ԿարևորՀասարակություն

«Սքայ Գյումրի»․ օդային տրամվայների ծրագիր՝ Գյումրիում

«Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրիի զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը  օդային շարժակազմն է լինելու.  նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Հուլիսի 2-ին` ժամը 15-ին,  Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավակնոտ նախագիծը ներկայացվելու է  հանրությանը ու  քննարկման է դրվելու։ 

Երբ, ինչպես և ինչ երթուղով «Սքայ Գյումրի» հանրակառքը կշրջի Գյումրիի օդային երթուղիներով.  ծնունդով Գյումրեցի ու 15 տարի հայրենիքից հեռու՝ Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանն է նախագիծը մշակել։ Ինչու՞ հենց Գյումրիում․

«Ես պարտք ունեմ այդ քաղաքին, մի ձև պետք է պարտքս տամ։ Նմանատիպ, բայց ավելի մեծ ծրագիր ունենք Աֆրիկայում,  համավարակի պատճառով չեմ կարողանում մեկնել, ուղղակի կարողացա ներդրողներին համոզել, որ դրա մի մասն էլ անենք Հայաստանում, ընտրվեց Գյումրին»,- պատմում է «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը։

Որ Գյումրին վերածեն տարածաշրջանի մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային կենտրոնի,   500 000 000 ԱՄՆ դոլար կպահանջվի։

«Հիմա արդեն դարձել է 610 մլն։ Նախատեսվում է էկոթաղամաս՝ մոտ 2000 բնակչի համար, իր դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով։ Գիտեք, Գյումրին հայտնի է նաև իր սպորտային ավանդույթներով, ուստի և սպորտային համալիր է նախատեսվում, ալիքային լողավազան՝ 1700 մ² , թենիսի կորտեր, ինչը Գյումրիում գոյություն չունի, փակ ֆիթնես ակումբներ։ Մենք ամեն ինչը փակ ենք անելու, որովհետև Գյումրիի կլիմայական պայմանները խիստ են, դրա համար էլ ծախսերն ավելանում են։ Կօգտագործենք միայն ազատ տարածքները»,- ասում է Սարգսյանը։

Էկոթաղամասը նախատեսվում է կառուցել ներկայում անմխիթար պայմաններում գտնվող Բուլվարային կոչվող թաղամասում։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու, նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։

«25 կիլոմետրը կառուցելու համար պահանջվում է 200 մլն դոլար։ Դա ավելի շատ կախովի տրամվայ է, պարաններով չի աշխատում, վերևում ռելսեր են։ Առաջին նմանատիպ փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում, 1895 ին։ Հիմա տեխնոլոգիաները փոխվել են, ավելի են կատարելագործվել։ Մենք գաղափարն իրականացնելու ենք նորագույն տեխնոլոգիաներով»,- նշում է «Արմոն» ՍՊԸ տնօրենը։

Երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով, որ համաչափ զարգացում ապահովի, ասում է Խաչատուր Սարգսյանը։

«Մենք ունենք 15 կայարան, որտեղ կլինեն և՛ առևտրային կենտրոններ, և՛ հանգստի գոտիներ, ուղակի օդային տրանսպորտը դրանք կկապի միմյանց»։

Գետնից 6-10 մետր բարձրությամբ ու մինչև 500 կմ ժամ արագությամբ, թեթև շարժակազմով օդային տրանսպորտը միմյանց կկապի 50 մետրից մինչև 2 կմ հեռավորությամբ կայարանները, որոնցից յուրաքանչյուրն արդեն իր վիրտուալ անունն ունի։ Օրինակ՝ մեկնարկը կտրվի օդանավակայանի «Թռիչք» կայարանից, հաջորդը Մսի կոմբինատն է՝ «Վերածնունդ» կայարան, հետո՝ հրուշակեղենի ֆաբրիկան՝ «Էկո-թաղ»։

Լճում «Հանդիպում» անվամբ կայարանն է նախատեսվել, Սլաբոտկայում՝ «Հին քաղաք» , Մայր Հայաստանում՝ «Հայրենիք», Մուշ թաղամասում «Հզոր», Անիում՝ «Վեհ», Շատրվաններում՝ «Սեր», մաքսատանը՝ «Վարպետ», կայարանում՝ «Ուղի», Նորավան թաղամասում՝ «Հավատք» ու Կոմիտասում՝ «Տաղանդ» կայարանները։

«Գյումրեցիների համար այլ գին կլինի, արտասահմանցիների համար՝ այլ։ Մենք քաղաքային տրանսպորտ չենք անում, այլ՝ այլընտրանքային»,- ասում է Խաչատուր Սարգսյանը։

Իսկ ներդրողների շարժ կա արդյո՞ք․ նախագծի հեղինակն ասում է՝ «աշխարհը ոչ թե ներդրողի, այլ գաղափարի պակաս ունի»։

«Մեզ թվում է թե ներդրողը պետք է գա ասի «բերե՛ք, ես որտե՞ղ ներդնեմ»։ Ներդրողներ ներգրավելու համար գաղափար է պետք, պետք է ներդրողին ապացուցես, որ ներդրվող գումարները հետ կգան»։

Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը 2020-ին է տրվել, մինչև պլանավորած 2023 թիվը կավարտե՞ն, թե՞ ոչ․ Խաչատուր Սարգսյանը մտավախություն ունի, ասում է՝  բյուրոկրատական քաշքշուկներն են շատ ժամանակ  խլում։ Հուլիսի 2-ին՝ ժամը 15-ին, Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավակնոտ նախագիծը հանրությանը կներկայացնեն ու  միասին կքննարկեն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close