ԿարևորՔաղաքական

Ովքեր կաշխատեն «ապրիլյան» հանձնաժողովի հետ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սեպտեմբերից կաշխատի նոր կառուցվածքով: Հանձնաժողովն արդեն որոշել է՝ ում է հրավիրելու եւ ինչ կարգավիճակով: Այս պահին, սակայն,  ոչ բոլոր հրավերների պատասխանններն են ստացվել:

«Ռադիոլուր»-ը խոսել է հանձնաժողովի հրավերը ստացած գործիչներից մի մասի հետ: Պաշտպանության նախկին նախարար Նորատ Տեր-Գրիգորյանցը հրավերն արդեն ստացել է, բայց ունի նախապայմաններ:

Ազգային  ժողովի  «ապրիլյան» քննիչ հանձնաժողովում բացի պատգամավորներից սեպտեմբերից արդեն կաշխատեն նաեւ խորհրդատուներ: Անձերը որոշված են, հրավերներն ուղարկված:

 «Հանձնաժողովների անդամի հարցադրումների մեջ եթե կարող է լինել քաղաքական կոմպոնենտ, ապա խորհրդատուների ընդգրկման լայն պարագայում դա միայն լինելու պրոֆեսիոնալ հարցադրումների շրջանակներում»,- ասաց Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց. համաձայնել է եւ մեծ պատրաստակամությամբ սեպտեմբերից կաշխատի այդ հանձնաժողովում:

Թեմայի շուրջ կխոսի ավելի ուշ, այս պահին նպատակահարմար չի համարում: Քննիչ հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ համատեղ աշխատանքի համաձայնություն տվել է նաեւ Հայաստանի ԶՈՒ հրետանու հիմնադիր Վլադիմիր Հայրապետյանը: Կան նաեւ այլ հրավիրյալներ, որոնց վերջնական պատասխանները դեռ չեն ստացվել:

Մտորումների մեջ է պաշտպանության նախկին նախարար Նորատ Տեր-Գրիգորյանցը: Այս պահին նա Ռուսաստանում է: «Ռադիոլուր»-ի հետ շփվել է գրավոր՝ հաստատելով, որ հրավերն արդեն ստացել է, բայց ունի նախապայմաններ. 

«Ինձ անձամբ հեռախոսով հրավիրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Եթե հանձնաժողովը աշխատելու է միայն այն նպատակով, որ բացահայտի մեղավորներին եւ դատի նրանց, ապա ես կհրաժարվեմ հրավերից: Բայց եթե այդ աշխատանքներն ուղղված են խնդիրների բացահայտմանը, դրանց վերացմանն ու հետագա կանխարգելմանը, եթե ձեռնարկվելու են  գործուն քայլեր՝ բարձրացնելու Հայաստանի ԶՈՒ ու ամբողջ համակարգի մարտական պատրաստվածությունն, ապա մեծագույն հաճույքով կմասնակցեմ մասնագիտական աշխատանքներին»:

Պատժի՞չ, թե՞ կանխարգելող. որ գործառույթն է  առաջնային լինելու  քննիչ հանձնաժողովի համար: Այս հարցի պատասխանը շատերին հետաքրքրել է հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից եւ հենց այդ ժամանակ  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձել է ձեւակերպել հիմնական  նպատակը:  

 «Հանձնաժողովը չունի որեւէ թիրախ բանակում: Հանձնաժողովի այս աշխատանքը միտված է բանակի հզորությունները ավելացնելուն: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ բանակը անմասն չի մնացել տարբեր ձեւաչափի շահարկումներից եւ օգտագործված լինելուց: Մարտի 1-ը՝ մեզ օրինակ: Այսօրվա բանակն ունի քաղաքական այլ պատվեր՝ վերականգնել իր երբեմնի փառքը  տարածաշրջանի մարտունակ բանակ լինելու , եւ դրա համար այս հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու այդ խնդրի լուծմանը: Բայց միաժամանակ, մենք գտնելու ենք բոլոր այն հուզող հարցերի պատասխանը, որ այսօր կասկածը մեզ բոլորիս թուլացնում է: Զեկույցներ անպայման լինելու են, եզրահանգումների մենք անպայման գալու ենք, փաստերը պետք է լինեն անառարկելի: Թող հասարակությունը գնահատի: Զեկույցները ի՞նչ ընթացք կունենան հետո՝ գուցե քրեական հետապնդման առիթ հանդիսանան: Բայց դա արդեն մեր որոշելիքը չէ»:

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում հրավիրյալ մասնագետի կարգավիճակով աշխատելու ցանկություն ունեցել է Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա Ծռեր» կուսակցության անդամներն անգամ գրավոր եւ հրապարակային ներկայացրել են այդ պահանջը: Հրավիրյալների ցանկում, սակայն, այս պահին Սեֆիլյանի անունը չի շրջանառվում: «Սասնա ծռեր»-ից Գեւորգ Սաֆարյանի ներկայացմամբ՝ որեւէ պարագայում իրենք հանձնաժողովից չեն նեղանում:  

 «Ժիրայր Սեֆիլյանի ներգրավումը այդ հանձնաժողովում թույլ կտար հանրային լայն շրջանակներին մեծ վստահություն ունենալ այդ հանձնաժողովի նկատմամբ, որովհետեւ որեւէ մեկը, կարծում եմ չէր կասկածի, որ այն մարդը ով ինքնակամ բացահայտել է ապրիլյան կորուստները, կարող է որեւէ բան կոծկել: Ապրիլյան պատերազմի օրերին հենց Սեֆիլյանն է բացահայտել, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ: Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը կոծկվում էր այդ փաստը եւ ասում էր, որ հայկական կողմը տարածքային կորուստներ չի ունեցել:  Մենք անգամ այս ձեւաչափով, որեւէ կերպով պետք է օգնենք այս հանձնաժողովին: Այսինքն՝ չկա այդ մոտեցումը, որ եթե մենք այդ հանձնաժողովում չենք, ապա ունենք ինչ որ տեղեկություն եւ չենք տա: Որեւէ նման մոտեցում չկա, բայց միեւնույնն է կան մի շարք կասկածներ, որ հանձնաժողովը, ինչպես ժողովուրդն է ասում, կգնա մինչեւ վերջ՝ հիմնական խնդիրը, դավադիր պատերազմը բացահայտելու»: 

Այս պահին սա այն ամենն է, ինչ հայտնի է քննիչ հանձնաժողովի խորհրդատուների մասին: Ցանկը, սակայն, ամբողջական չէ, կան անուններ որոնք կհրապարակվեն սեպտեմբերին, ասում է Անդրանիկ Քոչարյանը:

 «Հանձնաժողովի անդամները նաեւ ցանկություն ունեն խորհրդատուների մեջ տեսնելու հետախուզության համակարգը բարձրակարգ պատկերացնող պաշտոնյայի: Մենք գիտենք, թե ում պետք է հրավիրենք: ԶՈՒ-ից չի լինելու, որովհետեւ հետախուզության աշխատանքների գնահատումը մենք շատ կարեւորում ենք, թե ինչպիսի տեղեկատվություն է հետախուզությունը կարողացել եւ փոխանցել ԶՈՒ համապատասխան օղակներին, որպեսզի նրանք կարողանային կայացնեին ճիշտ որոշումներ, որոնք ըստ գործող պլանի՝ պետք է ապահովեին ճիշտ պաշտպանական մարտավարություն: Այնպես որ, այդտեղ էլ մենք հրավիրելու ենք շատ լուրջ մասնագետի: Խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ եւ խնդրել եմ, որպեսզի իրենք մեզ այդ հարցում աջակցեն: Հետախուզության խորհրդատուի վերջնական անունը կհրապարակենք սեպտեմբեր ամսին»: 

Մինչեւ սեպտեմբեր քննիչ հանձնաժողովն աշխատելու է:  Հանձնաժողովի անդամները համաձայնության են եկել, թե  ներկա եւ նախկին պաշտոնյաներից ում են հրավիրելու, ում  են հարցեր ուղղելու: Քանի որ այս պահին խորհրդարանում արձակուրդային «ռեժիմ» է, որոշվել է ամբողջ օգոստոսը տրամադրել փաստաթղթերի ուսումնասիրությանն ու հրավիրյալ պաշտոնյաներին ուղղված  հարցերի ձեւակերպմանը: Սեպտեմբերին արդեն քննիչ հանձնաժողովի կաշխատի ամբողջ ծանրաբեռնվածությամբ:  

Back to top button