ԿարևորՄշակույթ

Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու․ Հրանտ Մաթևոսյան

Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 81-րդ տարեդարձը։ Մեր համեստ հանճարն իր ստեղծագործություններով նոր գույն ու բովանդակություն բերեց ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտությանը։ Նրա տաղանդից մեծապես շահեց նաև հայ կինոն, չնայած ինքը՝ Մաեստրոն, կինոյի էջը վաղուց փակված է համարում։ Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի Մաեստրո։

«Մայրս հմայվել է հորս երգեցողությամբ, իսկ հայրս՝ երաժշտությունը գնահատելու մորս չափազանց նուրբ կարողությամբ»։ Մանսուրյանների ընտանիքը ձևավորվել է հենց այսպես՝ երաժշտության շուրջ։ Հայրն արմատներով Տիգրանակերտից էր, մայրը՝ Կիլիկիայից։ «Երկուսն էլ որբանոցի զավակներ էին, երկուսն էլ չափազանց երաժշտասեր»,- պատմում  է Մաեստրոն։ 1947 թվականին Մանսուրյանների ընտանիքը Բեյրութից ներգաղթեց Հայաստան։ Տիգրան Մանսուրյանն ավարտեց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Դեռ ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի ստեղծագործություններ, արժանացել մրցանակների։ Տիգրան Մանսուրյանը ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն էր, և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարները ներմուծեց Հայաստան։ Նրա երաժշտությունը մեծ ոգևորությամբ են ընդունում աշխարհի ամենամեծ բեմահարթակներում, Մաեստրոն այսօր էլ պատվերներ է ստանում տարբեր երկրներից։

«Եթե անգամ այդ պատվերների միայն կեսը ընդունեմ, տարվա ընթացքում կխեղդվեմ։ Ուստի՝ հնարավորինս մերժում եմ և ընդունում միայն այն, ինչ ինձ համար ամենահետաքրքիրն է ու ամենակարևորը։»

Մանսուրյանի երաժշտությունից, բարեբախտաբար, անմասն չմնաց նաև հայ կինոն. «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», բազմաթիվ ֆիլմեր ևս, որոնք հայտնի ու սիրելի դարձան նաև Մանսուրյանի երաժշտության շնորհիվ։ Մաեստրոն ինքը, սակայն, կինոերաժշտության մասին այսօր անցյալ ժամանակով է խոսում, կինոյի հետ համագործակցության էջն այլևս փակված է համարում։

«Ինձանից շատ է տանում կինոն, մտնում ես մի ուրիշ միջավայր, ուրիշ  չափանիշներ, ուրիշ մտածողություն, հետո երբ ուզում ես վերադառնալ  քո երաժշտությանը, դա էլ  մի ուրիշ դժվարություն է դառնում»։

Սնվել է արվեստի գրեթե բոլոր աղբյուրներից, սիրում է, ինչպես ասում է, մտքի թափառումներ ունենալ տարբեր արվեստներում, շփվել է իր ժամանակի մշակույթի գրեթե բոլոր մեծերի հետ, բայց իմ սերերը նույնքան հարուստ են մյուս աշխարհում, խոստովանում է Մանսուրյանը։

«Կան արժեքներ, որոնց հետ ես շփվել եմ ու առ այսօր շփվում եմ, բայց նրանք այն աշխարհում են։ Երջանիկ առիթ եմ ունեցել շփվելու Մարտիրոս Սարյանի հետ։ Ինձ համար նա ապրելու, հայրենիք սիրելու, արժեքներին անմնացորդ նվիրվելու, մեծ աշխարհից հրաժարվելու և երկրին նվիրվելու բացառիկ օրինակ է»։

«Իմ առաջին սերը եղել է հայ գրականությունը և առ այսօր՝ երաժշտությանը զուգահեռ, իմ մեծագույն սերը գրականությունն է։ Ես հայոց լեզվի զավակն եմ»,-խոստովանում է Տիգրան Մանսուրյանը։ Հայոց լեզվի և երաժշտության վրա գոյացած մեծագույն անունը, ըստ Մանսուրյանի, Կոմիտասն է, որի հանդեպ գրեթե պաշտամունքի հասնող վերաբերմունք ունի։ «Վստահ եմ, որ հայի նախնականության ուժը մեզ այսօր էլ կպահի, կմաքրի, վաղն էլ»։

Վստահ ենք, որ մեզ դեռ պահում, մաքրում  է նաև Տիգրան Մանսուրյան մարդու, արվեստագետի անբիծ ներկայությունն ու նրա երաժշտությունը, որի մասին «Լոս Անջելես թայմս» թերթը գրեց․ «Մանսուրյանի երաժշտությունը զվարթ, սաստիկ ոգեշնչող է։  Նրա գործերում գեղեցիկ ցավ կա, չամոքված ցավ, որն անընդհատ իրեն զգացնել է տալիս։ Մանսուրյանն այն երգահաններից է, որը նոտաները երբեք զուր չի գործածում։ Առեղծվածային է նրա երաժշտական աշխարհը, Մանսուրյանի գործը մեկ անգամ լսելով, երբեք չես մոռանա»,-գրում է թերթը։ «Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- ժամանակին ասում էր Հրանտ Մաթևոսյանը։

Back to top button