ԿարևորՄշակույթ

Տեղադրե՞լ արձաններ Երևանի կենտրոնում, թե՞ ոչ

«Ռադիոլուրը» հետեւում է Ազգային պատկերասրահի շենքի կամարների առջև  Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Երրորդ թագավորի արձանների տեղադրմանը։ Պարզվում է, որ որոշումը կայացվել է դեռ անցած տարվա աշնանը, սակայն Երեւանի գեղխորհրդի որոշ անդամներ, ինչպես նաեւ շենքի ճարտարապետի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը դեմ են այդ նախաձեռնությանը։

Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը հավանություն են տվել արձանների տեղադրման նախաձեռնությանը: Ինչպես է ծնվել նախաձեռնությունը եւ ինչ քննարկումներ են սկսկվել:

 

Ազգային պատկերասրահի գլխավոր մուտքի մոտ եմ։ Երեւանի քաղաքապետարանը հավանություն է տվել, որ մուտքի այս կամարների տակ տեղադրվեն Տրդատ Երրորդ արքայի և Գրիգոր Լուսավորչի արձանները: Սրա մասին խոսվում է այսօր, բայց պարզվում է, որ արձանների տեղադրման մասին դեռ նախորդ տարվա աշնան մասին է բարձրաձայնվել:

Քանդակագործ  Սահակ Պողոսյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ ֆեյսբուքյան գրառմանն ավելացնելու բան չունի։ Իսկ սոցցանցում նա գրել էր.

Անցած աշուն իմ արվեստանոց եկավ Նարեկ Սարգսյանն ու պատմեց, թե ինչ որ մեծահարուստ  արտասահմանում  երազ է տեսել, որ ուզում է Երևանի հրապարակում դնել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի արձանը ու դիմել է ՀՀ նախագահին այդ երազն իրականացնելու ցանկությամբ:  Այդ հարցով ինձ մոտ էր եկել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ինձ էին պատվիրում քանդակել այդ արձանները:  Ես էլ  Նարեկ Սարգսյանին հաց տվեցի՝ իսկ Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք այդ արձանները։ Նա մի րոպե լռելուց հետո պատասխանեց՝ ոչ չեմ տեսնում, բայց նախագահն ուզում է: Ես նայեցի ու պատասխանեցի. «Այ ես էլ չեմ տեսնում ու չեմ անի»։ «Այսինքն հրաժարվում ես դա անելուց»։ Ասացի՝ այո: Նա զարմացած նայեց երեսիս ու ասաց՝ առաջին անգամ եմ Հայաստանում տեսնում քանդակագործի, որ հրաժարվում է   նախագահի պատվերը կատարելուց:  Զրույցը տեղի է ունեցել Վանուշ Շեմարզանյանի ներկայաությամբ և նա կարող է վկայել մեր զրույցը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Ռադիոլուրին» ներկայացրեց գերատեսչության տեսակետը՝ Հանրապետության հրապարակում նման փոփոխություն կատարելու վերաբերյալ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ասուլիսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ

Նախարարն ավելացրեց, որ հանրապետական նշանակության  արձանները չեն կարող տեղադրվել  առանց հանրային քննարկման և կառավարության համաձայնության: Պետք է քննարկեն նաև  թե որ արձաններն են հարմար այդ պատվանդանները լրացնելու համար, ասում է գերատեսչության ղեկավարը: «Ռադիոլուրի» դիտարկմանը, որ արձանները պատրաստ են նախարարը պատասխանեց:

«Արձանները պատրաստվում են հեղինակի կողմից  առանց որևէ նախնական համաձայնության»:

Աշխատանքն ստանձնել է քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Հանգստյան օրերին Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը որոշում էր՝ տեղադրե՞լ արձանները, թե՞ ոչ։

Նիստին ներկա Ազգային պատկերասրահի շենքի ճարտարապետներից Մարկ Գրիգորյանի թոռան՝ լրագրող Մարկ Գրիգորյանի համար զարմանալի էր, որ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը հավանություն է տվել արձանների տեղադրման նախաձեռնությանը: Մշակույթի նախարարության   պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց, որ  նախագծային լուծումներով  հրապարակում եղել են պատվանդաններ, որոնց վրա պետք է լինեն արձաններ, սակայն  դրանք  չեն տեղադրվել:

«Շենքի նախաստեղծ կերպարի վերականգնմանը սկզբունքորեն մենք կողմ ենք»:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը համաձայն է արձանների տեղադրման նախաձեռնությանը։ Ավանդապաշտ թեմաներ են, դասական կամարների մեջ՝ ներդաշնակ՝ ասաց:

«Նա կարող է մեր և՛երևանցիների համար, և՛ զբոսաշրջիկների համար էլ ավելի  տպավորիչ լինի, տանեն իրենց հետ լավ հիշողություններ»:  

Խորհրդի անդամ Անուշ Տեր- Մինասյանն է հակադարձում՝ պատկերասրահի  շենքի պաստառներն արդեն իսկ աղճատում  և փչացնում  են հորինվածքը, հիմա էլ առաջարկում են արձանախեղդ անել շենքը։ Այս գեղագիտությունն արդեն հնացած է՝ շեշտում է.

«Հրապարակի հետ կապված առավել շատ խնդիրներ կան ու շատ ավելի կարևոր: Այնտեղ շատ վատ կնայվի, դա ծիծաղելի կնայվի ուղղակի, գումարած գեղագիտական անհետաքրքրությունը»: 

Պատկերասրահի շենքի ճարտարապետի թոռ Մարկ Գրիգորյանն իր հետ բերել էր պապի՝ շենքի հետ կապված արխիվային լուսանկարներն ու փաստաթղթերը, պնդեց՝ արձանների վերաբերյալ որևէ հիշատակում չկա:

Մարկ Գրիգորյանը նաեւ պնդում է՝ Հանրապետության հրապարակը պատմական հուշարձան է, այնտեէ փոփոխություններ կատարելն օրենքի խախտում է:

«Եթե ուզենար այդ արձանները կլինեին»:

Երեք կողմ, երկու դեմ ձայների հարաբերակցությամբ խորհուրդը համաձայնեց, որ քանդակագործը Տիգրան Արզումանյանը շարունակի աշխատել արձանների վրա։

Եվ նոր հայտնի դարձավ, որ արձանների տեղադրմանը խնդիրը մշակույթի նախարարությունը լայն հասարակական քննարկման է դնելու, իսկ Երեւանի գեղխորհրդի հանգստյան օրերին տեղի ունեցած նիստը պաշտոնական չի համարվում։

Back to top button