ԿարևորՔաղաքական

Ընդամենն ափսոսանք ու ոչ մի գործնական քայլ…

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ամռան վերջին օրը տեղի ունեցած հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքից հետո մոտվորապես մեկ ամիս է անցել ու ԵՄ պաշտոնյաները փորձում են մոռացության գիրկը գցել կատարվածը:

Եվրամիության եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում չեզոք արտահայտվեց բոլորիս քաջ հայտնի ոճրագործի հերոսացման քայլերի վերաբերյալ:

Նա ընդամենն ասաց, որ հարգում է հայերի զայրույթը, հարցի հայկական ընկալումը նույնպես, և որ կենտրոնանալու է խաղաղության հասնելու անհրաժեշտության վրա:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում տարօրինակ չհամարեց միջազգային հանրության սառը արձագանքը։ «Եկեք խոսենք թե ինչ արեց Հայաստանը դեպքից հետո»,- ասաց նա։

Հասարակությանը որև է բացատրություն չտալու և լություն պահպանելու կեցվածքը, քաղաքագետի դիտարկմամբ, նշանակում է խուսափում պատասխանատվությունից:

«Կատարվածը սադրանք համարեցին ու ասացին, որ պետք չի կտրուկ քայլերի դիմել»,- նկատեց նա։

Հայաստանի անտաբերությունը վաղն ավելի լուրջ քայլերի հիմք կտա Ադրբեջանին, կարծում է քաղաքագետը՝ ավելացնելով, որ եթե մենք չազդենք գործընթացների վրա՝ գործընթացները կազդեն մեր վրա:

Մինչ քաղաքագետը քննադատում է Հայաստանի իշխանությունների պասիվ կեցվածքը, դատապարտող և գործնական քայլեր պահանջող նամակով ԱՄՆ պետքարտուղարին  է դիմում ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Ժողովրդավարական կուսակցության անդամ Հերման Լ. Բերմանը՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, ինչպես նաև դադարեցնել սպառազինությունների վաճառքը այդ երկրին մինչև Ալիևը չվերաբանտարկի մարդասպանին կամ վերադարձնի Հունգարիա՝ իր պատժի մնացած մասը կրելու համար:

Թողնել պատասխան

Back to top button