

Առաջին կիսամյակն ավարտվել է, անցել է նաև վեց ամիս, ինչ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Հայ և ռուս փորձագետները ամփոփում են երկու երկրների միջև վերջին կես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները: Մեղմ ասած, դրանք առայժմ աներևույթ են: Համենայնդեպս, հայկական կողմի փորձագիտական գնահատկանները միայն արտահանողների առջև ծառացած խնդիրներն են մատնանշում: Ռուսաստնացի փորձագետներն էլ, որպես այսպես ասենք, արդարացում առանձնացնում են ՝ և Ռուսաստանի տնտեսության ոչ լավ ժամանակները, և Հայաստանի՝ ԵՏՄ-ի ինտեգրման շատ կարճ ժամանակահատվածը:
2015թ հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը: Առաջին կիսամյակն ավարտվել է, սակայն, արդյունքներ ամփոփելիս հայ փորձագետները շարունակում են թվարկել բոլոր այն խնդիրները, որոնց առջև կանգնել և այսօր էլ կանգնում են դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները: Վերջիններիս խնդիրները սկսվում են ռուս-վրացական սահմանից: Հայկական մեքենաները՝ բեռնված հիմնակնում գյուղմթերքով, լավագույն դեպքում մեկ շաբաթ, վատագույն դեպքում՝ ավելի երկար ժամականով շարունակում են մնալ Վերին Լարսի անցակետում: Հուլիսյան այս շրջանը ամենաեռունն է հայկական միրգն ու բանջարեղենը ռուսական շուկա արտահանելու համար:
Լարսի անցակետում երկու ամիս առաջ հայ արտահանողներին խոստացված Կանաչ գիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: Իսկ խոստման համաձայն, այն հայ արտահանողներին հնարավորություն էր տալու առանց խնդիրների ապրանք արտահանել Ռուսաստան:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է ծիրանով բեռնված 6-7 օր կանգնել անցակետում: Տնտեսագետը ունի նաև իր բարձրացրած հարցի պատասխանը՝ խնդիրները կանխատեսելի էին, դրանց հիմնական պատճառը՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալն է: Ամեն ինչ այլ կլիներ, եթե երկու երկրները ունենային միասնական սահման: Հայ փորձագետը ընդգծում է՝ տնտեսական առումով հայերի համար տարբերություն չկա, ԵՏՄ անդամ են, թե՞ ոչ.
«Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական կառույց է: Եվ բնական են բոլոր այն խնդիրները, որոնց առջև կանգնում են հայ արտահանողները: Մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ: Այսօր էլ՝ Հայաստանից նույն ապրանքներն են արտահանվում, ինչ արտահանվել են տարիներ շարունակ՝ կոնյակ, գյուղմթերք: Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
«Որևէ օգուտ ԵՏՄ Հայաստանին չտվեց, եթե չհաշվենք Ռուսական գազպորմի հետ ունեցած հարաբերությունները: Սակայն, դա պայմանավորված է ոչ թե ԵՏՄ-ի հետ, այլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններով»: Խաչատրյանը հորդորում է իրականությունը ներկայացնել:
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ անցած ամիսների ընթացքում երկու- երեք անգամ դիտարկում է անցկացնել: Նրա արձանագրած խնդիրների առաջին շարքում կրկին Լարսի անցակետում հայկական մրգով ու ոչ միայն բեռնված ու օրերով կանգնած մեքենաներն են:
«Միթե Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության անդամ չէ, ինչու՞ պետք է ուղևորափոխադրոողները խնդիրների առջև կանգնեն անցակետերում»:
Մխչյանը ընդգծում է՝ արտահանողների մեծ մասն անտեղյակ է, թե ինչպես պետք է լրացնի փաստաթղթերը:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը վերլուծել ու արձանագրել է՝ Գործնականում Եվրասիական Տնտեսական Միության մասին խոսելիս հասկանում ենք, որ որպես գործընկեր երկիր, կրկին միայն Ռուսաստանն է մնացել, մյուս երկրների հետ ապրանքաշրջանառության տեղաշարժ չկա: Ավելին, նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու անկման պատճառով, հայ գործարարները խնդիրների պակաս չունեն: Մակարյանը հերթական անգամ բարձրաձայնում է՝ Հայ արտահանողները չգիտեն, թե որտեղ պետք է իրացնեն ռուսական ռուբլու մեծ քանակությունը, որը կուտակվում է իրենց մոտ, քանի որ Ռուսաստանում վճարումները միայն ռուբլիով են կատարվում: Տնտեսվարողները ստիպված իերնց հետ Հայաստան են բերում բոլոր այն անհրաժեշտ պարագաները, որոնք արտադրվում են Հայաստանում, օրինակ շշեր: Այստեղ տոժում է հայկական բիզնեսը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը արտահանման հետ կապված ևս մեկ խնդիր է մատնանշում:
«Հայաստանից Ռուսաստան որևէ ապրանք արտահանելիս, արտահանողները, եթե նախկինում ԱԱՀ վճարելիս նույն պահին էին ստանում գումարի վերադարձը հավաստող փաստաթղթերը, այժմ, վերադարձի համար ստիպված են սպասել երկար սպասել: Այս առումով հետընթաց է գրանցվել»:
Մակարյանը նաև ընդգծում է՝ հայկական տեքստիլն էլ ռուսական շուկայում չի կարող հաջողություն ունենալ, քանի որ ռուսական շուկան հեղեղված է չինական ու թուրքական ավելի ցածր գին ունեցող արտադրանքով:
Ռուս փորձագետները կիսում են հայ գործընկերների մտահոգությունները, բարձրացված խնդիրների լուծման համար առաջարկում են համատեղ քննարկել՝ սակայն, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար՝ փնտրել ու գտնել առանձին լուծումներ: Ընդամենը վեց ամիս է, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է, նրանք էլ ընդգծում՝ Հայաստանը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, Ինտերգման փուլը դեռ չի ավարտվել, խնդիրները լուծելու համար միասնական ռազմավարության մշակման անհրաժեշտություն է նկատվում: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների նվազում Ռուսաստանի տնտեսության իրավիճակով են պայմանավորում: Հայաստանի հետ հետագա համագործակցություն տեսնուևմ են բոլոր ոլորտներում, սակայն, ընդգծում են ՏՏ-ում ունեցած ներուժը, կարևորում՝ զբոսաշրջության զարգացումը՝ առանձնացնելով հայկական խոհանոցի համն ու հոտը:




