Հասարակություն

ԿԳՆ- ն ու ՏՏ խոշորագույն ընկերությունները սկսում են կրթական լրջագույն ծրագիր

lilitmuradyan

Պետությունն ու ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններն սկսում է ռազմավարական համագործակցությունը՝ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը Հայաստանում նոր մակարդակի հասցնելու նպատակով։ Առաջին քայլն արվեց այսօր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ- ը, «Սինոփսիս Արմենիա»- ն և «Յունիքոմփ»  ընկերություններն ստորագրեցին քառակողմ հուշագիր։

«Այսօր համաշխարհային կրթական տիրույթում վերջին զարգացումները տանում են նրան, որ տեխնոլոգիական  կրթությունը ոչ միայն տեղեկատվական միջոցներից օգտվելու, այլ մտածելակերպ ձևավորելու խնդիր է դնում: Եվ այս տեսակետից շատ հավակնոտ է դառնում եռամյա այս կրթական ծրագիրը. այն իր մեջ ներառում է ուսուսմնական նոր բովանդակություն և արդեն մշակված ծրագիր»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ մինչեւ սեպտեմբերի 1- ը ուսուցիչները կվերապատրաստվեն, նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն։  Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից:

Կրթական ծրագիրը կիրականացվի  5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման նպատակով կներդնի մոտ 70 մլն դրամ։ Ընկերությունը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը: Բացի այդ՝  ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»  առարկաների լաբորատորիաների ստեղծումը:

«Նախագիծը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի երիտասարդ սերնդի ապագայի մեջ՝ տալով նրանց անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի անցնելու համար»,- հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիս Արմենիա»  ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա»  առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը: «Ծրագիրն ուղղված է ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնելու միկրոէլեկտրոնիկային, ծրագրավորմանը, ցանցային անվտանգությանն ու հեռահաղորդակցությանը: Նման ծրագրի շնորիվ դպրոցը կավարտեն մասնագիտորեն կողմնորոշված շրջանավարտներ,  իսկ բուհերում կներգրավվեն ավելի հասուն և գրագետ ուսանողներ: Այս տարի պաշտոնապես կմեկնարկի պիլոտային ծրագիրը: Ծրագրի հաջողության դեպքում, ինչն իմ խորին համոզմամբ երաշխավորված է, ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով ավելի շատ դպրոցներ Երևանից եւ մարզերից, որով Հայաստանը կներկայանա աշխարհին որպես ՏՀՏ ոլորտում հիմնարար կրթական համակարգի ստեղծման առաջատարներից մեկը»,- ընդգծեց «Սինոփոիս Արմենիա»- ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Իսկ ահա «Յունիքոմփը» կգործակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաների» առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կանցկացնի ուսուցիչների վերապատրաստում: Այս ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն էլ արձանագրեց, որ «այսօր կրթության բարձր որակի ապահովումը երկրի զարգացման կարևորագույն ուղենիշ է, իսկ ՏՀՏ զարգացածության մակարդակը բնորոշում է երկրի տնտեսության և պաշտպանվածության ներուժը: Վստահաբար կարող ենք ասել, որ կրթության և ՏՀՏ բաղադրիչների համադրումը ունի խիստ կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի համար»։

Կարդացեք նաև

Back to top button