ԿարևորՀասարակություն

Գանձաքարցի Մարսելն ու Մարգարիտան այծեր են պահում՝ հաղթահարելով խոչընդոտները

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզում, բացի խոշոր եղջերավոր անասնաբուծությունից,  զբաղվում են նաև այծաբուծությամբ, որի կաթն ամենամեծ մթերվող գինն ունի: Այս ոլորտում ֆերմերները հանդիպում են մի շարք խոչընդոտների: Այծաբուծության զարգացման համար չկա համակարգված մոտեցում: Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, որ հաջորդ տարի նախատեսվում է Բերդում բացել այծի կաթի վերամշակման արտադրություն:

Անասնապահության ոլորտում այծաբուծությունն այնքան էլ զարգացած չէ, բայց Տավուշի մարզի Գանձաքար գյուղից Մարսել Մարտիրոսյանը 4 տարի առաջ որոշեց խոշոր եղջերավոր անասունները փախարինել այծերով և զարգացնել այծաբուծությունը.

«Երեք կովը փոխանակել եմ 40 էծի հետ: Էծն ուլից էժան է, եթե մսի տակ ես առնում»:

Այծերը  գերադասել է կովերից, քանի որ այծի կաթն ավելի մեծ արժեք ունի, արժեքավոր է  նաև միսն ու մորթին: Սկզբում հաջողություններ է ունեցել, քանի որ կաթը հանձնել է տեղում՝ 1 լիտրը 250 դրամով.

«Ինչ-որ կաթի հանձնելու տեղ կար, էլի, Նոյեմբերյանում, որ, ասենք, կաթ  հանձնենք, էն էլ, երևի, անօրինական էր, ընկեր Փաշինյանը փակեց:  Տանում էին իրանք պանիր էին սարքում: Օրը մի 60լ-70լ կթում ենք»:

Այծի կաթի վաճառքից ստացած եկամուտն ավելի էր ոգևորել ֆերմերին: Կաթի վերամշակման արտադրության փակվելուց հետո կաթի ավելցուկ ունեն, պանիր են սարքում, բայց գնորդ չունեն.

«Խանութներում, թե որտեղից են բերում, մի էսքան կտորը  2000 դրամ (ձեռքի մատներով ցույց է տալիս 200գ-300գ գրամի չափով), բայց մենք 1 կիլոն 1500 դրամով չենք կարողանում վաճառենք: Ընենց,  որ լավ վիճակ չի, էլի, էս պահին»:

Այծի միսն ու կաթը համարվում է դիետիկ սնունդ, մազից ստանում են բարձրորակ  թելեր: Բրդոտ ցեղատեսակների մազի վերամշակման կետեր չկան: Յուրաքանչյուր մորթից հետո Մարսել Մարտիրոսյանը ստիպված  այրում  է մորթին, ցանկացողներն էլ վերցնում են, տան համար պարաններ հյուսում: Հանդիպելով բազմաթիվ դժվարությունների, այնուամենայնիվ այծաբուծությամբ զբաղվող ֆերմերը չի հուսահատվել  և գտել է ելքը

«Մեզ համար հիմա պանիր էդքան շատ չենք անում, թողում ենք ուլը ուտում ա կաթը, որ ավելի լավ մեծանա, մսի վրա ենք արդեն աշխատում: Բայց կաթը, որ հանձնում էինք, ուլը մի քիչ փոքր էր մնում, բայց կաթնից արդեն կարում էինք եկամուտ ստանանք»:

Մարսելը չի հրաժարվում այծաբուծությունից, մտադրվել էր  մեծացնել ֆերման, բայց դրա համար  գտնում է, որ  համակարգված մոտեցում է պետք:

«Մենք հըլա ուզում ենք էլ շըտըցնենք, եթե կարենանք վարկ վերունենք»- միջամտում է կինը՝ Մարգարիտան:

«Մեր արոտավայրերը, հանդերը քիչա, անտառ ա մեջը, ըտեղ էլ պահելը շատ դժվար ա: Գումար ա պետք, ֆերմա է պետք, պատվի, մեծանա: Շատ խնդիրներ կա, էլի, որ պետք կատարվի, կարենանք զարգացնենք, թե չէ՝ մեր  ուժերով չի ստացվում»:

Ֆերմերին աջակցելու ինչ լուծումներ են առաջարկում Տավուշի մարզպետարանում:  Փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանն ասում է, որ հաջորդ տարի այծի կաթի վերամշակման նոր արտադրություն է հիմնվելու Բերդում, հայ գործարարի գործընկերը Հունաստանից է.  

«Հունական կողմն ապահովելու է բոլոր տեխնոլոգիական գործընթացները, աջակցելու է սարքավորումների ձեռքբերմանը: Նպատակը  «Ֆետա» պանիրների արտադրությունն է մեր մարզում, որը երկրում բաց ա: Մեր մոտ ոչխարի կաթի իրացման շուկաները բավականին քիչ են ու էդ մշակույթը ձևավորված չի»:

Մարսել Մարտիրոսյանը 1 հա խոտհարք ունի,  երաշտի պատճառով այս տարի խոտը քիչ է,  ձմռանը չի բավարարի:  Տարվա սկզբին ծնված ուլերը ձմռան ձագեր են ունենալու:   Անասնակեր ձեռք բերելու նպատակով Մարսելն օգտվելու է  5 տոկոսադրույքով  տրվող գյուղատնտեսական վարկերից:

Տավուշի մարզում այծաբուծությամբ զբաղվողները քիչ են, նրանց անուն առ անուն գիտեն: Այծեր են պահում Դիտավանում, Զորականում, շատ քիչ քանակությամբ նաև՝ Վազաշենում: Եթե մարզում այծաբուծությունը մի քանի ընտանիքի կերակրման միջոց է, ապա համակարգված աշխատանքի դեպքում կարող է սոցիալ-տնտեսական զարգացման ուղղվածություն ունենալ, նոր աշխատատեղեր բացելու հեռանկարով:

Ռեպորտաժը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում՝  Տավուշի մարզ կատարված այցելության ժամանակ:

Back to top button