

Երևանում այսուհետ կգործի կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լոգիստիկ կենտրոնը: Երևանի Շենգավիթ համայնքում կառուցված «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» համալիրի պաշոնական բացմանը մասնակցել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նորաբաց լոգիստիկ կենտրոնի տնօրեն Վահե Պետրոսյանի վստահեցմամբ նախագծի մեկնարկը Հայաստանի տնտեսության համար խոշոր իրադարձություն է, որը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու միջազգային ինտեգրմանը: Սա լուրջ աջակցություն է մասնավորապես հայրենական արտադրողներին՝ ծախսերը կրճատելու և սեփական միջոցները պահեստային գործառնություններից դեպի արտադրական և առևտրային ենթակառուցվածքներ ուղղելու համար:
«Ուրբան լոգիստիկ սերվիսիս» պահեստային համալիրը բաղկացած է 45 հազար պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: Ընկերությունն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների մատուցելով մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակները, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:
Ըստ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ մեզանում ձևավորվում է միանգամայն այլ մշակույթ: Ապրանքները Հայաստանից այսուհետ կարտահանվեն այլ կարգավիճակով: «Ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք ունենալը չափազանց կարևորվում է տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը ապահովելու համար»,-ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով նորաբաց ընկերությանը, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ժամանակակից պահեստային ծառայություններ մատուցող բարձրակարգ լոգիստիկ կենտրոնն իր դռներն է բացում տեղական և օտարեկրյա շուրջ 500 կազմակերպությունների առաջ: Ինչպես արդեն նշվեց, կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների որակն արդեն իսկ գնահատել են 100-ից ավելի հայրենական և միջազգային ընկերություններ:
«Կասկած չի հարուցում, որ համալիրը կարճ ժամանակահատվածում կհասնի նախատեսված հզորությունների լիարժեք գործարկմանը՝ արդեն իսկ ստեղծված 70 աշխատատեղին ավելացնելով ևս 230-ը»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:




