
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Ֆրանսիայում է, այսօր այցելել է Դրոմի շրջան եւ Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ։
Քննարկվել է Դրոմի ու Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի եւ Արցախի, Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ։ Արցախի նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր։
Նախագահ Սահակյանը կարեւորել է Դրոմի շրջանի եւ նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:




