
Հիվանդության պատճառով ապրիլի 6-ին 66 տարեկան հասակում կյանքից հեռացել է գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՀ Արարատի նախկին մարզպետ Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 9-ին, ժամը 14.00-ին, նույն վայրից: Ստորեւ ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1949թ. Արարատ գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1968-1969թթ. եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի վարիչ: 1975-1981թթ. կոմերիտական աշխատանք է վարել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1981-1987թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ: 1987-1991թթ. աշխատել է «Արարատարդշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, տրեստի կառավարչի տեղակալ: 1991-1993թթ. եղել է Արարատի շրջխորհրդի նախագահ: 1993-1995թթ. աշխատել է ՀՀ պարենի և մթերումների նախարար: 1996-1998թթ. եղել է Արարատի մարզպետ: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարար: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ Էներգետիկայի նախարար: 2000-2002թթ. աշխատել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 2002-2003թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:





