ԿարևորՀասարակություն

Կուտոյանի մահվան դեպքից մինչեւ գազի սակագին՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանում

Գործադիրը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի նման դեպքերը 100 տոկոսով բացահայտվեն․ Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան դեպքի մասին

Շատ ցավալի դեպք է։ Այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշեց ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը։ Նա ասաց, որ քննվող հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելն է, հետևաբար, Կուտոյանի ընտանիքի անդամները պետք է շատ շահագրգռված լինեն բացահայտման համար։

«Կարծում եմ՝ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության կողմից նա երաշխավորեց, որ գործադիրը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցառումները ոչ միայն այս, այլև այլ գործեր «մինչև վերջին դետալը» բացահայտելու համար։

Միանշանակ պետք է անցնել սպանդանոցային համակարգի. Փաշինյանն անասնապահներին դիմեց առաջարկով

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետին պատգամավորները հարց ուղղեցին սպանդանոցների մասին։

«Արդյո՞ք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին: Այո՛, և միանշանակ այո՛: Սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և դրանցից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահին չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ: Ինչո՞ւ չունենք, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Այն մարդիկ, որ մտադիր են ներդրում կատարել, վերջին մեկուկես տարում երկու անգամ հետաձգել ենք որոշումը: Մարդը փող է դնում, ասում՝ կարո՞ղ է՝ կառուցեմ, պարզվի՝ կառավարությունն այս կարգավորումը չեղյալ է հայտարարելու: Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, սիրելի հայրենակիցներ, որ այդ ոլորտում ներդրում են արել, և սիրելի հայրենակիցներ, որ որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ»:

Փաշինյանն ասաց՝ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել: Նա հայտնեց, որ այսօր տվել է հանձնարարական՝ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որ սպանդանոցների կառուցման և տեխնիկայի, այդ թվում տրանսպորտի ապահովման համար, ստեղծվեն լավագույն պայմաններ: Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի քարտեզ սպանդանոցների և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, ովքեր այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու, մինչև փետրվարի 6-ը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը ֆինանսավորումը բացել, մինչև  հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ միանան, գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, քանի որ ՀՀ պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, քանի որ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել»,- նշեց նա:

2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվի․ փոխվարչապետ

Գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվի, ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով՝ սակագնի փոփոխության համար:

«Կան պայմանավորվածություններ, համաձայն որոնց 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն, և կա պնդում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, որ ներդրումային ծրագիր իրականացվի: Գազն անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հաշվարկներն իրականացվում են 10 տարվա կտրվածքով, դա միանգամյա խնդիր չէ… Իհարկե՝ կան տարաձայնություններ, մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք հայատարարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի», — ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ բոլոր մտահոգություններն ու քննարկումները կներկայացվեն այն ժամանակ, երբ սակագնի փոփոխության համար հայտ ներկայացվի:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ չի պատկերացնում, թե գազի ինչ սակագին կհաստատվի, եթե սակագնի և սահմանին վաճառվող գազի գնի միջև գոյություն ունեցող սանդղակը ուռճացված ու չհիմնավորված լինի:

«Եթե հայտ ներկայացվի և հիմնավորումները բխեն այս բոլոր հանգամանքներից, բնականաբար, որոշումը կլինի արդար, և, իմ կարծիքով, բավականին պարզ»,- եզրափակել է փոխվարչապետը:

Back to top button