ԿարևորՀասարակություն

Խուզարկել են ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը. դեպքին արձագանքել է ՄԻ պաշտպանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է հրապարակել: Դրանցից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:

Ոստիկանությունն այսօր ահազանգ է ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիորդանոցում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր, որտեղ դեռևս քննչական գործողություններ են իրականացնում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:

Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին:

Back to top button