ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները հերթական անգամ կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ քաղաքական կամք ցուցաբերել

Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար-բանագնաց Բեռնար Կազենևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել ցուցաբերել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք: «Ինչպես հայտարարել են մեր նախագահները հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկիի սկզբունքներով՝ այն է՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության իրավունք, ինչպես նաև մեր երկրների կողմից 2009-ին Աքվիլայում և 2010-ին Մուսկոկայում նշված տարրերով:

Հղում անելով 2011-ին Դովիլում մեր նախագահների կողմից արված հայտարարությանը՝ մենք վերստին հորդորում ենք կողմերին՝ վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ համաձայնության հասնելու համար: Մենք ցավում ենք, որ խաղաղ գործընթացի ավելի արագ առաջընթացի սպասումները, որոնք ծագեցին Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ին Սոչիում արված համատեղ հայտարարությունից, չարդարացան»,-ասված է Լավրով-Քլինթոն-Կազենև հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև ընդգծում են, որ փոխզիջումների վրա հիմնված համաձայնությունների որոնման փոխարեն կողմերը ձգտում են բանակցություններում միակողմանի առավելության հասնել:

Ընդունելով, որ վերջին ամիսների ընթացքում շփման գծում և սահմանի վրա լուրջ միջադեպերը նվազել են, այդուհանդերձ նրանք կողմերին հիշեցրել են, որ անհրաժեշտ է պահպանել 1994-ին ընդունված հրադադարը և այն, որ ռազմական ուժի կիրառումը խնդիրը չի լուծելու: «Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրենց բնակչության շրջանում թշնամություն սերմանող գործողություններից ու հայտարարություններից, որոնք վերջին ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն կրկին ապրելու որպես հարևաններ, այլ ոչ՝ թշնամիներ՝ միմյանց մշակույթի, պատմության ու ավանդույթների հանդեպ հարգանքով»,-ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Back to top button