Հասարակություն

Քառօրյայի մասնակիցների ֆեյսբուքյան բանավեճի հետքերով

Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ 60 մասնակից իր ստորագրությունն է դրել մի հայտարարության տակ, որը դատապարտում է «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի մի շարք գործողություններ:

Ֆեյսբուքում կրքերը բորբոքել է «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետեւյալ գրառումը՝ «Քառօրյա պատերազմի մասնակիցներ, շտապ բոլորդ զանգեք ինձ»: Վրդովմունքը համացանցից դուրս է եկել, դարձել հայտարարություն՝ նշված կազմակերպության ղեկավարի դեմ:

Հայտարարության մոտ 6 տասնյակ հեղինակները պնդում են՝ Մանուել  Մանուկյանն իրենց՝ քառօրյայի օրերին մարտական հերթապահություն իրականացրածների ներկայացուցիչը չէ եւ/կամ իրավունք չունի իրենց անունից հանդես գալ, այն էլ՝ այդ ոճով: Սարդարյան Արեգ ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր. «Ռադիոլուրի» հետ զրույցում դժգոհությունը ձեւակերպում է այսպես:

«Քառօրյա պատերազմին մասնակցությունը որեւէ կերպ չպետք  է դառնա որեւէ քաղաքական, կուսակցական կամ ոչ կուսակցական, մարքետինգային կամ այլ շահերը սպասարկու հանգամանք»:

Մանուել Մանուկյանը, ում ուղղվում են մեղադրանքները, մեզ հետ զրույցում նախ բացատրում է՝ քառօրյայի մասնակիցներին ինքը կոչ էր անում իր հետ կապ հաստատել՝ կազմակերպելու վերջին ցույցերին իրենց համատեղ մասնակցությունը:

Նաեւ շեշտում է՝ «շտապ զանգեք ինձ»-ն ուղղված էր իր համախոհներին, իր թիմակիցներին, իր կազմակերպության անդամներին: Ուստի հայտարարությունը հիմնավոր չէ՝ ասում է:

«Հիմնավոր չէ, ես երբեւէ քառօրյայի բոլոր մասնակիցների անունից հայտարարություն չեմ արել: Եթե ինչ-որ մեկն իմ կազմակերպության անդամ չէ, իմ գաղափարակիցը չէ, իմ թիմակիցը չէ, ո՞նց կարող եմ ես հայտարարություն անել ընդհանուրի անունից»:

Ապրիլյան պատերազմի նշյալ մասնակիցներն իրենց հայտարարությամբ մեղադրում են Մանուել Մանուկյանին այս զգայուն թեման քաղաքականացնելու մեջ: Նաեւ պնդում են՝  ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների անունից խոսողը այդ գործողություններին մասնակից չի եղել:  Արեգ Սարդարյանն այս հարցով մտահոգներից մեկն է:

«Ձեւավորվում է թյուր կարծիք, թե ինքը ներկայացնում, առաջնորդում կամ գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղերքին»:

Մանուել Մանուկյանը հայտարարության այս կետին էլ է հակադարձում: Թեեւ իր զինգրքույկում գրված չէ «քառօրյայի գործողությունների մասնակից»՝ պատճառաբանությամբ, որ իրենք մարտական դիրքեր չեն կորցրել, զոհեր, կորուստներ չեն ունեցել, բայց

«Ես Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել եմ Հադրութի զորամասում, եղել եմ առաջնագծում հենց սկսվելու օրվանից, «ավագ»՝ «դեմբել» ծառայությանս վերջին 5 ամիսը գրեթե ամբողջությամբ անցկացրել եմ դիրքերում: Եղել եմ ավագ սերժանտ»:

Ֆեյսբուքում ծագած ու համացանցից դուրս ծավալված վեճից պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղյակ չէ: Բայց այս ու նման դեպքերի առնչությամբ ունի հստակ դիրքորոշում՝

«Դրա շահարկումն ամեն դեպքում ճիշտ չէ, միանշանակ: Իրական հերոսներն իրենց խնդիրը լուռ լուծել են: Չէի ուզենա այս մարդիկ իրար հետ ընդհանրապես վիճեն, եւ այս թեման՝ ապրիլյան պատերազմի մասնակից-ոչ մասնակից, առհասարակ դառնա քննարկման թեմա»:

Վերանայել իր և իր ՀԿ-ի գործունեությունն ու դրա լուսաբանման ձեւը, քառօրյային առնչվող գաղափարները չշահարկել՝ շեշտում են Մանուել Մանուկյանին ուղղված հայտարարության հեղինակներն ու ամփոփում՝ «լիահույս ենք, որ հորդոր-խնդրանք-կոչը ճիշտ կընդունվի, ու կխուսափենք բարդություններից»: Պատասխանող կողմում էլ են դրան հակված:

Back to top button