
«Մեր լավ և պայծառ Էդվարդ Խոճիկին- անմար հուշերով»: «Շատ սիրելի Էդվարդ Խոճիկին»: Գուրգեն Մահարու ինքնագրերով այս գրքերը հայտնաբերվել են Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցից պատվիրած գրքերի շարքում՝ գրում է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը: Առաջին ինքնագիրը 1932-ին լույս տեսած «Մրգահաս» բանաստեղծությունների ժողովածուում է, երկրորդը՝ 1930-ին հրապարակված «Մանկություն և պատանեկություն» ինքնակենսագրական գրքում:

«Գրքերը մակագրված են երգիծաբան, լրագրող, մշակութային գործիչ Էդուարդ Խոճիկին: Ինքնագրերը, ի դեպ, հնարավոր էր գտնել միայն թերթելով գրքերը. «Մրգահաս»-ում, օրինակ, Մահարին մակագրել է գրքի խմբագրին՝ Եղիշե Չարենցին նվիրված ձոնի էջում: Գուցե Խոճիկն է խնդրել անունը Եղիշե Չարենցի անվան կողքին գրել կամ էլ հեղինակն է որոշել այդպիսի նվեր անել… Ինքնագրի պատմության մանրամասները կարելի է միայն երեւակայության մեջ կենդանացնել: Վստահաբար կարող ենք ասել միայն, որ այսուհետ այս արժեքավոր գրքերը տեղ կգտնեն գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնում, նշանավոր մարդկանց մակագրություններով և ընծայագրերով ինքնագրերի հավաքածուում», -նշված է գրադարանի գրառման մեջ:
«Ե՛վ «Մանկություն և պատանեկություն»-ը, և՛ «Մրգահաս»-ը լույս են տեսել Պետհրատում, որի գեղարվեստական սեկտորի վարիչը Եղիշե Չարենցն էր: Գուրգեն Մահարու գրքերի առաջին հրատարակությունները՝ ավելի քան մեկ տասնյակ գրքեր, կարելի է գտնել Ազգային գրադարանում:
Մահարին «Չարենց-նամե»-ում գրում է. «Խմբագրեց «Մրգահաս»-ը: Տպել չի կարելի. Վանանդյանը կուտի քեզ»:
Իսկ Սուրեն Աղաբաբյանը Մահարուն նվիրված գրքում նկարագրում է, թե Չարենցը որքան դժվարությամբ է ճանապարհ հարթել բոլշևիկյան Հայաստանում չխրախուսվող լիրիկական բանաստեղծությունները տպագրելու համար: Աղաբաբյանի գրքից իմանում ենք նաև, որ «Մրգահաս»-ի՝ Չարենցի մակագրությամբ մի օրինակ էլ կա, որը պահվում է ԵՊՀ-ի հատուկ ֆոնդում. մակագրությունը Չարենցի՝ Մահարուն նվիրված բանաստեղծության տեսքով է (տես կից լուսանկարում):
Արժեքավոր գրքի՝ «Մրգահաս»-ի շապիկի, սուպեր շապիկի, ֆորզացի և Մահարու դիմանկարի հեղինակը ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանն է: Իր հուշերում Վահագն Դավթյանը պատմում է, որ առաջին անգամ պատահաբար Մահարուն հանդիպելով՝ նրան ճանաչել է հենց «Մրգահաս»-ի այս դիմանկարով:

Հանդիպման ժամանակ Դավթյանը Մահարու մի բանաստեղծություն է արտասանել՝ ցնցելով նրան. «Այ տղա, դա շատ հին բանաստեղծություն է, էդ որտեղի՞ց գիտես… «Տիտանիկ»-ը ունեմ: Այն էլ ձեր մակագրությամբ՝ նվիրված Սարմենին… Չգիտեմ, ինչ-ինչ ճանապարհներով էր ընկել մեր հարևանի տուն, այնտեղից էլ թռցրի… Մալադե՛ց… Այ, տղա, այդ բանաստեղծությունը ժամանակին արյունս շատ պղտորեց….»:
1925-ին լույս տեսած «Տիտանիկ» գիրքը, ինչպես նաև «Չարենց-նամե»-ի (1968 թ.), Սուրեն Աղաբաբյանի «Գուրգեն Մահարի» գրքի (1959թ.) առաջին հրատարակությունները ևս կան Հայաստանի ազգային գրադարանում: Գրապահոցում կարելի է գտնել նաև Գուրգեն Մահարու ստեղծագործությունների ամենավերջին հրատարակությունները, մասնավորապես երկերի տասնհինգհատորյակի հատորները և գրողի շատ այլ գրքեր:




