Միջազգային

Ըստ Լավրովի՝ Ուկրաինայի արեւելքում ռազմաճակատակին իրավիճակ է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնբասում վերջին իրադարձությունները հիշեցնում են ռազմական ակտիվ գործողությունների վերսկսման նախապատրաստություն։ Նա Մոսկվայում այսօր կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի արեւելքում իրավիճակը համեմատել է անցած տարվա օգոստոսի հետ, «երբ ուկրաինական բանակը հարձակման հրաման ստացավ։ Երբ հարձակումը «խեղդվեց», նրանք համաձայնեցին բանակցությունների եւ եղավ «Մինսկ 1-ը», հայտնում է РБК- ն։

Լավրովի խոսքով՝ այժմ ոչ թե պետք է խոսել ԴԺՀ- ի մարտիկների եւ ուկրաինացի զինվորականների միջեւ շփման գծի, այլ ռազմաճակատի մասին։

Անցած շաբաթավերջին ԵԱՀԿ դիտորդները արձանագրել են Դոնբասում իրավիճակի վատթարացում, ինչպես նաեււ ժամանակավոր տեղակայման վայրերից ծանր սպառազինությունների տեղաշարժ։ Օգոստոսի 15- ին ուկրաինական կողմը հայտնել է, որ մարտիկները ցույց են տալիս «վերջին ամիսների ամենախոշոր ակտիվությունը»։ Օգոստոսի 16- ին հակամարտող կողմերը հայտարարեցին փոխադարձ հրետակոծության մասին։

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայում «պայթյունավտանգ» իրավիճակ է։ «Սպառնալիքի մակարդակը բարձր է։ Եթե հակամարտության կողմերը չվերադառնան բանակցային գործընթացին, ցանկացած պահին կարող է սկսվել ռազմական սրման նոր փուլը»։

Back to top button