Հասարակություն

Կառավարությունը մտադիր է խստացնել ահաբեկչության դեմ պայքարը

Դատախազությունը առաջարկել է, Արդարադատության նախարարությունը՝ իրականացրել:

Փոփոխություններ են նախատեսվում Քրեական օրենսգրքում՝ ահաբեկչության, դրա ֆինանսավորման և ահաբեկչության հրապարակային կոչերը քրեականացնելու համար:

Փետրվարի 9-ից նախագիծը  տեղադրված  է e-draft.am կայքում, որտեղ  ընթացող օնլայն քվեարկությունը  փաստում է. 23 տոկոսը կողմ է առաջարկվող փոփոխություններին, 77 տոկոսը՝ դեմ:

Ասում են՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունն ու ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչություն կատարելու հրապարակային կոչերը քրեականացնելու  անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, բարդ ժամանկներում եւ ունենք ստանձնած միջազգային պարտավորություններ:

Բայց այս հարցն ունի նաեւ ներքաղաքական կողմ: Մեր իրավական դաշտում առկա բացը պատկան մարմինների համար ակնհայտ դարձավ 2016 թվականի հուլիսյան դեպքերի՝ ՊՊԾ գնդի գրավման եւ հաջորդած օրերին՝ ծավալված քարոզչության ժամանակ:

Դա է պատճառը, որ գործողություններին միանգամից հստակ որակում չտրվեց եւ ընդամենը մի քանի անգամ օգտագործվեց «ահաբեկչություն եւ ահաբեկիչներ» ձեւակերպումը, հուշում է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: Նա օրինաչափ եւ անհրաժեշտ է համարում նախագծի մշակումը եւ հիշեցնում հետեւյալ պարզ ճշմարտությունը. «Ազատ խոսքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»: «Ապստամբության իրավունք» կոչվածը այս շրջանակներում չի տեղավորվում:

Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչություն կատարելու հրապարակային կոչերը քրեականացնելը նոր երեույթ է հայաստանյան իրականությունում: Նախագծից անհանգստանալու պատճառներ չի տեսնում փաստաբան Արտաշես Խալաթյանը:

Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն այլ կերպ է գնահատում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննեսյանը: Կարծում է՝ ստեղծվում է նոր մահակ, որն իշխանությունները կօգտագործեն անհրաժեշտության դեպքում:

Իրավաբան մասնագետներն ասում են, որ Իոաննեսյանն, իհարկե, մի քիչ չափազանցնում է, երբ պնդում է, որ օրենքում առկա ձեւակերպումներով նաեւ պատմության դասագրքերի հեղինակները կարող են ենթարկվել պատասխանատվության՝ նկարագրելով ԱՍԱԼԱ-ի կամ ֆիդայական շարժման գործողությունները, որոնք որոշ երկրներում ընկալվում են իբրեւ ահաբեկչություն:

Բայց իրավաբաններն արդեն իրական են համարում, որ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանը կամ Սեյրան Սարոյանն օրինակ՝ թուրքերի կամ ադրբեջանցիների մասին խոսելիս եւ որակումներ տալուց կարող են ռասիզմ քարոզել, ինչն արդեն հակասում է ներկայացված նախագծին: Ամեն դեպքում հորդորում են զգույշ լինել եւ խոսքերում, եւ լուսաբանման ժամանակ:

Back to top button