն ապրում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Աղջիկը մի քանի ամսում որոշել է դառնալ խաղալիքագործ և այդպես գումար վաստակել։ Խաղալիքներ ու պայուսակներ գործելը նրա հոբբին է, այժմ նաև բիզնեսը։

Անին փոքր տարիքից է սկսել ծանոթանալ հելունագործությանը։ Սևանում այդքան էլ շատ խմբակներ չկան, ուստի ընտրությունն էլ շատ չի եղել ու բախտի բերմամբ, թե պատահմամբ սիրել է արհեստն ու փորձել խորանալ գործի մեջ։

Ժամանակի ընթացքում հասկանալով, որ պայուսակներ գործելը մի քիչ թանկ է նստում, որոշել է ուղղությունը փոխել և խաղալիքներ գործել։

Սկզբից պատվերեներ չեն եղել, բայց աղջիկը չի հուսահատվել, որովհետև շուկան ուսումնասիրելով հասկացել է, որ իր ստեղծած որոշ խաղալիքներից, օրինակ, Հայաստանում չկան, եթե կան էլ՝ դրսից են բերված։

Այն գումարը, որն Անին վեց ամսվա մեջ կարողացել է հավաքել, օգտագործել է կարի մեքենա գնելու, իսկ մնացած մանր մունր գումարներն օգտագործում է թելեր և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար։

Համավարակի օրերին գործը դժվարացել է, եթե մի քանի ամիս առաջ ֆինանսական օգուտը բավարար քանակով էր լինում, հիմա շատ է նվազել։

Անին բազմաթիվ կարծիքներից հետո հետ չի կանգնել, ու այստեղ հարցը միայն գումար վաստակելը չէ, հարցը Հայաստանում տաղանդավոր մարդկանց շնչել կարողանալն է, ցույց տալը, որ ամեն ինչ կենտրոնացած չէ Երևանում, այս դեպքում, օրինակ, ցույց տալը, որ Սևան քաղաքում այսօր ապրում է մի աղջիկ, որն ինքնուրույն կարողացել է իր տաղանդի շնորհիվ, թեկուզ քիչ, բայց գումար վաստակել։

Եվս մեկ հաղթանակ կարող ենք տոնել։ Անի Գևորգյանի բիզնես պլանները կապված են հարազատ քաղաքի հետ։ Անին Երևան չի տեղափոխվելու:

Back to top button