ԿարևորՀասարակություն

Անտառից ոչ թե փայտ, այլ միրգ ու հատապտուղ

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման ուղղություններից մեկն անտառի բնամթերքի օգտագործումն է:  Տավուշի անտառներում  էկո բնամթերքի մեծ պաշարներ կան, որի 5 տոկոսն է օգտագործվում: Տարիներ առաջ գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ ՋԻ ԱՅ ԶԵԹ-ի հետազոտման գնահատմամբ Տավուշի մարզի անտառներից տարեկան կարող են հավաքել մինչև  300 մլն եվրո արժողության  միրգ և հատապտուղ: Մարզում  ծրագրեր եմ մշակվում անտառի մրգի և հատապտղի մթերման ուղղությամբ:   Անտառի բարիքներից են օգտվում Ազատամուտ գյուղի մի քանի բնակիչներ, որոնք անտառ են մտնում վաղ գարնանից մինչև խոր աշուն: 

Տավուշի մարզի անտառահատումները վերջին շրջանում թոփ թեմա են  դարձել, որտեղ շահարկվում են սոցիալական խնդիրները՝ անտառով ընտանիք են պահում, անտառի փայտով տներ են տաքացնում: Անտառը կրկին կարող է սոցիալական խնդիրներ լուծել, սակայն ոչ թե բնափայտով, այլ անտառի բարիքներով՝ մրգերով ու հատապտուղներով: Ազատամուտ համայնքի  բնակչուհի Սուսաննա Պետրոսյանն արդեն 30 տարի անտառ է գնում, հավաքում այն, ինչը հնարավոր է վաճառել կամ պահածոյացնել. «Շուշան եմ բերում, բոխի եմ քաղում, բանջար, խոռ եմ բերում, էն որ խորովածի վրա են լցնում՝ էդ ուրցից, սեզոնային, էդ գործովն  եմ ես զբաղվում»:

Տիկին Սուսաննան ասում է, որ նույնիսկ տաք ձմռանն է  օգտվում անտառից. «Ձմեռն էլ ենք քինում, մենք քինում ենք Դեղձավան, Նոյեմբերյանի ռայոնի հենց անմիջապես Վրաստանի գրանիցը: Փիփերթ ենք հավաքում, պիրում, կապուկներ ենք անում,  տանում Իջևան, տալիս դալալին կամ մենք ենք ծախում»:

Անտառի մոռը վերջացել է, մոշ դեռ կա, հոնն էլ նոր է հասել և հավաքելու  ժամանակն է:  Տիկին Սուսաննան հարևանու՝ Անյայի  հետ նորից մտնելու է անտառ. «Հոն եմ բերելու, 200 դրամով զավոդը ընդունում ա,  սաղ հոնի ծառեր ա»:

«Ռադիոլուր»-ի հարցին՝ բոլոր բնակիչներն են օգտվում անտառից, տիկին Անյան ձեռքը թափահարելով պատասխանեց. «Էհ, չէ, մի քանի հոգի»:

Հիվանդության պատճառով արտագնա աշխատանքից հրաժարված Նոդար Միրզոյանի համար անտառի բարիքները որոշակիորեն ընտանիք պահելու միջոց են դարձել:

«Ցախով չեմ ասում, անտառումը պոպոքը կա, մոշ ա, մոռ ա, բանջարեղեն ա, սունկ ա, ամեն ինչ կա: Աշխատող մարդ ա պետք, գնա, հավաքի իրա հացի փողն ա: Ես էլ եմ գնում, ինչ ա եղել, ամոթ չի: Մոշ եմ հավաքում, էն էլ էս տարի գործարանից չեն գալիս տանեն: Երևան ենք հանձնում, թե ինչ ա եղել՝ չգիտենք»:

Անտառի բնամթերքը համարվում է էկոլոգիապես մաքուր սնունդ  և աշխատանքներ պետք է տանել այն իրացնելու համար: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը անտառի մրգերի  ու հատապտուղների վերամշակումը  դիտում է որպես մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիր.

«Սա մեր գյուղատնտեսական երկրորդ պոտենցիալն է, որն ունենք և գրեթե ռեալիզացված չէ: Ըստ գնահատումների, օգտագործում ենք անտառի պոտենցիալի ոչ ավելին, քան 5 տոկոսը»:

Ազատամուտը բանվորական ավան է եղել, որը հիմնվել է տեղի արտադրական նախկին հսկա «Բենտոնիտ» կոմբինատի հիման վրա, վարչատարածքային փոփոխության արդյունքում դարձել է գյուղական համայնք:  Տեղացիներն ապրում են  բազմահարկ շենքերում, աշխատանք չունեն:  Հարցս ուղղեցի մի քանի տղամարդկանց՝ զբաղմունք ունե՞ն, թե՞ ոչ. «Զբաղմունք չունենք, ոչ մի բան չունենք, պարապ-մարապ մարդիկ ենք, էլի, ամուսնացած չեմ, ընտանիք չունեմ, ախպերս ա պահում»,— պատասխանեց  մոտ 40 տարեկան տղամարդը:

«Չեմ աշխատում, թոշակով մի կերպ ապրում ենք, կինս ուսուցչուհի է, 3 երեխա ունեմ, 2-ը  մեծ են: Միջնեկս բանակից նոր ա եկել, ուզում ա մտնի պայմանագրային զինծառայող»: «Աշխատանք չունեմ, գնում ենք կարտ խաղալու»:

Բենտոնիատային կավերի արտադրությունում համայնքից աշխատում է 40 բնակիչ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը համայնքի  զարգացման հեռանկարում Ազատամուտը տեսնում է, որպես  քաղաք, որտեղ նախատեսվում է իրականացնել մի քանի համալիր ծրագիր. «Մենք Ազատամուտում կհիմնենք բրիկետների արտադրություն, կդնենք խոշոր  լոգիստիկ կենտրոն, որը ենթադրում է նաև մեծ ծավալի աշխատատեղեր: Մենք ունենք նաև նախնական համաձայնություն թեթև արդյունաբերական ձեռնարկության ստեղծման  համար: Կլինի կարի արտադրություն, որն առաջին փուլում կապահովի մոտ 100-150 աշխատատեղ»:

Բանվորական ավանը չունի սեփական հողեր, բայց տեղացիներից մի քանիսը, այդ թվում նաև Սուսաննան, մշակում են համայնքի վարչական տարածքից դուրս, Աղստև գետի երկու ափին  գտնվող գյուղատնտեսական նշանակության ազատ հողերը, որոնք  պետականորեն ոչ մի ճանաչում չունեն:

«1500 մետր տարածք ա, կարտոշկա, լոբի, վարունգ, ծիծակ, բիբար, օգտվում ենք, բայց դա իմ սեփականը չի, որ սեփական լինի,  ծառ կդնեմ՝ կորոլյոկ, թուզ, խնձոր»:

Տիկին Անյան ավելի շատ հող է զբաղեցրել՝ 8000 քմ,  պտղատու  մեծ այգի է հիմնել՝ տարածքը դարձրել  բուրաստան. «Մեր հողը  մեծ ա, բերքատու ծառեր ենք դրել, 59 ծառ : Թուզը, ուժե բերքի տակ ա, Վաճառում էլ ենք, ուտում, փակում»:

Այս հողերը, Ազատամուտ համայնքի  ղեկավար Վահագն Ալավերդյանի տեղեկացմամբ, անկլավ  է, բայց կառավարության որոշմամբ գտնվում է Ազատամուտի տիրապետության ներքո և 4 տնտեսություն զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ. «Խնդրի լուծման նպատակով շատ ենք դիմել կառավարություն, ես էլ, ինձնից առաջ էլ, բայց մինչև հիմա օդից կախված է»:

Մինչև պետական  կամ միջազգային հարթակներում կլուծվի  երկու  պետությունների ներսում անկլավ հանդիսացող տարածքի հարցերը, տիկին Անյան արդեն քաղելու է  թզի առաջին բերքը և իրացնելու շուկայում կամ վերամշակման կետերում: Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով  Տավուշի մարզպետի տեղեկացմամբ  մարզում նախատեսվում է բացել 6 մթերման կետ, որից  ամենախոշորը Բագրատաշենում և Ազատամուտում:

«Ռեպորտաժը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» հկ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ»:

Back to top button