

Բաղրամյան պողոտայում արդեն չորս օր ընթացող նստացույցի վերաբերյալ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշում է՝ իրավիճակը լուրջ է, քանի որ հանրությունն արդեն գիտակցում է, որ էլեկտրացանցերում կատարվող իրադարձությունները համակարգային են: Գազ, կենսաթոշակ, նաիրիտցիների չվճարված աշխատավարձեր. ըստ Մանվել Սարգսյանի՝ համապետական նշանակության բոլոր կառույցների հետ ունենում ենք խնդիրներ, որոնք բերում են սնանկացման:
«Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն քաղաքական և իրավական մինիմալ երաշխիքներ, որ նման խոշոր հիմնարկները գործեն անվտանգ: Փաստորեն, այդ հիմնարկները համատարած ֆինանսական առումով հոշոտվում են»,- ասում է: Ըստ նրա՝ իշխանությունը չի կարող վերացնել իրենց կողմից ստեղծված կեղծ իրավաքաղաքական համակարգը:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ նշում է, որ խաղաղ ակցիայի մասնակիցները որպես իրավատերեր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները՝ փակելով Բաղրամյան պողոտան և հանրության անունից իշխանությանը ներկայացնելով իրենց պահանջը՝ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Եվ այս պարագայում ոչ մի պետական պաշտոնյա դուրս չեկավ և քաղաքացիներին չներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ թաքնվելով ոստիկանության ետևում, ասում է նա.
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն էլ, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, նշեց, որ կան հիմնարկների տապալման սուբյեկտիվ պատճառներ: Տարիներ ի վեր նշվել է, որ իրավիճակը տանում է տապալման: Ըստ նրա՝ հայտնի տնտեսագետ Աղանբեկյանը կառավարության հրավերով մի քանի անգամ եղել էՀայաստանում, ուսումնասիրել է էներգահամակարգն ու ասել, որ անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ, որոնք չանելու դեպքում կոլափս կլինի:
Քաղաքական համակարգերում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում անցկացվում են նոր ընտրություններ, ասում է Ստեփան Դանիելյանն ու նշում, եթե դա չի արվում, ապա խորանում է ճգնաժամը։




