Քաղաքական

ՏՏ մասնագետ. առաջիկա օրերին Ադրբեջանը կրկին կակտիվանա

lenabadeyan

Կան որոշ օրեր տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը ակտիվանում է «քարոզչական պատերազմ» կոչվածում եւ փորձում կիրառել նորագույն տեխնոլոգիաները: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն առաջիկայում սպասում են նոր ակտիվացումներ՝ կապված Արցախի անկախության տոնի եւ սեպտեմբերին նախատեսված զորավարժությունների հետ: «Վերջին տարիներին իրավիճակը տեղեկատվական անվտանգության ոլորտում լավացել է, բայց անելիքներ դեռ շատ կան»,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը ու մատնանշում նոր խնդիրները, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:

 

Տեղեկատվական պատերազմում ամենաթույլ օղակը սոցիալական ցանցերն են. եթե տեղեկատվական կայքերը քիչ թե շատ փորձում են հասկանալ՝ որքանով հավաստի ինֆորմացիա են հրապարակում, ապա սոցցանցերի օգտատերերի միջոցով տարածվում է այնպիսի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը եւ կարող է վնասել հենց մեզ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը այսպիսի դեպքերի շատ օրինակներ ունի, դժգոհում է, որ պրոֆեսիոնալ համարվող կայքերը նույնիսկ ավելորդ «լինք», լրացուցիչ ընթերցող հավաքելու եւ լուրը առաջինը հրապարակելու մոլուցքից ելնելով հաճախ անտեսում են մասնագիտության սկզբունքներն ու, առանց ճշտելու որեւէ տեղեկություն, հրապարակում են այն:

Արդյունքում՝ պատկերը բոլորովին այլ կարող է լինել: «Թշնամին աշխատում է բոլոր այն ուղղություններով, որոնք իր օգտին են՝ խուճապային տրամադրությունը, Հայաստանում ապատիայի, հուսալքության իրավիճակ ստեղծելը, քարոզչական հնարքներ անել, որ Ադրբեջանում շատ լավ են ապրում, իսկ Հայաստանում՝ շատ վատ: Ադրբեջանցիները կարող են կոտրել ձեր կայքը, տեղադրել նյութ հայերեն գրված, դուք, իհարկե, կհասցնեք այդ նյութը հանել, բայց համապատասխան սքրինշոթերը կարվեն եւ նրանք այդ նյութի հիման վրա կսկսեն այլ նյութերով ողողել դաշտը: Իսկ հայ օգտատերը անտեղյակ լինելով, տեսնելով որ հղում է արվում հայկական կայքին, կհավատա այդ ամենին: Նրանց մոտ մեկ հնարք էլ կա՝ Ադրբեջանը փակել է իր դաշտը՝ սկսած Ֆեյսբուքի կամ «Վ Կոնտակտե»-ի օգտատերերից մինչեւ պետական կայքեր: Արգելված է գրել իրենց ունեցած զոհերի մասին: Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվում, որ իրենք զոհեր չունեն՝ ի տարբերություն հայկական կողմի»,- ասում է Քոչարյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել որեւէ լուր հրապարակելիս, դա վերաբերում է նաեւ սոցցանցերից  օգտվողներին: Ասում է՝ առաջիկայում քարոզչական պատերազմն ակտիվանալու է Արցախի անկախության տոնին եւ նախատեսված զորավարժություններին ընդառաջ: Կայքերի սեփականատերերին մասնագետը խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել, իսկ պետական կայքերի առումով հիշեցնում է, որ դրանք արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանվում են Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Ադրբեջանական քարոզչամեքենային տրվելու ամենավառ օրինակներից մեկը Տիգրան Քոչարյանը համարում է ուսումնավարժանքի ժամանակ հայկական ուղղաթիռի խոցումը, երբ հայկական կայքերն ու օգտատերերը սկսեցին տարածել ադրբեջանցիների պատրաստած տեսանկարահանումը: «Իհարկե՝ հայկական կողմն այդ ամենին պատասխանեց դասագքերին վայել օպերացիայով՝ դուրս հանելով զոհվածների դիերը»,- ասում է Տիգարն Քոչարյանը: Տեղեկատվական անվտանգության մասնագետը, ի դեպ, նոր բացեր է նկատում ոլորտում:

«Խնդիրներ ունենք Թուրքիայի իրադարձությունների հետ՝ մեզանից նույնիսկ ավելի մոտ, քան՝ օրինակ Արցախը: Մեր քթի տակ պրոցեսներ են տեղի ունենում՝ քրդեր, թուրքեր, քրդերի անկախացում, հատուկ դրություն, իրավիճակ, պարզ չի, թե դեպքերը եթե այլ կերպ զարգանան եւ մոտենան Հայաստանի սահմաններին, ինչ է լինելու: Ես չեմ տեսնում մեր լրատվական դաշտում հետաքրքրություն: Իմ կարծիքով՝ պետք է շատ ուշադիր հետեւել տարածաշրջանում ինչ է կատարվում, որովհետեւ յուրաքանչյուր պրոցես, որը տեղի է ունենում մեր հարեւան երկրներից մեկում՝ այսպես, թե այնպես կարող է ազդել ՀՀ-ի եւ Արցախի վրա:

 

Կարդացեք նաև

Back to top button