ԿարևորՄշակույթ

Առնո Բաբաջանյանը Երևանում կունենա թանգարանային անկյուն

2021-ը հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի համար հոբելյանական է։ 100-ամյակին ընդառաջ արդեն խմորվում են նախատեսվող միջոցառումների շուրջ մտորումները։ Հիմնական միջոցառումների ցանկը, իհարկե,  կորոշի ձևավորվելիք հոբելյանական հանձնաժողովը։ Այս պահին  հստակ է մեկ բան՝ Երևանում կոմպոզիտորը կունենա իր թանգարանային անկյունը։

Երևանում Առնո Բաբաջանյանի թանգարանային անկյունն ունենալու թեման կոմպոզիտորի անունը կրող  հիշատակի միջազգային հիմնադրամը բարձացրել է դեռ տարիներ առաջ։ Տարբեր պատճառներով հարցի լուծումը հետաձգվել է, սակայն Բաբաջանյանի 100-ամյակին ընդառաջ  հարցը պարզապես անհետաձգելի է դարձել։ Վերոնշյալ հիմնադրամի փոխնախագահ  Վահե  Ստեփանյանը «Ռադիոլուր»–ին հայտնեց, որ հարցը ոչ միայն բարձրացվել, այլև դրա շուրջ որոշակի  պայմանավորվածություն է ձեռք բերվել  ամիսներ առաջ, ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Խաչատրյանի և այլ պաշտոնյաների հետ։

«Եղել են հանդիպումներ, խոսակցություններ, բայց մինչ օրս մենք չունենք իրավական որոշում, պաշտոնական որոշում  թանգարան  ստեղծելու մասին։ Մեզ առաջարկվել է՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի շենքի մի հատված հատկացնել թանգարանին։ Եղել է բանավոր համաձայնություն, բայց դա մեզ համար և, ընդհանրապես, բավարար հիմք չէ, որպեսզի մենք այնտեղ նախաձեռնենք  թանգարանի ստեղծումը և գործունեությունը»,-ասաց Առնո Բաբաջանյան հիմնադրամի փոխնախագահ Վահե  Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական փաստաթղթի գոյությունն է, որ կհստակեցներ թանգարանի իրավական կարգավիճակն ու կտար մտահոգիչ հարցերի պատասխանները։

«Որպեսզի թանգարանը գործի երկար տարիներ, որպեսզի այստեղ պահպանվեն ցուցադրվող  նյութերը, մասունքները, այն պետք լինի պետական հոգածության ներքո։ Թանգարանը մեկ-երկու տարվա համար չի ստեղծվում, այլ երկար տարիների, որպեսզի մեր սերունդներին փոխանցվի այն ժառանգությունն ու հիշողությունները, որը թողել է Առնո Բաբաջանյանը»,- նշեց Ստեփանյանը։

Հիմնադրամին անհրաժեշտ է իրավական հիմք  վերոհիշյալ  տարածքում որևէ գործունեություն իրականացնելու համար։ Իսկ գաղափարն  իրականություն դարձնելու համար աշխատանքի առյուծի բաժինը ստանձնել  է հենց հիմնադրամը, այդ թվում  նաև ֆինանսական պատասխանատվության հիմնական բեռը։

«Մեր հիմնադրամը  երբեք պետությունից գումար չի ստացել և չի ակնկալել։  Մեր ամբողջ գործունեությունն իրականացվել է  մեր և մեր բարեկամների միջոցներով։ Ամբողջ ծախսը, որը մոտավորապես 150-200 հազար դոլլար է, հիմնադրամը վերցնում է իր վրա, և կհոգա այն մարդկանց միջոցով, որոնք կցանկական օգնել։  Թող թանգարանը լինի վճարովի, որպես պետական հիմնարկ գումարը կստանա պետությունը։ Այնտեղ ընդամենը մի քանի աշխատողի աշխատավարձի խնդիր կա, որը գուցեև  իր եկամուտներից կփակի թանգարանը, եթե ոչ, արդեն պետությունը վճարի  մի քանի հոգու աշխատավարձը»,- ասաց հիմնադրամի փոխնախագահը։

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը  Երևանում պետական կարգավիճակ ունեցող կոմպոզիտորի թանգարանային անկյունն ունենալու անհրաժեշտությունը կարևորում է ոչ միայն նրա հիշատակը կարևորելու, Բաբաջանյանի ստեղծագործական հսկայական ժառանգությունը մեր սերնդին փոխանցելու, այլև նրան միջազգային ասպարեզում հանրահռչակելու  առումով։

«Ուսանողներից մեկը, որն իր գիտական թեզը պաշտպանում էր ԱՄՆ-ում  և թեման վերցրել էր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, դիմեց մեզ  նյութերի համար։ Մենք, իհարկե, ընդառաջեցինք, բայց նման դեպքերում  արժանահավատության և վստահության առոմով բոլորովին այլ բան է, երբ այդ նյութերը տրամադրում է  պետական կարգավիճակ ունեցող թանգարանը»,- հավելեց Ստեփանյանը։

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի վերոնշյալ դիտարկումներն ու, մասնավորապես, մտահոգություններն ու ակնկալիքները  պաշտոնական փաստաթղթի վերաբերյալ  ամբողջությամբ փոխանցեցինք  ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Խաչատրյանին, որի հետ էլ, ըստ էության, եղել է թանգարանի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը։

«Ռադիոլուր»–ի հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրեց, որ Առնո Բաբաջանյանին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկը կորոշի այդ նպատակով ստեղծվելիք հոբելյանական հանձնաժողովը։ Ասաց՝ դեռ ժամանակ ունեն ծրագրերը հանձնաժողովականների հետ քննարկելու, բայց թանգարանի մասով  որոշումը հստակ է․

«Առնո Բաբաջանյան համերգասրահում տարածք է նախատեսված թանգարան բացելու համար։  Պարզապես այդ թանգարանը չի լինելու առանձին կառույց, այլ լինելու է համերգասրահի անբաժան  մասը։ Ըստ երևույթին՝ հիմնադրամը պատկերացնում էր, որ դա առանձին թանգարան պետք է լինի՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես մյուս թանագարաններն են, բայց կայացվեց որոշում, որ Աբովյան փողոցի վրա գտնվող Բաբաջանյանի անունը կրող այդ ամբողջ համալիրը տոգորվի բաբաջանյանական մշակույթով»,- ասաց Նարինե Խաչատրյանը։

Նախարարությունում արդեն պատրաստում են, և ամենայն հավանականությամբ հենց այս շաբաթ կլինի նախարարի հրամանը, ըստ որի՝ փոփոխություններ կկատարվեն Առնո Բաբաջանյան համերգասրահի կանոնադրության մեջ, ինչը հնարավորություն կտա, որ համերգասրահի կազմում գործի հիշյալ թանգարանը։ Նարինե Խաչատրյանը ևս ընդգծեց, որ ֆինանսական խնդիր այս հարցում, թերևս, չկա։

«Ֆինանսական խնդիր չկա, իրենք ստանձնում են դա։  Անշուշտ, նախարարությունը ևս իր հայեցակարգային, մեթոբանական, անհրաժեշտության դեպքում՝ նաև  ֆինանսական օժանդակությունը կբերի, որովհետև խոսքը աշխարհահռչակ ստեղծագործողի մասին է»,- ասաց Խաչատրյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝  2021-ի հունարին կայանալիք հոբելյանի նախապատրաստական աշխատանքները կակտիվացնեն տարեկեսին։ Ւսկ թանգարանի բացումը նախատեսում են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին։

Back to top button