Հասարակություն

Ուսանողը հնարավորություն կունենա ընտրել իր դասախոսին


«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը և ընտրելու իր դասախոսին:

Նոր օրենքի ընդունումից հետո բակալավրիատում եւ մագիստրատուրայում ավարտական քննություններ չեն լինելու, լինելու է  միայն ավարտական աշխատանքի պաշտպանություն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել առաջարկվող փոփոխությունների մասին:

Շուտով ուսանողն ինքը կընտրի իր դասախոսին, դասաժամերն ու ուսման տևողությունը: Բարձրագույն կրթության մասին օրինագիծն այժմ կառավարությունում է:

Այն հիմնականում ուղղված է ակադեմիական ազատությունների և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինքնավարության ընդլայնմանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Ինչպես են իրենք՝ ուսանողները, վերաբերվում այս փոփոխությանը, կընտրեն գիտելիք տվող, թե հեշտությամբ քննություն նշանակող դասախոսին:

Ըստ Ռոբերտ Սուքիասյանի՝ ավարտական քննություններ չեն լինի, սահմանված են ամփոփիչ ատեստավորումները, որոնք կընտրի յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ելնելով մասնագիտության ծրագրից:

Ավարտական քննություններն,  իհարկե, ձևական բնույթ էին կրում, բայց դրանք ոչ թե պետք է հանվեն, այլ վերանայվեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Ի դեպ՝ բարձրագույն կրթության աստիճանակարգերում ուսումնառության հստակ ժամկետ սահմանված չէ: Օրենքի նախագծում նշվում են միայն նվազագույն շեմերը: Ուսանողն, իր ընտրությամբ, կարող է, օրինակ բակալավրիատում անհրաժեշտ 240 կրեդիտը հավաքել ոչ թե 4, այլ ասենք 8 տարում, ինչից հետո ստանալ ավարտական փաստաթուղթ:

Back to top button