Հասարակություն

Ինչո՞ւ է փակվում Հորդանանի միակ հայկական դպրոցը


Հորդանանի հայկական դպրոցը փակվում է։ Երեք հազարանոց հայ հայմայնքում խիստ անհանգստացած են:

Եթե ժամանակին ժողով հրավիրվեր ու հարցը բարձացվեր, տեղի հայերն իրենց միջոցները կներդնեին ու թույլ չէին տա որ դպրոցը փակվի «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է համայնքի ներկայացուցիչ Մարալ Ներսիսյանը:

Հորդանանի միակ հայկական դպրոցը փակելու որոշում է կայացվել, համայնքն անհանգիստ է, հայապահպանության խնդիրը հրատապ է:  Հորդանանի հայ համայնքի ակտիվիստ Մարալ Ներսիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ահազանգում է.

«Առանց հայկական դպրոցի մեր ինքնությունը վտանգված պետք է լինի այս  օտարության մեջը»:

Հորդանանի հայ համայնքն իր գոյությունը վտանգող ամենադժվար պահն է ապրում և ապագան մշուշոտ է՝ ասում է: Յուզբաշյան- Գյուլբենկյան ազգային վարժարանը գործում է  56 տարի, սակայն սիրիահայերի գաղթը հարված հասցրեց վարժարանին։ Աստիճանաբար նվազեց հայերի թիվը, երբ արաբները նաև սկսեցին հայկական դպրոց հաճախել:

«Ավելավցան արաբների թիվն ավելացավ ու լեզուն փոխվեց դպրոցի հիմնական լեզուն չմնաց հայերենը»:

Դպրոցն ունի ֆինանսական խնդիրներ, Գյուբենկյան հիմնադրամը երկու տարի առաջ կասեցրել է  Հորդանանի հայկական դպրոցի ֆինանսավորումը։ Զրուցակցիս խոսքով,  որոշել է օգնել Հայաստանին: Ֆինանսավորում էին նաև  Հայ բարեգործական ընդհանուր միությունն ու Ամմանի Հայ օգնության միությունը։

Այս պահին դպրոցում հայ աշակերտների  թիվը զգալի նվազել է, անգամ  չի հասնում 30-ի, ուսման վճարը թեև տարբեր դասարաններում տարբեր է, սակայն միջին հաշվով բարձր դասարանների համար կազմում է  մոտավորապես 700 դինար (1000 դոլար) և վճարը հաճախ հորդանանահայ բարերարներն էին տալիս՝ տեղեկացնում է «Ռադիոլուրի»  զրուցակիցը:

Փակման որոշումը կայացվել է առանց հայ համայնքի կարծիքը հաշվի առնելու, առանց խորհրդակցելու նրանց հետ՝ ընդգծում է  Մարալը Ներսիսյանը: Եթե Հայ համայնքի  ղեկավարը խնդրով դիմեր համայնքին գուցե հարցը լուծվեր.

« Այնպես ինչպես եկեղեցու հարցերով են դիմում ու համայնքը օգնում է, այնպես էլ կարող էին ժողով գումարել ու հարցը ներկայացնել»:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ամմանի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր հովիվ Ավետիս ծայրագույն վարդապետ Իփրաջյանի հետ՝ խնդրին ծանոթանալու համար։

Խնդրին, սակայն, ծանոթ են Սփյուռքի նախարարությունում: Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Բասենցյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ դեռ պաշտոնական տեղեկություն չկա դպրոցի փակման մասին, հնարավոր է բարերար գտնեն ու թույլ չտան, որ Հորդանանի միակ հայկական դպրոցը փակվի: «Ռադիոլուրը» հետամուտ է խնդրին։

Ցուցադրել ավելի
Back to top button