ԿարևորՀասարակություն

Դատական քաշքշուկներ՝ Գլաձորի համայնքապետի և հանքավայրը շահագործել ցանկացող ընկերության միջև

Գլաձորի համայնքապետն  ու  «Վայկ Մետալ» ՍՊԸ ներկայացուցիչներն  արդեն մի քանի տարի շարունակ դատական քաշքշուկների մեջ են, միմյանց դեմ դատական հայցեր են ներկայացնում։ Ընկերությունը ցանկանում է հետազոտական ուսումնասիրություններ անցկացնել համայնքի տարածքում, իսկ համայնքի ավագանին դեմ է, թույլ չի տալիս։ Դատարանը բավարարել է ընկերության հայցը, սակայն ավագանին կտրուկ դեմ է հանքավայրում պաշարների գնահատման ուսումնասիրությունների անցկացմանը։

Վայոց ձորի  մարզում  դեռևս մի քանի տարի առաջ  «Վայկ Մետալ» ՍՊԸ-ը ցանկություն հայտնեց շահագործել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը, ինչի  համար նախևառաջ  անհրաժեշտ էր տարածքում հետազոտական  ուսումնասիրություններ անցկացնել։ Սակայն բնակչությունը քանիցս  դեմ արտահայտվեց տարածքում հանքարդյունահանման կազմակերպմանը։ Ընկերությունն էլ ժամանակ չկորցրեց  և դիմեց Վայքի   դատարան ՝ պահանջելով թույլ տալ  ուսումնասիրությունները։ Դատարանը բավարարել է  պահանջը, սակայն համայնքի ղեկավարը բողոքարկել է վճիռը։ Դատական այս քաշքշուկը արդեն մի քանի տարի է ձգձգվում է, սակայն հարցը դեռ լուծված չէ։ Գլաձորի համայնքապետի փաստաբան  Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում  պարզաբանում է, ընկերությունը ցանկանում էր ուսումնասիրություններ անել,  մարդիկ դեմ արտահայտվեցին, քանի որ այդ տարածքներում իրենց խոտհարքի, վարելահողերն են։ Դատարանը հաշվի չի առել այս հանգամանքը ,պարտավորեցրել է Գլաձոր համայնքի ղեկավարին հող հատկացնել։

«Համայնքի ղեկավարը իրավունք չունի հողհատկացման պայմանագիր կնքելու և հողհատկացում անելու։ Դրա համար այդ վճիռը երեք անգամ բողոքարկել ենք, բայց ուժի մեջ է մնացել։ Լրիվ անօրինական վճիռ է, քանի որ Վայքի դատարանը պարտավորեցրել է համայնքի ղեկավարին ոչ օրինաչափ  գործողություններ անելու։ Եվ սահմանադրությամբ, և հողերի մասին օրենսգրքով, և ՏԻՄ- երի մասին օրենքով արգելվում է, որ  համայնքի ղեկավարը հողհատկացման պայմանագիր կնքի, հող հատկացնի և թողնի այդտեղ ուսումնասիրություններ անել»։

Փաստաբանի խոսքով ՝ որոշումը պետք է կայացնի ավագանին, այսինքն ՝ հարցը ավագանու իրավասության ներքո է։

«Համայնքի ղեկավարը դիմում է ավագանուն, որպեսզի դատարանի վճիռը կատարվի, սակայն երկու անգամ ավագանին մերժել է։ Այսինքն՝ Գլաձոր համայնքի ղեկավարը սպառել է իր բոլոր հնարավորությունները՝ վճիռը կատարելու, որպեսզի այդ հիմքով  դադարեցվի կատարողական վարույթը ևՎարչական դատարանը բավարարել էր  մեր վարույթը։ Այսինքն՝ համայնքի ղեկավարը այլ ճանապարհ չունի  վճիռը օրինական կարգով կատարելու, եթե այլ ճանապարհով կատարի, ապա մեկ այլ հոդվածով քրեական պատասխանատվության կենթարկեն` պաշտոնական դիրքի չարաշահում»։

Մյուս կողմը կրկին բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Այսինքն` դատական քաշքշուկների ծայրը դեռ չի երևում։ Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանն ասում է, որ  անելանելի վիճակում է հայտնվել։

«Օրենսդրական կազուս է, որ 2016 թվականի մի դատավճռի պատճառով էս մի քանի տարի է բառիս բուն իմաստով մեր գործը  թողած  խճճվել ենք   դատարաններում։ Խնդիրն այն է, որ ես միտում չունեմ չկատարելու, ուղղակի որպես պաշտոնատար անձ հասկանում եմ հետագա քայլերը։ Ավագանին է տնօրինում և ես այդ իրավունքը չունեմ։ Այսինքն` երաշխիքը ուր է, որ վաղը մյուս օրը ինձ չեն մեղադրելու անօրինական գործողությունների մեջ»։

Եթե  դատարանի վճիռը համայնքի ղեկավարը չկատարի, ապա  քրեական պատասխանատվության կենթարկվի, ընդհուպ մինչև երկու տարի ազատազրկում։  «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ներկայացուցիչ Արամ Օսիկյանն էլ  մեզ հետ զրույցում պնդեց, որ  հող հատկացնելու խնդիր չկա, իրենք պարզապես ուզում են հետազոտական աշխատանքներ իրականացնել։

«Ամբողջ կռիվը դրա համար է։ Դատարանը գրել է, որ ավագանին համաձայն չէ, գրել է  այստեղ հողօգտագործում չկա, հող տրամադրում չկա, վաճառք չկա, վարձակալություն չկա։ Այսինքն` ես պետք է իմ հետազոտական աշխատանքներն անեմ, սկի միջամտություն էլ չկա»։ 

Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Առաջիկա դատավարությունը սպասվում է ապրիլին։

Back to top button