ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լեզգիներին, թալիշներին ու հայերին ձեռնտու է նույն խաղաղությունը

«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» երկօրյա գիտաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 6- 7- ը Երեւանում։

Նախաձեռնել են ԵՊՀ իրանագիտության ամբիոնը եւ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը։ Նպատակն է գիտական փաստերով մերկացնել ադրբեջանական պատմագիտության զեղծարարությունները։

«Ռադիոլուրի հյուրասրահում» ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հայաստանում կազմակերպվող ցանկացած գիտական, ակադեմիական միջոցառում, որի շրջանակում պատմական փաստերի հենքի վրա ներկայացվում է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների անցյալը, ադրբեջանցիները դավադիր քայլ են որակում։

«Իրականության մեջ ունենք մեկ պատասխան` կազմակերպեք նման գիտաժողովներ՝ Լենքորանում՝ Թալիշստանի մայրաքաղաքում, լեզգիներով եւ ավարներով բնակեցված շրջաններում  եւ մենք կմասնակցենք ու կներկայցնենք պատմական ճշգրիտ, եւ չխեղաթյուրված փաստեր՝ բնիկ ժողովուրդների մասին, եթե, իհարկե, հրավեր լինի»,- ասել է Ոսկանյանը։

Մյուս տեսանկյունից, ըստ Ոսկանյանի, ցանկացած արձագանք Ադրբեջանի կողմից ապացացում է, որ այս փոքրամասնությունները խնդիրներ ունեն տվյալ երկրում եւ խնդիրներ են հարուցում ադրբեջանական պետության համար։ «Այսօր հաճախ խոսում են հասարակությունների խաղաղության նախապատրաստման մասին։ Այս գիտաժողովների միջոցով, Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող անկախ իրենց կամքից հայտնված տեղաբնիկ ժողովուրդների հետ հաստատում ենք հենց այդ խաղաղության մթնոլորտը։ Ես կարծում եմ, որ թալիշները եւ լեզգիները, ավարները համաձայն են այն խաղաղությանը, այն  պայմաններին, որոնք ձեռնտու  են Հայաստանի Հանրապետությանը, եւ հայ ժողովրդին, որովհետեւ, ըստ էության, մենք այդ ժողովուրդների հետ ոչինչ կիսելու չունենք։ Հետեւաբար, սա գիտական միջոցառում է, եւ մշակութային, եւ ժողովրդական դիվանագիտության շրջանակում փոքրիկ լուման է այդ գործում»,– նշեց իրանագետը։

Գիտաժողովին կմասնակցեն եւ գիտական զեկուցումներ կկարդան նաեւ լեզգի եւ թալիշ բանախոսներ։ Նրանք կներկայացնեն Հարավ-Արևելյան Կովկասում թալիշ ժողովրդի ճակատագրին, ազգագոյացմանը, էթնիկ պատմությանը, լեզգիախոս ժողովուրդների խնդիրները։

Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մասին զեկուցումները կհրապարակվեն։

Back to top button