ԿարևորՀասարակություն

Որքանով է անվտանգ Երևանում 71 հարկանի շենքի կառուցումը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանում 270 մ բարձրության երկնաքեր կկառուցվի: Նախագծի նախաձեռնող «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունից նշում են, որ ճարտարապետական հայեցակարգի մշակումն ավարտվել է և սկսվել են ինժեներական նախագծերի մշակման աշխատանքները:

250 մլն դոլար արժողությամբ ծրագրի սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, «Ռադիոլուրին» վստահեցրել են հայկական ընկերությունից:

Սակայն  երկրաբան Ռուբեն Ջրբաշյանի համար Երևանը սեյսմիկ վտանգավոր գոտի է, և անընդունելի է երկնաքերի կառուցումը:

Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել առաջին երկնաքերը՝ 71 հարկանի շենք: 270 մետր բարձրությամբ շենքը կունենա անմոռուկի տեսք: Այն նախատեսվում է կառուցել  Ծովակալ Իսակով-Մոնթե Մելքոնյան խճուղու հատվածում:

Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Ինժեներական բոլոր նախագծերն իրականացնելու է արաբական «Բայնոնա» ընկերությունը:

«Ամոռուկ» բացմաֆունկցիոնալ շենքը կունենա նաև 200 հեկտար մակերեսով հանգստի գոտի: Երևանը համարվում է 8-8,5 բալանի սեյսմիկ գոտի, սակայն հայկական ընկերության  ինժեներ-կոնստրուկտոր Տիգրան Խառատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ շենքի նախագծման աշխատանքները կատարվելու են մինչև 9,5 բալանի դիմադրողականության համար:

Ճարտարապետական կոնցեպտում եղել են փոփոխություններ: Եթե նախկինում ծաղիկ անմոռուկը պետք է բարձրանար մինչև վերջ, ապա այժմ ծաղկի տերևներն ունենալու են  տարբեր բարձրություն՜ 170, 180, 230 և 270: Թե ինչի՞ համար է կոնցեպցիան փոփոխվել,  ներկայացնում է Տիգրան Խառատյանը:

«Երբ մենք անցյալ տարի շենքը տեղադրեցինք աերոդինամիկ հատուկ խողովակի մեջ, շենքն ուներ շատ մեծ դիմադրողականություն: Երբ քամին հանդիպում է կառույցին, այն պետք է այլ ճանապարհ ունենա անցնելու: Դրանից հետո աերոդինամիկ փորձարկումների արդյունքում կոնցեպտը փոփոխվել է»:

Շենքը բաժանվում է 3-4 մասի: Յուրաքանչյուր 15 հարկն անկախ է մյուսից: Այսպես  կարող են դիմադրել բնական տարերքներին, ասում է ինժեներ-կոնստրուկտորը: Թե որքանով է Հայաստանում անվտանգ նման շենք կառուցելը հարցին, Տիգրան Խառատյանը վստահեցնում է՝ այս նախագծում սեյսմիկ անվտանգության վերաբերյալ հարցեր չկան: Այստեղ կարևոր խնդիրը քամիների ճիշտ հաշվարկներն են:

«Դուք վերևի հարկում նստած պետք է չզգաք թե ջուրն ինչպես է դողում բաժակի մեջ: Ես վստահ կարող եմ ասել, որ  սեյսմիկի առումով մենք խնդիր չենք ունենա»:

Երևանը գտնվում է սեյսմիկ վտանգի գոտում և ոչ մեկ չի կարող 100 տոկոսով երաշխավորել, որ  երկրաշարժի  դեպքում 71 հարկանի շենքը չի փլվի, նշում է երկրաբան Ռուբեն Ջրբաշյանը:

«Անհնար ոչինչ գոյություն չունի: Բայց ռիսկերն այնքան մեծ են, որ չես հասկանում դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ»:

Մայրաքաղաքում պետք է ճիշտ հաշվարկներ կատարվեն նաև  տարհանման,  հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ կատարելու ուղղությամբ: Այս հարցում ևս բացթողումներ կան՝ ասում է երկրաբանը:

«Բոլորովին դեմ եմ, որ մանավանդ Երևանի կենտրոնում կառուցվեն բարձրահարկ շենքեր: Մի հատ շտապօգնության մեքենա բակ մտնել չի կարողանում: Եթե մի բան լինի, մարդկանց տեղափոխելու հարց լինի, ոտքի տակ են ընկնելու և դա էլ խնդիր առաջացնի»:

Այս նախագծում այդ հարցն էլ են կարգավորել, ասում է ինժեներ-կոնստրուկտորը: Նման կառույցներում լինում են հրշեջ անվտանգության  և շտապօգնության բազաներ:

« Շենքի մեջտեղում շենքի սիրտն է: Մեջտեղի 2870 մետր բարձրության այդ աշտարակը տեխնիկական աշտարակ է: Ամեն տերևի մեջից բնակիչը հրդեհի ժամանակ  տեղափոխվելով ընդամենը 15 մետր դեպի մեջտեղի աշտարակ  կարող է 18 ժամ մնալ այդ աշտարակում, որը  հատուկ տեխնոլոգիաներով պահպանում է հրդեհից և ծխից խեղդվելուց»:

Մոտ 8 ամսից պատրաստ կլինի ինժեներական նախագծման փաթեթը, որը Ճապոնիայում, Ռուսաստանում և Լոս-Անջելեսում փորձաքննություն անցնելուց հետո նոր կյանք կստանա:

Back to top button