ԿարևորՄտքերի խաչմերուկ

Տնտեսությունը պետք է աշխատի, այլապես այլ ճգնաժամերի առջև կարող ենք կանգնել․ Հայացք Գյումրիից

«Բնակչությունն ունի պահանջմունքներ, տնտեսությունը պետք է շարունակի գործել, այլապես այլ ճգնաժամերի առջև կարող ենք կանգնել»,- մեկնաբանելով տնտեսական գործունեության նկատմամբ որոշ սահմանափակումներ չեղարկելու ՀՀ կառավարության որոշումը՝ նշում է տնտեսագետ Կարեն Ավագյանը։

 Նրա խոսքով՝ բազմապիսի մարտահրավերներն այս պահին, առողջապահական ոլորտից զատ, առաջացել են ամեն կողմից․ սահմանների փակ լինելը, բեռնափոխադրումների դժվարությունները, միջազգային շուկայում տիրող իրավիճակը,  սննդամթերքի գները։  Առողջապահական միջոցառումներին զուգահեռ՝ այս ամենի մասին պետք է մտածել և լուծումներ գտնել։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակի խոսքով՝ արտակարգ ռեժիմի երկարաձգումը ևս մեկ ամսով բացասաբար կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա, բայց միաժամանակ ողջունելի է  համակարգաստեղծ ոլորտներից մեկի՝ շինարարական գործունեության վերսկսումը, ինչը կթեթևացնի  պետության ուսերին դրված սոցիալական բեռի մի մասը։

Տնտեսագետը  բացթողում է համարում այն, որ սոցիալական աջակցության պետական  մեխանիզմների մշակմանը, ձեռնարկություններին օժանդակելու առաջնահերթ միջոցառումներին  զուգահեռ  չստեղծվեց  մի խումբ, որը  կմշակեր ստեղծված իրավիճակում տարբեր ոլորտների  ձեռնարկությունների աշխատելու հնարավոր պայմաններն ու տարբերակները։ «Սա շատ կարևոր էր, իմ կարծիքով`  այստեղ բացթողում եղավ։ Եթե կառավարությունը, պարետատունը ծանրաբեռնված էին աշխատում, դա կարող էին հանձնարարել կառավարման ոլորտում փորձ ունեցող կազմակերպություններին, տնտեսագիտական բուհերին, որոնք կկարողանային առաջարկներ ներկայացնել կառավարությանը»,- նշում է տնտեսագետը։

Back to top button