Հասարակություն

Ցեղասպանության միջոցառման փոքրիկ դուդուկահարի ուսուցիչը պարգեւատրվել է

satikisahakyan

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով  այսօր Արմավիրի մարզում էր: Նախարարը ծանոթացել է Այգեշատի սուրբ Թարգմանչաց եկեղեցու ավերակների վերականգնման աշխատանքներին, եղել է  «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց- թանգարանում, հանդիպել Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում տեղադրված տառերի հեղինակ, խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանի հետ:
Մշակույթի նախարարը պատվոգրեր է հանձնել արվեստի բնագավառի մի շարք  գործիչների, այդ թվում նաև ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդում դուդուկով իր կատարմամբ աշխարհին հայտնի դարձած փոքրիկ Թաթուլ Համբարձումյանի դուդուկի ուսուցչին։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Արմավիրի մարզում ուշադրությունը սևեռել էր պատմամշակութային հնագույն կոթողների վրա՝ կարևորելով հայոց աշխարհի հնագիտական արժեքների դերն ու նշանակությունը  համաշխարհային մշակույթի պատմության մեջ:  Այգեշատի 7-րդ դարի սուրբ Թարգմանչաց եկեղեցին իր կառույցով  Հռիփսիմեատիպ եկեղեցի է, որն այժմ ավերված է և փլատակների մի մասն է պահպանվել:  2012 թվականին պետական հովանավորությամբ սկսվել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Տարածքում նկատելի են հուշարձանի փլատակված քարերի բեկորները, որոնք մասնագետները համարակալել են և սկսել վերականգնել:

Շինարար Ալբերտ Անանյանը տեղեկացրեց, որ վանքի վերականգնման նպատակով օգտագործել են  Բաղրամյանի տարածքից բերված սև քարերը, որոնք համահունչ են եկեղեցու քարերի գույնին: Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը նախարարին ներկայացրեց համայնքի սրտացավ վերաբերմունքը  Թարգմանչաց եկեղեցու պահպանման գործում և առաջարկեց այն վերականգնել իրենց համայնքի մոտ գտնվող քարհանքի քարերից, քանի որ այն դարեր առաջ  կառուցվել է տեղի քարերով:

Աշխատանքների իրականացման նպատակով այս տարի պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ: Մշակույթի նախարարն ասաց, որ 2016-ին  կաշխատեն կրկնապատկել Այգեշատի Թարգմանչաց եկեղեցու  համար հատկացվող ֆինանսական  միջոցները: Վերականգնման աշխատանքները պայմանավորված են Գրատպության 500-ամյակով, պատմամշակութային վայրը տնտեսապես կարող է օգուտ բերել համայնքին՝ զբոսաշրջութայն տեսակետից:

Մեծամոր պատմամշակութային արգելոց-թանգարանը կառուցվել է 1970 թվականին,  մթա 4-2-րդ հազարամյակներին թվագրված դամբարանադաշտի մոտ, որտեղ պահպանվում են հնագիտական պեղումներից անագե, բրոնզե և ոսկե ձուլվածքներից գտածոներ: Պեղումները սկսվել են 1965թվականից: Այս տարի լրանում է  պեղումների 50 և թանգարանի հիմնադրման 45- ամյակը: Պատմամշակութային արգելոց թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ դամբարանադաշտը զբաղեցնում է  շուրջ 200 հա տարածք, սակայն մի մասը հիմա սեփականաշնորհված հողեր են:

Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ թանգարանում ցուցադրված նմուշներին, թանգարանի  խնդիրներին, որոնց լուծման դեպում Մեծամոր թանգարանը նույնպես կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը:  Թանգարան բերող ճանապարհներն անբարեկարգ էին, նախարարը տեղեկացրեց, որ սկզբում ուշադրություն կդարձնեն թանգարանային պայմանների բարելավմանը, որից հետո կանդրադառնան ճանապարհներին:

Արշալույս գյուղում հայտնի խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանի արհեստանոցում կյանք էին ստանում նոր խաչքարերը, որոնք հիմնականում կանգնեցվում են ցեղասպանության անշիրիմ զոհերի հիշատակին: Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում կանգնեցված տառերը Ռուբեն Նալբանդյանի ձեռքի գործն է: Նրա աշխատանքները սփռված են աշխարհի հայաշատ բնակավայրերում: Այժմ վարպետը ցանկանում է բացել դպրոց, որտեղ նոր սերունդը կսովորի հայկական զարդանախշեր քանդակել ու պահպանել հայի ինքնությունը, կըմբռնի խաչքարի խորհուրդը:

Հասմիկ Պողոսյանը Ռուբեն Նալբանդյանին հանձնեց  Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, իսկ Արմավիրի մարզի մի շարք մշակութի գործիչների պարգևատրեց պատվոգրերով:

Նախարարը  այցելեց նաև Արմավիրի արվեստի քոլեջ, ծանոթացավ արմավիրցի երեխաների աշխատանքներին, Արմավիրի մշակույթի տանը  մասնակցեց «Երգող Արմավիր»  մրցույթ փառատոնին:

Կարդացեք նաև

Back to top button