Տնտեսական

ԿԲ նախկին նախագահ. Առնվազն 3 տարի ՀՆԱ աճի հույսը հույս էլ կմնա, այժմ սարսափելի թվեր են գրանցվում

lianaeghiazaryan

Կառավարության` տնտեսական աճ ունենալու լավատեսությունն ու հույսերն արդեն հօդս են ցնդել: Դրա մասին փաստում է անգամ պաշտոնական վիճակագրությունը.  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: ԿԲ նախկին նախագահի փոխանցմամբ` կառավարության ակնկալած 4 տոկոս տնտեսական աճի փոխարեն 10-12 տոկոս տնտեսական անկում ենք ունենալու, գնաճը անցնելու է սպասված սահմանները ու առաջիկա 3 տարիներին գոնե թվերով տնտեսական աճ ներկայացնել էլ չենք կարողանա:

Հայաստանի տնտեսական զարգացման սցենարներն օրեցօր առավել մռայլ երանգ են ստանում: Այսօր հերթական հոռետեսական կանխատեսումներով է հանդես եկել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: 2015 թվականին կարձանագրվի 10-12 տոկոս տնտեսական անկում, գնաճը կկազմի 8-10 տոկոս, իսկ ներմուծումը կկրճատվի 25%-ով. կանխատեսում է Ասատրյանը:

Որպես համեմատություն` նշեմ` հայրենի իշխանությունները 2015 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսում են 2014 թվականի ցուցանիշից ավելի բարձր` 4.1 տոկոսի չափով, նաեւ ակնկալում, որ գնաճը կտեղավորվի 4-4.5 տոկոս միջակայքում:

Ներկայացված երկու կանխատեսումները, փաստացի, ծայրահեղորեն տարբեր են միմյանցից: Թե դրանցից որն է առավել իրատեսական, կարծիքները եւս իրարամերժ են: Բայց ընդամենը 2 օր առաջ հենց տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հոռետեսական կանխատեսումները հաստատելու եկան Հայաստանի ամենակարեւոր ու ամենալավատես գործընկերները` Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:

ԱՄՀ-ն պնդում է` գնաճը Հայաստանում արդեն դուրս է եկել կանխատեսված ցանկալի միջակայքից: Իսկ Հայաստանի տնտեսության մեջ առաջ եկած խնդիրներն այսօր այնքան են խորացել ու արմատացել, որ ԱՄՀ-ն վերանայում է Հայաստանի համար տնտեսական աճի իր կանխատեսումները` 3-3.5 տոկոս` նախկին 4-4.5 տոկոսի փոխարեն: Սցենարը շարունակում է առավել վատատեսական դառնալ նաեւ Ռուսաստանի մասով:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն իր ոչ լավատեսական կանխատեսումները երկար է թվարկում ու հիմնավորում: «Վերջին տարիներին, իսկապես, հնարավոր չէ հիշել այսպիսի մռայլ պատկեր: Կարծում եմ՝ դեռ վաղաժամ է ասել, թե մոտ ապագայում ակնկալում ենք վերականգնում, ուստի ներկայիս իրավիճակը որոշակիորեն կերկարաձգվի: Հաջորդ 2-4 տարիներին տնտեսական աճի դանդաղ վերականգնում ենք կանխատեսում»,- ասում է ԱՄՀ ներկայացուցիչը:

Վերադառնալով հայրենի գործադրի լավատեսությանը` նկատենք` տնտեսական աճի կանխատեսումների հիմքում կառավարության հույսն այն է, որ աճին կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերը: Աճի կանխատեսումը հիմնված է նաև ներդրումների ներգրավման ենթադրությունների վրա: Այնինչ՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը պնդում է` կառավարության հույսը հույս էլ կմնա, քանի որ իրական տնտեսական ցուցանիշերն արդեն հեռու են նրանց ակնկալածից:

Այն, ինչ սպասում էր իշխանությունը, տրանսֆերներ եւ ներդրումներ, աճի փոխարեն կրճատվում են, անգամ պաշտոնական վիճակագրությունն է դա փաստում: Բագրատ Ասատրյանը սրան էլ գումարում է կառավարության գործելաոճը ու հայտարարում` այս տարի անկում կգրանցվի նաև արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտներում:

Ասատրյանը կարծում է, որ քաղաքական թոհուբոհի մեջ բոլորը մոռացել են, որ մենք տնտեսություն էլ ունենք: Անցյալ տարին, ասում է, փակեցինք մի կերպ, ձգելով, տնտեսական ինչ-որ աճ ներկայացնելով, որն իրականում աճ էլ չէր: Այս տարի դա էլ չենք ունենա, ասում է, պետք է սպասել 10-12 տոկոս տնտեսական անկման: Սա առնվազն երկիրը դատարկելու քաղաքականություն է, հայտարարում է Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն նաեւ այն համոզմանն է, որ այս ընթացքում իրականություն չդարձան ԵՏՄ-ից Հայաստանի եւ հայ գործարարների սպասելիքները: Հակառակը` 2014 թ-ին գրանցվեց տնտեսության հիմնական գործոնների անկում: Ռուսաստանն այն վիճակում չէ, որ կարողանա շղթայական աճ ապահովել` դրանում ներառելով նաեւ Հայաստանը: Ուստի, տնտեսագետի կանխատեսումներով, Հայաստանում տիրող ներկայիս տնտեսական ճգնաժամը տևելու է առնվազն եւս 3 տարի:

Back to top button