

Հայաստանում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդե դե Բյոր-Բուքիքիոն՝ գնահատելու Հայաստանում երեխաների վաճառքի, մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի իրավիճակը: Յոթօրյա առաքելության ընթացքում մարդու իրավուքների փորձագետը հանդիպել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ, այցելել Երևանում, Վանաձորում և Գյումրիում գտնվող երեխաների խնամքի կենտրոններ ու ապաստարաններ: Այցելությունների վերաբերյալ նախնական պատկերը ՄԱԿ-ի զեկուցողը ներկայացրել է այսօր, սակայն իր ամբողջական զեկույցը կներկայացնի 2016 թվականի մարտին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդին։
Երեխաների վաճառքի, մարմնավաճառության, պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդե դե Բյոր-Բուքիքիոն արդեն 7 օր է Հայաստանում է: Նպատակն է ուսումնասիրել մեր երկրում երեխաներին առնչվող խնդիրները: Մարդու իրավունքների փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանում դրանք շատ են, սակայն առանձնացրեց մի քանիսը, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն:
Օրինակ` անչափահասների ամուսնությունը, որը հատուկ է հատկապես եզդի համայնքին: Թեև օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստաանում եզդիների օրինական ամուսնության տարիքը բարձրացվեց մինչև 18 տարեկան, սակայն լինում են և բացառություններ:
«Ես կոչ եմ անում հայաստանյան իշխանություններին իրազեկության արշավներ կազմակերպել եզդի համայնքի շրջանակներում՝ ակտիվորեն ներգրավելով համայնքի առաջնորդներին՝ կանխելու անչափահասների ամուսնությունը։ Ավելին՝ աղջիկների և տղաների համար կրթության մատչելիությունն ու կյանքի հմտությունները դարձնել հավասար»:
Հաջորդ խնդիրը, որը նույնպես հայտնվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրության կենտրոնում, որդեգրության գործըթացն է, ինչն էլ , ըստ Մոդ դե Բյոր- Բուքիքիոնի, կարող է հանգեցնել երեխաների վաճառքի: Երեխաների սեռականության շահագործումը նույնպես մտահոգիչ է, որն էլ իրականացվում է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ասում է միջազգային փորձագետը:
Երևանում և մարզերում երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ կատարած այցի շրջանականերում մարդու իրավուքների փորձագետը նկատել է, որ այդ կացարաններում երեխաների թվի աճը պայմանավորված է երկրի սոցիալ- տնտեսական իրավիճակով: Վերջին տարիներին Հայաստանի սոցիալ- տնտեսական վատթար պայմանները հանգեցրել են աղքատության մեծացմանը, աշխատանքային միգրացիայի աճին և ընտանեկան շաղախի թուլացմանը, ասում է Մոդե դե Բյոր-Բուքիքիոն։«Ես իմ այցելությունների ընթացքում հանդիպել եմ գիշերօթիկ հաստատությունների երեխաների, որոնք այդտեղ են հայտնվել ոչ թե որբացման, այլ՝ ծնողների սոցիալական վատթար պայմանների պատճառով: Այսօրինակ երեխաները կազմում են մոտ 90 տոկոս»:
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում խնդիր են նաև ծնողների դրդմամբ իրենց ընտանիքի ապրուստն ապահովելու նպատակով մուրացկանությամբ և մարմնավաճառությամբ զբաղվող երեխաները: Սա ևս առաջնային խնդիր է՝ չնայած որ 2005- 2008 թվականների համեմատ այսօր այդօրինակ երեխաների թիվը նվազել է: «Ֆինանսական նպաստներից զատ կառավարությունը պետք է ստեղծի նաև ընտանիքին սատարող ծառայություններ՝ ապահովելով որակյալ կրթության մատչելիությունն ու կյանքի հմտությունները»:
Նշենք, որ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն իր ամբողջական զեկույցը կներկայացնի մարտի 16-ին:




